Այս մեղադրանքը հեքիաթ է, ԱԱԾ-ի քարոզչական տեսանյութի արդյունք. Այսօր «Հյուսիսային տերևաթափի» գործով հարցաքննվեց Ժիրայր Սէֆիլյանը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»  գործով դատական նիստը: Այն սկսվեց մեկ ժամ ուշացումով՝ խրոնիկ դարձած ուղեկցումների խնդրով պայմանավորված: Ընթացակարգային հարցեր, ավելի ճիշտ՝ մինչև ամառվա վերջ դատական նիստերի օրեր որոշելուց հետո հայտարարվեց ընդմիջում՝ հույսով, որ մեղադրյալներին վերջապես կբերեն դատարան:

Ընդմիջումից հետո ցուցմունք տվեց «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության դե յուրե նախագահ Ժիրայր Սէֆիլյանը, ով ասաց՝ մեղադրյալներին ճանաչում է, բայց նրանք կուսակցականներ, բևեռականներ չեն: Նրանց ճանաչում է՝ որպես ազգային մարդիկ:

«Գործող ռեժիմը նպատակ է դրել հետապնդել ազգային նպատակներ հետապնդող բոլոր անձանց: Մեղադրանքը հեքիաթ է»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը: Տղաներին ճանաչում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակներից:

Առաջինը Ժիրայր Սէֆիլյանին հարցեր ուղղեց պաշտպանության կողմը:

Կարդացեք նաև

«Մեղադրյալներից որևէ մեկը ինձ որևէ հարցով, այդ թվում՝ անձնական, չի դիմել»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը:

Վերջինս նկատեց՝ այս ռեժիմի օրոք իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել ընտրությունների միջոցով:

«Ժողովուրդը պիտի ապստամբի ու իրականացնի իշխանություն ձևավորելու իր իրավունքը: Ժողովուրդն իրավունք ունի՝ ինչ ուզի, անի՝ երկրին տեր կանգնելու համար: Ժողովուրդը պիտի հավաքվի հրապարակներում, իր կամքը պարտադրի, ինչպես եղավ 2018թ.»,- ասաց նա:

Հանրային մեղադրողի հարցին՝ ծանո՞թ է արդյոք քրեական վարույթի նյութերին, Սէֆիլյանը պատասխանեց՝ ծանոթ է քարոզչական նպատակներով տարածված տեսանյութին և այս համակարգի՝ մեր ժողովրդին կեղեքող էությանը:

Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունից հետո դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 22-ին՝ ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ  հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս