Փլվող գործի դրաման. դատավոր Դոլմազյանի հուշումը դատախազներին, Աշոտյանի իրավական լիկբեզը. ի՞նչ կատարվեց վերջին նիստի ժամանակ
Վաղը հերթական անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը պիտի քննի: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին են ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը:
«Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները, և ԱԺ ՔՊ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների»,- երեկ այդ առնչությամբ գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Գործընթացը բավականին կանխատեսելի է, և վաղը, թերևս, հերթական անգամ Վահե Դոլմազյանը կկրկնի հանրային մեղադրողների խոսքերն ու «կորոշի», որ քրեակատարողական հիմնարկից դուրս, անգամ տնային կալանքի պարագայում Արմեն Աշոտյանը կազդի քննության ընթացքի վրա:
Վաղվա դատական նիստին ընդառաջ, սակայն, վերհիշենք վերջին դատական նիստը ու փորձենք հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ այդ նիստի ժամանակ, և ինչպես դա կարող է ազդել ողջ քրեական վարույթի ու մասնավորապես Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքների վրա:
Նախորդ դատական նիստին մեղադրանքի կողմը գույքային հատուցման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Ըստ հանրային մեղադրողի՝ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի ու Լարիսա Բարսեղյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինս միջնորդեց հայցադիմումն ընդունել վարույթ ու քննել քրեական գործի հետ միասին, նշված անձանցից բռնագանձել այդ գումարը՝ հօգուտ պետության, այսինքն՝ ԵՊԲՀ-ի:
Հանրային մեղադրողը միջնորդեց նաև՝ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով արգելանք կիրառել: Մեղադրյալների պաշտպանները դեմ էին միջնորդությանը: Մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության կամ վերադարձնել, որովհետև այն ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից:
Մեղադրանքի կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև ինքը՝ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նշեց՝ եթե ԵՊԲՀ-ն լիներ ՊՈԱԿ, այս հարցը չէր ծագի, սակայն Հիմնադրամի դեպքում այն այլևս հանրային բուհ է:
«Հետևաբար՝ ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը՝ որպես բուհ-ը հիմնադրամ դարձնելու գաղափարի հեղինակ, բացատրում է օրենսդրական կարգավորումն առ այն, որ բուհ-ին պատճառված վնասը, որքան էլ այն մեծ լինի, ապրիորի չի կարող համարվել պետությանը պատճառված վնաս, մինչդեռ Աշոտյանին առաջադրված մեղադրանքը հենց պետությանը պատճառված վնասին է վերաբերում:
Դատավոր Դոլմազյանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը. հայցադիմումը չի քննվի և հետ կվերադարձվի: Դատավորը նշեց՝ եռօրյա ժամկետում հայցադիմումը պետք է հստակեցվի ու կրկին ներկայացվի:
Այս տեսանյութի 4-րդ րոպեում դատավորն ուղղակի հուշում է դատախազներին, որ հայցը պատրաստելիս դատախազությունն ուսումնասիրի նաև հիմնադրամների վերաբերյալ օրենսդրությունը: Դատավոր Դոլմազյանը, իհարկե, որևէ կողմին լավություն չի անում, այլ իրեն է ապահովագրում՝ «Կարեն Անդրեասյան փրոդաքշնում» չնկարահանվելու համար:
Հուշումը պատահական չէր, որովհետև դա ուղղակի ազդելու է մեղադրանքի բովանդակության վրա: Եթե «հանկարծ» պարզվի, որ դատախազությունը չի կարող վնասի հատուցման գույքային պահանջ ներկայացնել, ապա ստացվում է, որ տևական ժամանակ մարդուն կալանքի տակ պահելուց, ֆանտազյոր քննիչի երևակայությունը որպես մեղադրանք հաստատելուց հետո, նոր միայն դատախազությունը պետք է ուսումնասիրի հիմնադրամներին և բուհերին վերաբերող օրենսդրությունը:
Ի դեպ, սրա մասին մամուլում հրապարակումներ են եղել դեռևս քննիչի կողմից քրեական գործ հորինելու փուլում, երբ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն Աշոտյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը կարդալուց հետո իր ֆեյսբուքյան էջում տարակուսել էր, որ պետական գնումների օրենսդրությունն են տարածել պետական չհանդիսացող կազմակերպությունների վրա:
«ՀՀ քննչական մարմինն իր հաղորդագրության մեջ մի քանի անգամ շեշտում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ գնում է կատարվել․
Հարգելի ՀՀ Քննչական մարմին, ձեր հաղորդագրությունից հասկացվում է, որ գնում կատարող սուբյեկտը «Հերացի» արհեստակցական կազմակերպությունն է, որի հիմնադիրը պետությունը կամ համայնքը չէ այլ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողներն են, ուստի այս կազմակերպության վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ «Գնումների մասին» 2010-2017թթ. գործող օրենքը։ Ավելին ասեմ, այդ օրենքի պահանջները չեն տարածվել նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վրա ևս, որն ունեցել է հիմնադրամի կարգավիճակ՝ համաձայն ՀՀ կառավարության 27.11.2014թ. N 1407-Ն որոշման»,- գրել էր ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Վերջինս վկայակոչել էր 2010-2017թթ. «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ ԳՆՈՒՄԸ պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է, իսկ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ են հանդիսանում․
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,
բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,
դ. պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,
ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներ (միություններ),
զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,
է. հանրային կազմակերպություններ.
«Ինչպես տեսնում եք, ոչ արհեստակցական միությունը, և ոչ էլ հիմնադրամը այս վերը նշված կետերից որևէ մեկի պահանջների տակ չեն ընկնում»,- ասել էր Վարդան Արամյանը։
Հաջորդ անգամ հայցը ներկայացնելիս, իհարկե, կտեսնենք՝ դատավորի հուշումները որքան են տեղ հասել, բայց այս կամ այն դեպքում սա ևս մեկ ապացույց է, որ Արմեն Աշոտյանի քրեական վարույթ չկա, այն ամբողջովին ջուր է բոլոր առումներով, չհիմնավորված՝ բոլոր տեսանկյուններից: Գոյություն ունի քրեական փաթեթավորում ստացած քաղաքական գործ ու քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյան:
Գլխավոր դատախազությանն այսքանից հետո մնում է որպես փոխհատուցում՝ մեղադրանքը հաստատող դատախազների առաջխաղացման հարցը լուծել (հեշտ չէ լուրջ դեմքով գրեթե ամեն շաբաթ դատարան գալ ու պաշտպանել մեղադրանք, որին ինքդ էլ չես հավատում.- Գ.Ս.) և դատավոր Դոլմազյանին վերջապես ազատել կարմրելով կարդալ ըստ էության օրենքին ու սեփական համոզմունքին հակասող որոշումներ ու վերջապես թույլ տալ ամբաստանյալին արդարացնել: