Ի՞նչ են հուշում անընդմեջ գլխացավերը, սրտխառնոցը, գլխապտույտը, տեսողության և լսողության խնդիրները

Ի՞նչ է գլխուղեղի ուռուցքը, ո՞ր դեպքում է առաջանում, ովքե՞ր են ռիսկի գոտում, որո՞նք են ախտանշանները։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նեյրովիրաբույժ, ուռուցքաբան Աննա Կիզոկյանի հետ։

Բժշկուհի, ո՞ր դեպքում է առաջանում գլխուղեղի ուռուցք։ Ի՞նչ տեսակներ կան։

– Գլխուղեղի ուռուցքները լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային են կոչվում այն ուռուցքները, որոնք առաջանում են բուն գլխուղեղում՝ գլխուղեղի բջիջներից, թաղանթներից, գանգի հիմի ոսկորներից, իսկ երկրորդային են այն ուռուցքները, որոնք մետաստազավորվում են այլ օրգաններում առաջացած քաղցկեղի առաջնային ուռուցքների ժամանակ՝ հիմնականում թոքի, կրծքագեղձի, երկամների քաղցկեղի և մելանոմայի դեպքում։

Գլխուղեղի առաջնային ուռուցքները հանդիպում են 100․000 բնակչի կտրվածքով 12-14 հիվանդի մոտ, չնայած վերջին տարիներին աճ է դիտվում, ոչ թե 14, այլ 23 հոգու մոտ է հայտնաբերվում։ Հայաստանում առաջնային ուռուցքների հայտնաբերումը տարվա կտրվածքով կազմում է 250-270 դեպք։ Դրանցից չարորակ է 170-185-ը։ Ինչ վերաբերում է երկրորդային ուռուցքներին, դրանց վիճակագրությունը դեռ չկա, բայց գնալով շատանում է, որովհետև այլ օրգան համակարգերի առաջնային ուռուցքների հայտնաբերման քանակն է շատացել։

Կարդացեք նաև

– Այսինքն, նրանք, ովքեր ունեն կրծքագեղձի քաղցկեղ, մելանոմա, պարտադիր մետաստազները հայտնվում են գլխուղեղո՞ւմ, թե՞ կարող է հայտնվեն, կարող է՝ ոչ։

Տղամարդկանց մոտ գերակշռում է թոքի քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի, արգանդի պարանոցի, սակայն համաձայն վիճակագրության՝ կա ուռուցքի 4-5 ձև, որն ամենաշատն է մետաստազավորվում գլխուղեղ․  դա թոքն է, կրծքագեղձը, երիկամը, մելանոմայի ուռուցքները։

Գլխուղեղում հայտնաբերված յուրաքանչյուր ուռուցք բժիշկներն ինչո՞ւ են համարում չարորակ։

– Բուն բարորակ ուռուցքների թիվը շատ քիչ է․ դրանք այն ուռուցքներն են, որոնք հիմնականում առաջանում են ուղեղի թաղանթից՝ այսպես կոչված, մենինգիոմաները։ Լինում են 4 աստիճանի ուռուցքներ՝ ըստ իրենց չարորակության աստիճանի։ Նույնիսկ առաջին չարորակության աստիճանի ուռուցքը գլխուղեղում համարվում է չարորակ՝ հաշվի առնելով անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։

Գլխուղեղի ամեն բջիջ ունի իր ֆունկցիան․ կապ չունի՝ բարորակ է, թե չարորակ, կապ ունի ուռուցքների տեղադրությունը։ Նույնիսկ ուղեղի ցողունը, հետին գանգափոսի ուռուցքները, որոնք կարող են լինել բարորակ, բայց ըստ տեղադրության՝ իրենց համարում են «չարորակ», քանի որ հաշվի են առնում բարդ տեղադրությունը և առաջացող ֆունկցիոնալ շեղումները։

Գլխուղեղի ուռուցքների առաջնային տեսակներից որո՞նք են շատ տարածված, և դրանք հանդիպում են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների՞ մոտ։

Հիմնականում հանդիպում է միջին տարիքի՝ 35-65 տարեկան մարդկանց մոտ, չնայած վերջին տարիների ընթացքում նկատվում է երիտասարդացում։ Հայտնաբերվում է նաև փոքր տարիքում․ դրանք հետին գանգափոսի ուռուցքներն են։

– Իսկ դա ինչի՞ հետ է կապվածժառանգակա՞ն է։

– Ոչ, ժառանգական նախատրամադրվածություն բուն գլխուղեղի ուռուցքներում, ինչպես կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ է, չկա։ Կախված է բնակլիմայական վիճակից, թունավոր նյութերի ազդեցությունից, սթրեսային իրավիճակից։ Այս ամենը դրդող հանգամանք է հանդիսանում։ Կատարվում են գենետիկ մուտացիաներ, առաջանում է քաղցկեղ։

Ո՞ր գանգատների, ախտանշանների դեպքում մարդ պետք է հասկանա, որ անհրաժեշտ է գնալ ստուգման։

– Ներգանգային և ներուղեղային ուռուցքների ախտանշանները բաժանվում են երկու խմբի․ ընդհանուր ուղեղային և լոկալ՝ ըստ տեղադրության, բիլթի ֆունկցիոնալ առանձնահատկությունների։

Ուղեղային ընդհանուր սիմպտոմատիկայի մեջ մտնում է անընդմեջ գլխացավը, որը չի դադարում սովորական ցավազրկող դեղորայքի օգտագործման դեպքում, սրտխառնոցը, փսխումը, հավասարակշռության կորուստը, գլխատույտը։ Ինչ վերաբերում է լոկալ սիմպտոմատիկային, ապա ըստ տեղադրության՝ արդեն կարող են լինել բնավորության փոփոխություններ, խոսքի, շարժողական և զգացողական, հավասարակշռության խանգարումներ։ Ամեն մեկը յուրովի խոսում է տեղադրության մասին և դրա համար դիմելով նյարդաբանին, գնահատելով նյարդաբանական ստատուսը, բժիշկը կարող է կողմնորոշվել, թե ինչ հետազոտության է պետք ուղարկել։

Գիտենք, որ մարդիկ վախենում են հետազոտություններից, հատկապես, եթե խոսքը ԿՏ-ի, ՄՌՏ-ի մասին է։ Կա՞ն ավելի թեթև տարբերակներ, թե՞ դրանք հենց առաջին հետազոտություններն են, որ մարդը պետք է կատարի։

– Ամբողջ աշխարհում տեխնոլոգիաները զարգանում են, և առաջ եթե բավարարվում էին միայն նյարդաբանական ստատուսի որոշմամբ, և չկային դժվարամատչելի հետազոտություններ, ինչպիսին ԿՏ-ն է՝ համակարգչային տոմոգրաֆիան, ՄՌՏ-ն, հիմա ունենք այդ հնարավորությունը։ Նյարդաբանական ստատուսը գնահատելուց հետո անպայման ուղղորդում են վերոնշյալ հետազոտություններին, ներգանգային ճնշման չափման, աչքի հատակի հետազոտման, որոնք կողմնորոշիչ դեր են կատարում որոշ հիվանդությունների ժամանակ։

Բուժման եղանակները որո՞նք ենմիշտ վիրահատությո՞ւն է կատարվում, թե՞ դեղորայքային բուժում կա։

– Հիմնականում առաջին փուլով գնում է վիրահատական բուժումը, եթե հնարավոր է ուռուցքը հեռացնել՝ ելնելով տեղադրությունից, չափից, ապա ըստ հյուսվածքաբանական հետազոտության տվյալների՝ կախված ուռուցքի չարորակության աստիճանից, անպայման գնում են ճառագայթային բուժման, երրորդ, չորրորդ փուլավորման դեպքում՝ նաև քիմիոթերապիայի։

– Կան ուռուցքներ, որոնց դեպքում քիմիոթերապիա չի կատարվում, այդպե՞ս է։

– Սկսենք նրանից, որ եթե բոլոր ուռուցքների դեպքում քիմիոթերապիան շատ ազդող է, գլխուղեղի պարագայում կա, այսպես կոչված, հեմատոէնցեֆալիտ բարիեր, որը ստեղծված է նրա համար, որ տոքսիկ նյութերը չհասնեն գլխուղեղ, և ամենազգայուն բջիջները, որոնք նյարդային բջիջներն են, չենթարկվեն տոքսիկության։ Սակայն կան դեղորայքներ, որոնք անցնում են հեմատոէնցեֆալիտ բարիերը և օգտագործվում են ուղեղային ուռուցքների բուժման համար։

– 2008թլուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ում իսրայելական դեղին կարիճի թույնով, որը համակցված էր ռադիոակտիվ յոդով, գլխուղեղի ուռուցքներ էին կարողացել բուժել։ Կամ կան հատուկ ասեղներ, լազերներ, որոնց միջոցով ուռուցքը վերացնում են։ Այդ տեխնոլոգիաները մեզ մոտ օգտագործվո՞ւմ են։

Ինչ վերաբերում է կարիճի թույնին, մի քիչ կասկածանքով կվերաբերվեի դրան, որովհետև տարատեսակ ոչ ապացուցողական բժշկությամբ անցած բաներ կան, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում, ինչո՞ւ չէ՝ նաև Հայաստանում։ Մյուս մասով էլ ասեմ, որ դա լազեր չէ, ճառագայթային «դատչիկներ» են, որոնք դրվում են բուն ուռուցքի մեջ, եթե հնարավոր չէ լիարժեք հեռացումը։ Կամ, եթե ամբողջովին հեռացվել է զոնան, դա սկսում են կիրառել ՀՀ-ում, բայց փորձը դեռ շատ չէ, հիմնականում գնում են դիստանցիոն ճառագայթային բուժման՝ հետվիրահատական երկրորդ փուլով։

Վիրահատությունից հետո մարդն ի՞նչ խնդիրների առջև կարող է կանգնել, կա՞ն հետվիրահատական բարդություններ։

– Կախված է, թե որտեղ է տեղադրված եղել ուռուցքը, ինչքանո՞վ է ներգրավվել բջիջների, որոնք պատասխանատու են համապատասխան ֆունկցիաները կատարելու համար։ Եթե նախավիրահատական շրջանում լինում են խոսքի խանգարումներ, շատ դեպքերում ուռուցքի հեռացումից հետո խոսքի խանգարման հետզարգացում է դիտվում։

– Նաև լսողության, տեսողության խնդիրներ են ունենում։

– Ոչ բոլորը։ Կախված է ուռուցքի տեղադրությունից։ Տեսողական խնդիրներ կարող են առաջանալ ճակատային բլթերի ուռուցքների, հիպոֆիզի բարորակ գոյացությունների ժամանակ, որն արտահայտվում է տեսադաշտի նեղացմամբ կամ մի աչքի տեսողության վատացմամբ։ Տեսողական խնդիրներ առաջանում են նաև ծոծրակային բլթերի գոյացությունների ժամանակ, որովհետև բոլորիս մոտ կեղևը դա տեսողական կենտրոնն է։ Լսողական խնդիրներ հիմնականում ուղեղի կամրջային ուռուցքների ժամանակ են լինում։ Նյարդից դուրս եկող բարորակ ուռուցքներն են, որոնք հանգեցնում են լսողական խնդիրների առաջացման՝ հիմնականում միակողմանի։

– Ուռուցքը միանգամի՞ց է զարգանում, թե՞ կարող է տարիներ տևել։

– Կան ուռուցքներ, որոնք դանդաղ են աճում․  դրանք հիմնականում մենինգիոմաներն են, որոնք աճում են ուղեղի թաղանթից։ Նաև հիպոֆիզի ուռուցքները, որոնք շատ դանդաղ, բարորակ ընթացքով են աճում և արտահայտվում են այն ժամանակ, երբ ուռուցքի չափը շատ մեծ է։ Բուն ներուղեղային ուռուցքների ընթացքը կարճ է՝ 6 ամսից՝ 1․5 տարի։ Գլիոբլաստոմա կոչվող ուռուցքը հիմնականում շատ ագրեսիվ աճող ուռուցք է, քայքայելով ուղեղանյութը, բջիջները, շատ արագ աճում է։ Արտահայտման ժամկետը մաքսիմում 9 ամիս է լինում։

– Բարձր ճառագայթումը գիտենք, որ հանգեցնում է գլխուղեղի քաղցկեղի առաջացման։ Դա հենց քաղցկեղի բուժման ժամանա՞կ է լինում և կարո՞ղ են ազդել բջջային հեռախոսները, WiFi սարքերը։

– Դրանք վարկածներ են, որոնք դեռ ուսումնասիրման փուլում են։ Չկան հստակ թվեր, ապացույցներ, որ կարող են ազդել։ Այո, բարձրալիք ճառագայթումն ունի բացասական ազդեցություն նյարդային համակարգի վրա, որն անընդհատ գրգռում է ուղեղանյութը, բայց ասել, որ դա է հանդիսանում քաղցկեղի, գլխի ուռուցքների առաջացման պատճառ, ճիշտ չէ։

– Որոշ հիվանդություններ կանխելու դեպքում խորհուրդ են տալիս 6 ամիսը մեկ գնալ հետազոտվել։ Այս դեպքո՞ւմ ինչ եք խորհուրդ տալիս։

– Ընդհանրապես կա այսպիսի խոսք, որ ավելի մատչելի է պրոֆիլակտիկան, քան բուժումը։ Կոչ կանեի մեր բնակչությանը՝ ուշադիր լինեն իրենց առողջությանը, ամեն չնչին գանգատի ժամանակ դիմեն բժշկի։

Տեսանյութեր

Լրահոս