
Անահիտ Մանասյանը վարկաբեկում է քաղհասարակությանը. Հովհաննես Իշխանյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի՛ պաշտպանում Հայաստանում մարդու ուտնահարվող իրավունքները, ավելին՝ նա վարկաբեկում է քաղաքացիական հասարակությանը, այն մարդկանց, որոնք ահազանգում են Հայաստանում պահվող քաղբանտարկյալների, նրանց պահման վատ պայմանների, նրանց խոշտանգումների, քաղբանտարկյալների մահվան դեպքերի մասին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նման դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ի պարբերական դիտարկումների համար զեկույցներ չի կազմել, նա ոչ մի բան չի ներկայացրել, որովհետև ՀՀ այս իշխանության պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան, «ՀայաՔվե» միավորման անդամ Հովհաննես Իշխանյանը։
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վարկաբեկում է քաղհասարակությանը։ Իհարկե, մեղավորն Անահիտ Մանասյանը չէ, այլ քաղաքական այն համակարգը, որը նրան նշանակեց այդ պաշտոնին»,- ասաց Իշխանյանը։
Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում մինչև 2018 թվականը գործած ՀԿ սեկտորը 2018 թվականից հետո սերտաճեց ՔՊ-ական իշխանությանը. դա է նաև պատճառը, որ մարդու իրավունքների համար աշխատող միջազգային կառույցները՝ հիմնականում արևմտյան, այլևս լռեցին Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ։
Ըստ Հովհաննես Իշխանյանի՝ այդ կառույցները լռեցին, որովհետև այն խողովակները, որոնք այդ խախտումները պետք է հասցնեին արևմտյան կառույցներին, դարձան ՔՊ-ական իշխանությանը սերտաճած։
«Արևմտյան կառույցների լռությունն ունի աշխարհաքաղաքական դրդապատճառներ ևս. Հայաստանում արևմտյան այդ կառույցներին հետաքրքրում է հակառուսականությունը, ոչ թե մարդու իրավունքի խախտումները»,- շեշտեց Հովհաննես Իշխանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։