Ձեզ հետ հանդիպումից հետո գնացել են «Փեթակ», 17000 դրամով պենոպլաստից ինքնաթիռ են առել, տարել Համալիրի մոտ թռցրել են. շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»՝ ենթադրյալ տեռորի գործով վկաների հարցաքննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»  գործով դատական նիստը: Այն կրկին սկսվեց ուշացումով՝ խրոնիկ դարձած ուղեկցումների խնդրով պայմանավորված:

Նախորդ դատական նիստին հարցաքննվեց «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության դե յուրե նախագահ Ժիրայր Սէֆիլյանը:

Այսօր վկաների հարցաքննության փուլը շարունակվում է: Առաջինը հացաքննվեց մեղադրյալ Էդգար Ծատինյանի հայրը:

«Ես միանշանակ էլի եմ ասում. Բացառվում է, որ իմ տղան հակաօրինական ինչ-որ բան արած լինի»,- ասաց վկան:

Կարդացեք նաև

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Միհան Փափազյանը: Վկան ասաց՝ գրական հայերենին լավ չի տիրապետում, բայց խոսակցական հայերենին տիրապետում է: Շատ ավելի լավ տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին ու չինարենին:

«Պատերազմից հետո 3 տարի տարբեր ռազմարդյունաբերական ծրագրեր ենք ֆինանսավորում: Տարին մի 100 ընկերությունից ավել մեզ դիմում է, դժվար է հիշել՝ տղաներն ինչ ծրագրի համար են դիմել: Հիշում եմ, որ ԱԹՍ-ի հետ էր կապված: Նաև հիշում եմ, որ ասացի՝ մի քիչ էլ հասունացնենք, փորձարկենք, նոր կարող ենք ֆինանսավորել»,- ասաց վկան:

Վերջինս նկատեց՝ այս գործի մեջ մտել է բիզնես ու հայրենասիրական նպատակներով:

«Եթե ես կասկածեի, որ տղաները ոչ թե հակառակորդի, այլ մեր դեմ են գործում, դա մեզ համար կարմիր գիծ է: Որևէ նման բան չենք նկատել»,- ասաց Միհրան Փափազյանը:

Պաշտպանական կողմի հարցերից հետո հարցեր ուղղեց հանրային մեղադրողը, ով այդպես էլ չէր հասկացել վկայի աշխատանքի ու զբաղմունքի բնույթը: Ի պատասխան դատախազի հարցի՝ Միհրան Փափազյանն ասաց՝ իր գործունեության մասին Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, ամեն շաբաթ լինում է այնտեղ, տարբեր բաժիններում տարբեր հարցեր են քննարկում:

«Ձեզ հետ հանդիպումից հետո գնացել են «Փեթակ», 17000 դրամով պոնոպլաստից ինքնաթիռ են առել, տարել Համալիրի մոտ թռցրել են: Էդ առածը Ձեզ հետ քննարկածի հետ կապ ունի՞»,- վկային հարցրեց դատավոր Ջոն Հայրապետյանը:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Արսեն Բոստանջյանը: Վերջինս ասաց՝ քննիչն իրեն 7 ժամ հարցաքննել է, մեղադրյալներից Սերգեյ Մկրտչյանին է ճանաչում, իր հրամանատարն է եղել Արցախյան պատերազմի ժամանակ:

«Պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանն էր Անվտանգության խորհրդի քարտուղար, հետո Վիտոն (Վիտալի Բալասանյան.- Գ.Ս.) եկավ: Զանգել եմ Սերգեյին, կատակով ասել եմ՝ եկել ա, բա մի հատ չհարցնե՞նք՝ էս ոնց սենց եղավ, մեկը պիտի պատասխան տա՞ պատերազմի էդ ելքի համար»,- ասաց վկան:

Սերգեյ Բոստանջյանն ասաց՝ Սերգեյ Մկրտչյանը երբեք իր երկրի դեմ չէր գնա, ինքը նրան մանկությունից է ճանաչում, վստահում է նրան, նրա հետ գործողության է գնացել, եթե չվստահեր, չէր գնա:

Դատական նիստը ընդմիջվեց: Ընդմիջումից հետո քննարկվեց մեղադրյալների խափանման միջոցների փոփոխության հարցը:

Հանրային մեղադրողն ասաց՝ դատարանի կողմից մատնանշած հիմքերը չեն վերացել, հետևաբար՝ խափանման միջոցները պետք է պահպանվեն նույնությամբ: Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը չառարկեց: Էդգար Ծատինյանի պաշտպանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Դատարանը երկարաձգեց մեղադրյալների խափանման միջոցների ժամկետները 3 ամսով, Կարեն Սիմոնյանի խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ  հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս