
Օպերացիայից կարերս քանդել են, եկել եմ, որ մի երկու բան ասեմ, գնամ. «Հյուսիսային տերևաթափի» գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը: Այն կրկին սկսվեց ուշացումով՝ խրոնիկ դարձած ուղեկցումների խնդրով պայմանավորված:
Այսօր վկաների հարցաքննության փուլը շարունակվում է: Առաջինը հարցաքննվեց վկա Հարություն Կարապետյանը:
Վերջինս հենց սկզբից ասաց՝ ոչ մի բանից տեղյակ չէ։
«Եկել եմ՝ 2 բան ասեմ, գնամ։ Չեմ ստորագրելու ոչ մի բան»,- ասաց նա։
Վկա տարեց մարդը, սակայն, հրաժարվում էր ստորագրել, որ ինքը չի հրաժարվում ցուցմունք տալուց։ Ի վերջո, նրա փոխարեն ստորագրեց դատավորը։
«Օպերացիայից կարերս քանդել են, եկել եմ, որ ասեմ` Սերգեյը (մեղադրյալ Սերգեյ Մկրտչյան.- Գ.Ս.) ոսկի մարդ է, հերոս։ Ես ոչ մի բանից խաբար չեմ։ Ամեն ամիս 500-600 հոգի գնում ենք դիրքեր։ Էս տղեն հերոս տղա ա։ Դիրքերում հեռախոսից ենք իմացել՝ ինչ է կատարվում։ Վստահ եմ, որ էս մարդը, բացի հայրենասիրությունից, մարտական ուղուց, ոչինչ չունի»,- ասաց վկան:
Հարցին՝ գործող քաղաքական իշխանության դեմ Սերգեյ Մկրտչյանն արտահայտություն արե՞լ է, պատասխանեց` սաղս էլ արել ենք, ես՝ ավելի շատ։
«Հենց հիմա էլ դիրքերում սաղ քրֆում են։ Գործողության մասին ոչինչ չի ասել։ Խելոք մարդը նման բան չի ասի»,- ասաց վկա Հարություն Կարապետյանը:
Հաջորդ վկան Կարապետ Հարությունյանն էր՝ մեղադրյալ Էդգար Ծատինյանի մանկական ընկերը:
Ասաց, որ մեղադրյալներից երկուսն իր մարտական ընկերներն են։ Վերջինս նշեց` իր համար տղաների ձերբակալությունն անսպասելի է եղել։
«Նստած էինք, միանգամից եկան, տարան»,- ասաց նա,- ապա շարունակեց՝ Արցախն էր հանձնվում։ Հայաստանում էդ ժամանակ բոլորն էլ դա էին քննարկում։ Բոլորս էլ մտածում էինք՝ խմբեր կազմենք, Արցախ գնանք, կռվենք։ Ես դա լուրջ չհամարեցի. հնարավոր չէր»,- ասաց նա:
Վկայի խոսքով՝ իշխանությանը վնասելու, իշխանափոխություն անելու վերաբերյալ խոսակցություն չի եղել։
«Կուսակցական չեմ, իմ միակ կուսակցությունն իմ հայրենիքն ու ժողովուրդն են։ Ի՜նչ հեղաշրջում։ Ընտանիք ունենք։ Մենք մեր հայրենիքը պաշտպանելու մասին էինք մտածում։ Եթե Էդգարի կամ Վազգենի մտքում նման բան լիներ, ես հաստատ կիմանայի։ Բայց բացառվում է, չի եղել նման բան։ Հայաստանի 3 միլիոն բնակչությունն իր դժգոհությունն ինչ-որ կերպ արտահայտում է, բայց դա հո չի՞ նշանակում, որ ինչ-որ բան են պատրաստվում անեն»,- ասաց վկան:
Վկան, ի պատասխան հանրային մեղադրողի հարցի, պնդեց՝ դրոնի շարժիչի տակ ռումբ տեղադրելու վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել:
«Երբևէ մեր զրույցներում չեմ լսել, որ «Հյուսիսային տերևաթափ» անունով գործի մասին ինչ-որ բան խոսվի»,- ասաց Կարապետ Հարությունյանը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: