«Ուշքի՛ եկեք… Նիկոլին հավատացողներին խելք եմ մաղթում, Դավիթ Համբարձումյանը ժողովրդական մարդ է. տեսնում են ժողովրդի մոտ հարգված մարդ է՝ բռնում են». Հարցում

Այսօր Մասիս համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ նոր համայնքապետ ընտրելու համար։ Համայնքապետի միակ թեկնածուն «Դավիթ Համբարձումյան» դաշինիքի կողմից առաջադրված թեկնածու Նորայր Հակոբյանն էր, նա համայնքապետ ընտրվեց ավագանու առավելագույն՝ 15 կողմ ձայնով։

Նորայր Հակոբյանը Մասիսի արդեն նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի տեղակալն է եղել մինչև հոկտեմբերի 28-ը, երբ իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանից կալանավորեցին Դավիթ Համբարձումյանին։ Օրեր անց արդեն բանտից նա հայտարարեց, որ վայր է դնում իր մանդատը, որից հետո էլ արդեն Մասիս խոշորացված համայնքում ավագանին որոշեց նոր համայնքապետ ընտրել։

168.am այսօր ոչ միայն ներկա է եղել ավագանու արտահերթ նիստին, այլև Մասիս համայնքում զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու համար, թե նրանք ի՞նչ կարծիք ունեն Դավիթ Համբարձումյանի մասին և առհասարակ՝ արդյո՞ք մասիսցիների համար պարզ է, թե ինչո՞ւ իրենց համայնքապետը հայտնվեց բանտում։

Կարդացեք նաև

Հարցման մասնակից քաղաքացիների մի մասը հստակ նշում էր՝ Դավիթ Համբարձումյանը բանտում է հայտնվել իր քաղաքական հայացքների համար, մի մասն էլ՝ խուսափում էր կոնկրետ գնահատական տալ՝ ասելով միայն, որ Դավիթ Համբաձումյանը լավ համայնքապետ է եղել, նրա օրոք Մասիս քաղաքն ուղղակի ծաղկել է։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից մեկը, ով շտապում էր համայնքապետարան աջակցություն ստանալու, մեր հարցին շատ կտրուկ պատասխանեց

«Մարդկանց մի՛ կալանավորեք, ով էշ է՝ նրան կալանավորեք, հերի՛ք է»։

Քաղաքացիներից մեկն էլ հստակ շեշտեց՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

«Այդ մարդը առանց որևէ շահի, առանց մտածելու՝ իր վերաբերմունքն է ցույց տվել, լավություն է արել արցախցիներին, նախ՝ որպես հայ մարդ, հետո նոր՝ քաղաքապետ։ Մենք ցանկանում ենք, որ ինքը շուտ վերադառնա մեզ մոտ, նրա նման ղեկավարի, հայի, բարի մարդու դեռ չեմ հանդիպել։ Իր արածն է, որ այսօր ժողովուրդն աշխատանք ունի, աշխատատեղեր կան։

Մեր բոլոր քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն եմ մաղթում, Դավիթ Համբարձումյանը պիտի գա ու կգա, մենք այդ օրվան սպասում ենք, դրա համար ամեն ինչ կանենք։

Այս ամենը ժամանակավոր է, իսկ այն մարդիկ, ովքեր մինչև հիմա հավատում են ու սատարում են Նիկոլ Փաշինյանին, իրենց ուղղակի խելք եմ մաղթում։ Ուշքի՛ եկեք, որքան հնարավոր է՝ շուտ, չեմ ցանկանա ոչ մեկիդ, որպեսզի ձեր հողին օտար դառնաք»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Բնակիչներից մեկը ևս նշեց՝ Դավիթ Համբարձումյանի բանտարկությունը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Կարծում եմ՝ բողոքի, անհնազանդության ակցիաներ պետք է անենք»,- նշեց քաղաքացին։

Մյուս քաղաքացին էլ հավելեց, որ ամեն ինչից զատ՝ Դավիթ Համբարձումյանը շատ լավ համայնքապետ է եղել։

«Ժողովրդի մեծամասնությունը Դավիթ Համբարձումյանից գոհ է։ Մեկ անգամ առիթ է եղել, դիմել եմ շատ անհրաժեշտ հարցով, օգնել է, բոլորին էլ օգնել է, ոչ մեկը հակառակը չի կարող ասել»,- նշեց նա։

Մեր տարեց զրուցակիցներից մեկն էլ ասաց, որ երբևէ որևէ հարցով Դավիթ Համբարձումյանին չի դիմել, սակայն տեղյակ է՝ նա մեծ հարգանք է վայելում, հարգանքով է վերաբերվում բոլոր քաղաքացիներին։

«Նա բոլորին օգնում էր, ես տեսել եմ, լսել, իր մասին միայն լավն եմ լսել, վատը չեմ լսել։ Բա իր ծնողն ինչքան լավն է»,- նշեց կինը։

Ճանապարհին շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներից մեկն էլ՝ լսելով մեր հարցը, ասաց.

«Ոչ մի լավ բան չկա, լավ բան չկա»։

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ Դավիթ Համբարձումյանի հետ տեղի ունեցողի պատճառը բոլորին էլ պարզ է։

«Երբ տեսում են, որ մարդը մի քիչ ժողովրդական է, ժողովրդի մոտ հարգված է, բռնում-տանում են, և միայն Դավիթ Համբարձումյանը չէ՝ Սամվել Կարապետյանը, Տավուշի թեմի առաջնորդը։ Դե, հասկանալի է, Թուրքիայում ինչո՞ւ են ընդդիմությանը բռնում, դե հիմա իրար հետ ընկերություն են անում, նույնն բանն այստեղ են անում։ Չգիտեմ՝ ինքն ինչ է արել, բայց Դավիթը ժողովրդական մարդ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Մասիսի բնակչուհիներից մեկն էլ ասաց, թե քաղաքականությունից չի խոսում, քանի որ քաղաքագետ չէ, կխոսի միայն Դավիթ Համբարձումյանի մասին։

«Ես մեծ գոհունակություն ունեմ հայտնելու Դավիթ Համբարձումյանին, շատ եմ ցավում, որ նա ազատության մեջ չէ, բայց մեծ հույս ունեմ, որ դուրս է գալու ու նորից կառավարելու է։ Ես Մասիսի 40 տարվա բնակիչ եմ, երբևէ նման քաղաքապետ չէի տեսել, նախորդ քաղաքապետները մտնում էին իրենց կաբինետը, դուռը փակում էին, շատ դեպքերում մասիսցիները չգիտեին, թե ով է քաղաքապետը։ Բայց Դավիթ Համբարձումյանն այնքան ժողովրդական մարդ է, որ դուրս է գալիս, փողոցում մարդկանց հետ զրուցում ու նրանց հարցերը լուծում է։ Նա այս քաղաքի բնակիչներին բոլորին ճանաչում է, գիտի՝ ով ինչի կարիք ունի, բոլոր չքավորներին մեկ առ մեկ գիտի։

Նա մինչև գիշերը ժամը 23-24-ը նստում էր համայնքապետարանում, որպեսզի բոլորի հարցերը լուծի, նա այս քաղաքի ոչ միայն համայնքապետն է, այլև մեր քաղաքի հայրն է։ Ես ուղղակի ուզում եմ՝ նա ազատության մեջ լինի, զարմանում եմ՝ ինչո՞ւ է բանտում, որովհետև չէի սպասում, որ բանտում կլիներ, նրա գործերը բոլորը տեսնում են։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները պետք է տեսնեն, որ նա աշխատող մարդ է, նա ժողովրդի համար է ապրում»,- շեշտեց Մասիսի բնակչուհին։

Մեր զրուցակից երիտասարդներից մեկն էլ ասաց՝ Դավիթը լավ մարդ է, վստահ է՝ այն, ինչի համար նրան մեղադրում են, հաստատ չի արել։

Քաղաքացիներից մեկն էլ հետևյալ կերպ բնորոշեց Դավիթ Համբարձումյանին.

«Նա հոյակապ համայնքապետ է, նա իմ համայնքապետն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս