«Խելահեղ սեր՝ առաջին հայացքից». Գվինեթ Փելթրոուն՝ Բրեդ Փիթի հետ բաժանման պատճառների մասին
1990-ականների Հոլիվուդի ամենավառ և ոճային զույգերից մեկը երիտասարդ Գվինեթ Փելթրոուն և Բրեդ Փիթն էին։ Դերասանները հանդիպել են երկու տարի, նույնիսկ նշանվել էին, սակայն ամուսնությունն այդպես էլ չկայացավ: «Call Her Daddy» փոդքաստում Գվինեթը պատմել է Բրեդի հետ ծանոթության և բաժանման պատճառների մասին։
«Ես Բրեդին հանդիպեցի «Յոթը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այն ժամանակ ընդամենը 22 տարեկան էի։ Տեսել էի նրան «Թելմա և Լուիզա» ֆիլմում և ուրիշ տեղերում, ու արդեն պարզ էր, որ նա Ամերիկայի ամենաշքեղ կինոաստղերից մեկն է։ Ես ստացել էի այդ փոքրիկ դերը ու շատ ոգևորված էի, որ պետք է աշխատեմ նրա ու Մորգան Ֆրիմանի հետ։ Մենք պարզապես բարևեցինք իրար նկարահանման հրապարակում ու… Դա խելահեղ սեր էր առաջին հայացքից»։

Փիթն ամուսնության առաջարկ է արել, ինչին դերասանուհին անմիջապես համաձայնել է. թվում էր՝ պատրաստ է այդ քայլին։ Բայց որոշ ժամանակ անց զույգը բաժանվել է և չեղարկել նշանադրությունը։
«Երիտասարդ հասակում ես ինձ լիարժեք չէի զգում։ Միշտ բոլորին դուր գալու կարիք ունեի։ Չէի հասկանում՝ ինչպես լսել իմ ներքին ձայնը ու շարժվել ըստ դրա։ Ամեն ինչում փորձում էի հավասարակշռություն պահել՝ հաշվի առնելով բոլորի զգացմունքները։ Հետ նայելով՝ հասկանում եմ՝ 22-24 տարեկանում դեռ երեխա էի։ Նա ինձնից բավականին մեծ էր, արդեն լավ հասկանում էր՝ ինչ է ուզում կյանքից։ Իսկ ես պարզապես պտտվում էի նրա շուրջ։ Դա այն դեպքն էր, երբ զգում ես, որ չես համապատասխանում ինչ-որ չափանիշների։ Սիրտս կոտրվեց մեր բաժանումից հետո։ Բայց դա ճիշտ որոշում էր»։

Չնայած կոտրված սրտին՝ Գվինեթը ջերմությամբ է խոսում Փիթի մասին՝ նրան անվանելով հիանալի դերասան և պարզապես շատ լավ մարդ։



