Ոչ ազգային պետության տեսլականը կենսունակ չէ. ունենք շատ լուրջ մարտահրավերներ. Վաչե Գաբրիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնես և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք դառնո՞ւմ ենք անկլավային պետություն, թե՞ ոչ, կախված է մի շարք խնդիրներից, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու. դա վերաբերում է գազատարին, ճանապարհային, երկաթուղային կոմունիկացիաներին: Այդ խնդիրները կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ դա վերաբերի անկլավներին։ Այս պահին ծախսային խնդիրը գազատարինն է։ Առայժմ հստակություն չկա տեղի ունեցող գործընթացներում, ուստի գնահատական տալը դժվար է։ Սահմանների փոփոխությունից  դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ խնդիրներ կարող են ծագել։
  • Եթե միայն գազամուղի խնդիրը լիներ, հնարավոր էր գնահատական տալ, բայց խնդիրը համալիր է, և դրա համար անհրաժեշտ են նաև ռազմական փորձագետներ, պարզելու, թե ինչպիսի խնդիրներ են առաջանալու, ինչպիսի զորքեր, զենքեր և մարտական կազմ է մեզ պետք լինելու։
  • Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած հանդիպման և տրամադրված աջակցության մասին. ԵՄ-ն և ԱՄՆ-ը օգնություն են տրամադրում ոչ միայն Հայաստանին,  այլ նաև ընդհանուր եվրոպական հարևանության ծրագրի մեջ գտնվող երկրներին ընդհանրապես:  Այդպիսի օգնություն տրամադրվել է նաև նախկինում։ Օրինակ, 2007, 2014 թվականներին տվել են շուրջ 250 մլն դոլարի աջակցություն։ ԵՄ-ն նման աջակցություն մշտապես տվել է։ Այսինքն՝ տնտեսության ունեցած խնդիրներով է պայմանավորված ԵՄ աջակցությունն Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ համագործակցության շրջանակներում։ ԵՄ-ին և ԱՄՆ-ին առավելապես հետաքրքրում է այդ երկրներում ունենալ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն։ Տրամադրվող գումարն էլ օգտագործվելու է նմանաբնույթ հարցերը լուծելու նպատակով բարեփոխումներ իրականացնելու համար։
  • Մենք հիմա շատ ավելի շատ գումար ենք տրամադրում տնտեսական վերափոխումների համար, քան ԵՄ-ն նախատեսում է աջակցել նշված գումարով։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի մոտ գերակայությունն Ուկրաինան է, իսկ Հայաստանին խոստացել են այնքան գումար, որքան տալիս են իրենց հետ համագործակցող մնացած բոլոր երկրներին աջակցելու համար: 
  • Բոլոր Կառավարություններն էլ մշտապես ունեցել են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու երազանք։ Ֆիզիկայի գրավիտացիայի մասին օրենքի համաձայն՝ խոշոր երկրները ներքաշում են փոքր տնտեսություն ունեցող երկրներին։
  • Տնտեսության դիվերսիֆիկացիայի համար խնդիրներ կան լոգիստիկ առումով, աշխատուժի, կապիտալի շարժի առումով։
  • Որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում նոր տեխնոլոգիաներով արտադրության մեջ ներդրումներ կատարել։ Ծառայությունների ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում ունեցել ենք հաջող ներդրումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եղել են խոշոր արտահանումներ, բայց ստեղծված պրոդուկտը հայկական ինքնուրույն ընկերություններինը չէ, այլ մուլտինացիոնալ խոշոր ընկերություններինը։ Այդ ընկերությունները ծառայություններ են մատուցում դրսում։ Հաշվապահական որոշ խոշոր ընկերություններ արդեն  դուրս են եկել Հայաստանից, որովհետև այստեղ նման ծառայությունների համար մեծ շուկա չկա։

Կարդացեք նաև

  • Միջուկային էներգիայի օգտագործման խնդիրը մշտապես եղել է ԵՄ քննարկման առարկան։ Հայաստանի ատոմակայանի վերացման համար այլընտրանք չունենք, անկախ ԵՄ հետաքրքրությունից՝ մենք այս պահին ունենք ատոմակայանը չփակելու ճոխությունը։ Փոքր ռեակտորների տեխնոլոգիա գործնականում այս պահին գոյություն չունի։
  • Հայաստանը՝ չունենալով ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ ակնհայտորեն կունենա որոշակի խնդիրներ և դժվարություններ։ 
  • Ակադեմիական քաղաքի նախագիծն ինձ համար, ոչ որպես բուհի ներկայացուցչի, այլ որպես անհատի, անհասկանալի է, կան բազմաթիվ խնդիրներ։ Ինչո՞վ են մեր կրթական որակները, կրթական ծրագրերը լավանալու, դասախոսական կազմը ավելի լա՞վն է լինելու, ուսանողների բարեկեցությունն ավելի լա՞վն է լինելու։ Զուտ կրթական ծրագրերի տեսակետից բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չկան։ Ի՞նչ է լինելու Երևան քաղաքի տնտեսության հետ։ Ալեք Մանուկյանից սկսած մինչև Պոլիտեխնիկ ինստիտուտ՝ ի՞նչ է լինելու ուսումնական հաստատությունների շենքերի հետ, ասում են, թե դրանք չեն վաճառվելու, այդ դեպքում ի՞նչ նպատակով են օգտագործվելու։

Ակադեմիական քաղաքը, եթե նույնիսկ իրականություն դառնա, մի քանի տասնյակ տարիների ընթացքում միայն կարող է լիակատար կառուցվել։ ԱՄՆ-ում կան համալսարանական քաղաքներ ու դրան կից բնակչություն, որոնք զբաղվում են այդ քաղաքները սպասարկելով։ Հայաստանում ինչպե՞ս են պատրաստվում այդ հարցը լուծել: Նման ակադեմիական քաղաք հնարավոր չէ կառուցել՝ 2-3 մլրդ դոլար ծախսելով: Իսկ եթե որևէ մեկը վաղը մասնավոր համալսարան հիմնելու նպատակ և ցանկություն ունենա, և մի մեծահարուստ էլ որոշի գումար կտակել, պետք է ասեն՝ չի կարելի՞։ Ինչպես Չերչիլն էր ասում՝ սա հանելուկ է առեղծվածի մեջ։

  • Ստեղծագործական միությունների գույքը պետականացնելու գործընթացի մասին հարցը պետք է լինի ավելի լայն քննարկման առարկա: Նորից ծագում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան, օրինակ՝ եթե միությունների գույքը դարձավ պետական սեփականություն, հետո ի՞նչ է լինելու, կարող են տալ, ասենք, Նկարիչների միությանն այդ գույքը, բայց որոշակի սահմանափակումներով՝ օրինակ, որ կարող են վարձակալության տալ  շենքի մի հատվածը պետության սահմանած գումարով, կամ չեն կարող օտարել անշարժ գույքը։ Թե՛ ակադեմիական քաղաքի ստեղծման, և թե՛ ստեղծագործական միությունների պետականացման գործընթացների շուրջ պետք է լինեն հստակ հարցերի պատասխաններ և ակտիվ մասնագիտական քննարկումներ, որը տեղի չի ունենում։
  • Ժողովրդավարությունը շատ կորելացված չէ ներդրումների քանակի հետ, կարող է լինել տոտալիտար հսկողություն, բայց լինեն ներդրումներ, ինչպես, օրինակ՝ Չինաստանում։ Շատ երկրներում կարող է լինել իրավունքի գերակայություն, բայց չլինի ժողովրդավարություն, օրինակ՝ միապետը վերահսկի օտարերկրյա ներդրողների իրավունքի գերակայության պահպանումը։ Ներդրումների և ժողովրդավարության կապը գիտականորեն ապացուցված չէ։
  • Ներդրումների տեսակետից փոփոխություն չկա վերջին տարիների առումով։ Ամեն դեպքում, անգամ վերջին 10-15 տարիների կտրվածքով մենք ներդրումների առումով էական զարգացումներ չունենք։ Սա նշանակում է, որ որոշակի սահմանափակումներ կան շուկաների լոգիստիկայի առումով։ Դրանք ավելի կարևոր են, քան իրավունքի գերակայության և դեմոկրատական ցուցանիշները, որովհետև այդ ցուցանիշներով Հայաստանը երբևէ այդքան վատը չի եղել, որ դրա հետևանքով մեզ մոտ ներդրումներ չլինեին։

Անվտանգության առումով ակնհայտորեն ներդրողը խնդիր ունի, որովհետև դրանք լոգիստիկ ապահովության խնդիրներն են ապահովում։ Հիմա Հայաստանի թիվ մեկ խնդիրը ներդրումային գրավչության տեսանկյունից անվտանգությունն է։

Իրականում ցանկացած ներդրող դատողություն է անում ոչ միայն Հայաստանի կամ տվյալ երկրի խոսույթով. դատողություն են անում նաև հակամարտող կամ հարևան երկրների խոսույթի վերաբերյալ, որպեսզի գնահատեն ընդհանուր իրավիճակը և դրանից ելնելով՝ գնահատեն՝ արդյոք հնարավո՞ր են բախումներ, թե՞ հնարավոր չեն։ Երկրորդը՝ եթե անգամ բախումներ հնարավոր չեն, ապա ի՞նչ տրամաբանությամբ կարող է զարգանալ ձեր լոգիստիկան, և եթե դուք ունեք ապրանքների, ծառայությունների հոսք, ապա դրանք որքանո՞վ են հետաձգման, սահմանափակման և այլնի։ Չէի ուզի անդրադառնալ կոնկրետ ՀՀ իշխանությունների խոսույթին, որովհետև միայն դա չէ ներդրողների համար որոշիչը, որոշիչ է նաև ընդհանուր քաղաքական իրավիճակը ռեգիոնում, գեոպոլիտիկ զարգացումներն ավելի լայն կոնտեքստում, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, և այլն։

  • Ինքնաբավ երկիր, որպես այդպիսին, շատ քիչ կա. եթե այդ տրամաբանության մեջ նայեք՝ Եվրոպան ինքնիշխա՞ն է, թե՞ ոչ, երբ ամբողջ եվրոպական մայրցամաքն ինքնիշխան չէ և գտնվում է ամերիկյան գերակայության տակ: 
  • Երասխի գործարանի կառուցման շուրջ ծագած խնդիրները վկայում են, որ ցանկացած տնտեսական գործունեություն տեսականորեն կարելի է ծավալել միայն Երևանի շուրջ։ Այդ գործարանի տեղափոխման օրինակով այլ երկրները, ներդրողները, օրինակ, կարող են այդպիսի հետևություն անել։ 
  • Պետական միջոցներով աջակցությունը պետք է շատ ավելի մանրամասն քննարկվի, օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք դրամական փոխհատուցում տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, որտեղ աշխատավարձերը միջինից բարձր են Ցանկացած նման աջակցություն տալու համար պետք է ունենալ մանրամասն բացատրություն և ասել, թե ինչու։ 
  • Ցանկացած բան պետք է ունենա չափողականություն, մենք կարող ենք մեզ զգալ ինքնիշխան, բայց դա գնահատելու համար անհրաժեշտ չափողականության միասնական ինդեքս չկա։
  • Եթե մենք չունենանք ֆինանսական այն հոսքերը, ինչ հիմա կա, ապա մենք կունենանք դրամի արժեզրկում, այդ դեպքում պետական պարտքը կլինի ոչ թե 40, այլ 60 տոկոս։ Այս պահի դրությամբ պարտքի սպասարկման խնդիրներ դեռևս չեմ տեսնում, սակայն, եթե լինի փոխարժեքի էական տատանում, ապա խնդիրներ և դժվարություններ՝ պարտքի սպասարկման առումով, կլինեն։
  • Հարկային մարմիններին քաղաքացիների բանկային հաշիվներին հասանելիություն տալու մասին. 

Հասկանալի չէ՝ այդ տեղեկությունն ինչպե՞ս և ի՞նչ գործառույթների պայմաններում է օգտագործվելու։ Բանկային գաղտնիքի հասանելիություն տալը պետք է լինի որոշակի պրոցեդուրաներով, այսինքն՝ ես ոչ թե մտնեմ և ձեր հարկային հաշիվները նայեմ, այլ ես իրավունք ունենամ մտնելու միայն այն դեպքում, երբ այսինչ տվյալները բավարարում են: Այսինքն՝ դա չպետք է համատարած լինի, միայն բավարար կասկածի, խնդիրների դեպքում պետք է ստուգելու հնարավորություն տրվի: Եթե մենք բանկային գաղտնիքի հասանելիության և բանկային գաղտնիքի օգտագործելիության վերաբերյալ հարկային մարմինների կողմից չունենք կարգավորումներ, ապա դա խնդրահարույց է։ Ստացվում է՝ որպես քաղաքացի, իմ բանկային տվյալների մասին հարկային մարմինն ունի տեղեկատվություն, բայց ես չունեմ, այս առումով կան  լուրջ խնդիրներ, այդ թվում՝ նաև իրավունքի ոտնահարման տեսանկյունից։

Եկամուտների պարտադիր և համատարած հայտարարագրումը վաղաժամ է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդու իրավունքների տեսանկյունից:

  • Այսօր իրականացվող հարկային ռեֆորմը, որի վրա շատ գումար է ծախսվում, արդյունավետ չէ, դրա արդյունքում ավելի շատ գումար չի հավաքագրվի։ 
  • Այս ռեֆորմները, չեմ կարծում, որ կարող են այնպիսի ցնցումների հանգեցնել, որոնք մարսելի չեն այս իշխանությունների համար, մենք ունենք շատ ավելի լուրջ մարտահրավերներ։
  • Տեսականորեն՝ միշտ ապագա կա, կապ ունի՝ այդ ապագան ով ինչպես է պատկերացնում՝ ռուսալեզու, թուրքալեզու, ամերիկյան պրոյեկտ… եթե նկատի ունեք՝ պետականության ապագա, Աստված գիտի՝ կա՞, թե՞ չկա…
  • Ես չեմ կարող ասել՝ վիլայեթի ստատուս կունենա՞նք, թե՞ չենք ունենա, բայց նման զարգացումը չեմ բացառում… Երբ որ ցեղասպանության զոհերի անուն-ազգանունները կունենան (հեգնում է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ հաշվել Ցեղասպանության զոհերի թիվը,- հեղ.), թուրքական վիլայեթ լինելը տարբերակներից մեկը կլինի:
  • Երբ կա ամերիկյան անվտանգության գերիշխանություն Եվրոպայի տրամաբանության ներքո՝ հնարավոր է ունենալ գլոբալիստական պրոյեկտ, սակայն մեր տարածաշրջանում՝ իր դարավոր խնդիրներով և տարբեր ռեգիոնալ պետությունների նկրտումներով, չեմ կարծում, որ ոչ ազգային պետության տեսլականը կենսունակ է:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս