
Էրդողանի՝ «ավելի արդար աշխարհ» ունենալու պահանջները. Փաշինյանը կիսո՞ւմ է նրա պնդումները ՄԱԿ ԱԽ-ի վերաբերյալ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գրքերի այն ցանկը, որը պատրաստվում է կարդալ, դրանց թվում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը: Այն թուրքական պետության ղեկավարը Փաշինյանին էր նվիրել 2024 թվականին՝ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» հանդիպել էր Էրդողանին՝ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նախկին և ներկա ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի ներկայությամբ:
Նշենք, որ Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը լույս է տեսել 2021 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի նախօրեին, որում Թուրքիայի նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտության հարցի վրա:
Մասնավորապես, թուրքական և ոչ թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանն առաջարկում է վետոյի իրավունքի վերացման վրա կենտրոնացած օրակարգ ձևավորել:
Ըստ Թուրքիայի ղեկավարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ծառայեցվում է վետոյի իրավունք ունեցող 5 պետությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան շահերին, ուստի կազմը պետք է ընդլայնել:
Միաժամանակ, իր գրքում Էրդողանը շեշտում է, որ հնարավոր չէ այսօրվա աշխարհի խնդիրները լուծել այն համակարգերի միջոցով, որոնք ձևավորվել են անցյալի պահանջների հիման վրա:
Այստեղ զավեշտալի է այն, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկացող, Լիբիա, Սիրիա մտած և Արցախի 2020 թվականի պատերազմին ուղիղ մասնակցություն ունեցած երկրի ղեկավարն իր գրքի միջոցով պնդում է, որ ժամանակակից աշխարհն արդարադատության կարիք ունի, որ այնտեղ, որտեղ սպանում են մարդկանց, որտեղ երեխաներ են մահանում, չեն կարող անմեղներ լինել, և այսպես շարունակ:
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը կարդացե՞լ է մեկ տարի առաջ նվեր ստացած Էրդողանի այս գիրքը, համաձա՞յն է, որ Թուրքիան նման բարձր արժեքներից և բարոյականությունից խոսելու իրավունք ունի: Իսկ միգուցե Փաշինյանը ևս կասկածո՞ւմ է ՄԱԿ-ի լեգիտիմության և արդյունավետության վրա, կամ՝ առհասարակ, միջազգային կառույցների, որոնք, ըստ Փաշինյանի, հնարավոր է՝ արդար չեն եղել Արցախի և Հայաստանի նկատմամբ, կիրառել են երկակի ստանդարտներ:
Չմոռանանք, որ Էրդողանը և Ալիևն արդարության վերականգնում են համարում Արցախի հայաթափումը և այսօր Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը, որն իրականում Հայաստանի Հանրապետության դեմ է:
Ավելին, Ալիևն արդարացի պահանջ է համարում աշխարհի կողմից «Խոջալուի ցեղասպանության» ընդունումը, Հայաստանի կողմից «Գյանջայի դեպքերի» պատասխանատվության ընդունումը, թուրք-ադրբեջանական տանդեմը միանգամայն արդարացի է համարում 44-օրյա պատերազմը, քանի գտնում է, որ միջազգային իրավունքը չի գործել, ՄԱԿ-ի 4 բանաձևերի պահանջները Հայաստանը չի կատարել, և այլն: Բայց սրան զուգահեռ՝ Թուրքիայի հին պահանջները Հայաստանի նկատմամբ չեն «զրոյացվել»։
Իսկ այն, որ միջազգային կառույցները վերանայման և բարեփոխումների կարիք ունեն, այդպես է, այլ հարց է՝ որքանո՞վ է, օրինակ, Էրդողանի հնարավոր համարվող «արդար աշխարհը» համապատասխանում Փաշինյանի «արդար աշխարհին», եթե այստեղ համընկնումներ կարող են լինել և կան, ապա հարցը պետք է ձևակերպել՝ որքանո՞վ են Էրդողանի «արդար աշխարհի» օրենքները համընկնում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային շահերին: Օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը գտնում են, որ հզոր բանակն ու ռազմարդյունաբերությունն է շատ հարցերին պատասխան տալիս, արդյո՞ք Փաշինյանն այդ կարծիքին է։ Թերևս, ամեն ինչ պարզ է: Սա է խնդիրը: