
Հեսա կտենաք` զրո եկամուտ, ադրբեջանցիք անընդհատ հայեր են ծեծելու. Ալիևն ասել ա` հայ չպիտի տեսնի էդտեղ. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Փաշինյան-Թրամփ-Ալիև վաշինգտոնյան սպասվող հանդիպման մասին տեղեկատվական մակընթացության ֆոնին հայկական կողմը բավարարվեց հերթապահ հայտարարությամբ, որով հաստատեց՝ օգոստոսի 7-8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ և Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև ամերիկյան օրակարգի մասին, ըստ որի, օրինակ, Մեղրիով ձգվող ճանապարհին կանգնեցվելու են ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ, որոնք իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։
168․am-ը թեմայի առնչությամբ զրուցել է «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։
– Կան պնդումներ, որ սա նոր էջ է բացելու տարածաշրջանում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կբերի Վաշինգտոնից. Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու ամերիկյան կարճաժամկետ շահը, ինչպես պնդում են տարբեր շրջանակներ, կարո՞ղ է դառնալ երկարաժամկետ խաղաղության հեռանկար։
– Ոչ, իհարկե, որովհետև ամերիկացիներն այսօր կան, վաղը՝ չկան։ Իսկ այդ ճանապարհի բացումը դեմ է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին։ Այդ իսկ պատճառով դա ոչ մի լավ բան չի բերելու։ Այդ 1000 հոգուն որ բերում են, դրանց մի զգալի մասն ի սկզբանե կարող է ոչ թուրքեր լինեն, սակայն, ի վերջո, փոխարինվելու են թուրքերով։
Նոր դարաշրջան որ ասում են, սխալ է․ մենք պարզապես միջանցք ենք տալիս մեր երկրով։ Մենք այնքան թույլ ենք, որ մեզ իրավունք չեն տալիս, որ մենք տրանզիտ ճանապարհ ունենանք։ Մի՛ասեք, որ նոր ձեռքբերում է։ Նիկոլ Փաշինյանը կգա-կասի՝ նոր ձեռքբերում կա, իսկ իրականությունն այն է, որ կորցնում ենք տրանզիտը Հայաստանի տարածքով։
– Դուք նշեցիք, որ այս իրողությունը դեմ է Իրանին և Ռուսաստանին․ քանի որ այդ հնարավոր առաջարկը դեմ է 2 երկրների ֆունդամենտալ շահերին, արդյո՞ք Հայաստանը չի դարձնի աշխարհաքաղաքական էսկալացիայի թատերաբեմ։
– Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում (մանավանդ՝ այս իշխանության օրոք), որ էսկալացիայի առիթ դարձնի․ Հայաստանը փորձում է փոքրիկ խառնակչությամբ զբաղվել։ Տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը մնալու են։
ԱՄՆ ստրատեգիական շահերը չեն բռնում ու չեն կարող բռնել ՀՀ-ի հետ։ ԱՄՆ ստրատեգիական շահը ուժեղ թուրանական աշխարհն է այստեղ, որը դեմ կլինի և՛ ՌԴ-ին, և՛ Իրանին, և՛ Չինաստանին։ Հո ամերիկացիներն իրենք չե՞ն կռվելու Ռուսաստանի և Իրանի դեմ․ այժմ իրենք ինչպե՞ս են կռվում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների ձեռքով։
Այս ճանապարհն այդ ընդհանուր ծրագրի մի մասն է․ մենք ճանապարհ չենք բացում, մենք կորցնում ենք ՀՀ տարածքով բեռնափոխադրումների իրավունքը։ Դրանից հետո ադրբեջանցիները գալու են՝ ՀՀ տարածքով անվճար անցնելու են, այդ ընթացքում լինելու են բախումներ․․․ Մենք խուսափելու ենք գնալ Մեղրի։
– Բայց իշխանությունները պնդում են՝ մեր ինքնիշխանության հաշվին չի լինելու։
– Եթե մեր տարածքով գալիս, առանց մեզ հարցնելու՝ անցնում են, դա ինքնիշխանության կորուստ չէ՞։ Բա ի՞նչ պետք է ասի, պետք է խաբի, ասի՝ ինքնիշխանության հաշվին չի լինելու․ ո՞նց, դու քո տանը նստած ես, թուրքը դուռը բացում է, մտնում է, ասում, թե՝ քո տան միջով պետք է գնամ հարևանի տուն, ու դա ինքնիշխանության կորո՞ւստ չէ։ Չի էլ ասվում՝ դա մե՞կ ճանապարհ է, երկո՞ւսն է, երե՞քն է․․․ Եվ դա հատուկ չի ասվում։
– Հայաստանի այլընտրանքն այս իրավիճակում ո՞րն է։
– Մերժել միջանցքը, համաձայնել տարանցիկ ճանապարհին․ այն, ինչ պետք է անի սուվերեն պետությունը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել է՝ բանակցային սեղանին է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը, և չի մանրամասնել, թե դա ինչ է նշանակում։
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, Արցախյան հակամարտության համատեքստում ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ, որն անվանում է «Զանգեզուրի միջանցք»՝ տերմին, որ Երևանը մերժում է, փոխարենը՝ ապաշրջափակման իր տարբերակը կոչում «Խաղաղության խաչմերուկ»։ Վերջինը, ըստ պաշտոնական պարզաբանման, չի ենթադրում այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում