Հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները. 44-օրյան սպասելի՞ էր
Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում մեկ անգամ չէ, որ գրել ենք` ենթակառուցվածքների վերահսկողության համար գլխավոր խաղացողների մրցակցությունը սրվելու է՝ միջանցքային ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն: Սրան զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր պահանջը՝ կապված Մեծամորի ատոմակայանի հետ:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում, մասնավորապես, շարունակում է պնդել.
«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Եվ այս օրակարգի շրջանակում Փաշինյանը կայացնում է որոշումներ, որոնք Հայաստանն ավելի են գցում՝ մեկուսացման, իսկ Հանրապետության շրջանները՝ շրջափակման մեջ:
Վերջին վառ օրինակը Տավուշից տարածքների հանձնումն է, որն արդեն պաշտոնական ուժ ստացավ, թեպետ մինչ այժմ էլ ոչ պաշտոնական չէր, մեծ հաշվով:
Տավուշին դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ վերը նշված թեմայի համատեքստում հիշեցնենք 2020 թվականի հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի օրերին արված պաշտոնական մի քանի հայտարարություն, որոնք, մեծ հաշվով, ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ Նիկոլ Փաշինյանի ոչ հայանպաստ, դրսի ուժերի շահերը սպասարկող ծրագրի մաս էին կազմում, եթե անգամ նրա շուրթերով չեն հնչել:
ԵՎ ԱՅՍՊԵՍ՝
2020 թվականի հուլիսի 15-ին Արման Բաբաջանյանը հուլիսյան մարտերի ֆոնին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական սադրանքները տեղափոխվում են նաև արտաքին քաղաքական, դիվանագիտական հարթություն։
«Այս օրերին ադրբեջանական քաղաքական ու մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է թեզ, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել Ադրբեջանում տեղակայված օտարերկրյա ենթակառուցվածքները։
Այս պարզունակ մոտեցման դրդապատճառները հասկանալի են՝ ադրբեջանցիները փորձում են իրենց իսկ հրահրած ռազմական գործողությունները ներկայացնել՝ որպես օտարերկրյա ենթակառուցվածքների () նախագծերի դեմ ուղղված քայլեր։ Իրականում այդ երկրի տարածքում գործող բոլոր, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորն Ադրբեջանի իշխանությունն է, որը ցանկացած քայլի դիմելիս պետք է հաշվի առնի նաև այդ հանգամանքը։
Մյուս կողմից, սակայն, այս ավանտյուրան ուղղված է նաև հայկական կողմին, որին փորձ է արվում ներկայացնել՝ որպես ագրեսիայի, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների դեմ ագրեսիայի պատրաստ պետության։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է անենք առավելագույնը՝ այդ՝ արդեն քաղաքական սադրանքին չտրվելու և օտար գործընկերների համար հասկանալի քաղաքականություն վարելու համար։
Ստեղծված իրավիճակում, թերևս, ամենաարդյունավետ միջոցը կլինի այն, որ Հայաստանի և Արցախի պատկան մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունները, Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեն, որ մենք չենք թիրախավորելու Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ենթակառուցվածքները, իսկ դրանց՝ հայկական կողմերի առաջխաղացման արդյունքում Հայաստանի կամ Արցախի հանրապետության վերահսկողության տակ անցնելու դեպքում, պատրաստ ենք ապահովելու դրանց անվտանգության լիակատար երաշխիքներ։
Օտար տերություններն ու կորպորացիաները պետք է հստակ երաշխիքներ ստանան հայկական կողմերից առ այն, որ մեր գործողությունները որևէ կերպ ուղղված չեն լինելու իրենց ենթակառուցվածքների դեմ։ Սա նուրբ, չափազանց նուրբ խնդիր է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ցանկացած ստորության, այդ թվում՝ կարող է միտումնավոր ստեղծել պայմաններ, որ հայկական զինված ուժերն ուղղակի այլընտրանք չունենան՝ օտարերկրյա ենթակառուցվածքները թիրախավորելու հարցում։
… Հայաստանը և Արցախը չեն թիրախավորելու Ադրբեջանի տարածքում գտնվող օտարերկրյա ենթակառուցվածքները։ Այս երաշխիքը պետք է հասցնել օտարերկրյա տերություններին բոլոր հնարավոր միջոցներով ու խողովակներով»,- շարունակել էր նա: Ի դեպ, ավելի ուշ այս գրառումը հեռացվել էր հեղինակի կողմից:
Իսկ սրանից օրեր հետո՝ 2020 թվականի հուլիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում էր ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այս հանդիպմանը Փաշինյանը դարձյալ հուլիսյան մարտերի համատեքստում ասել էր.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միաժամանակ՝ ի դեմս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, կրկնել էր Փաշինյանի պնդումը.
«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»:
Այստեղ առաջինն ուշագրավ է այն, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, գոնե այդ պահին նրան մերձակա գործիչներն Արցախին զգուշացնում էին՝ չթիրախավորել Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ենթակառուցվածքները: Այսինքն, 44-օրյա պատերազմը ծրագրվա՞ծ էր, առնվազն կանխատեսելի՞:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ակնարկում է, որ հուլիսյան մարտերից առաջ թեկուզ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է: Ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ է հուլիսյան մարտերից առաջ նման հնարավորություն դիտարկվել, քննարկվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մինչև այսօր չունենք: Առհասարակ, հուլիսյան մարտերի հետ կապված ևս, մեղմ ասած, չլուսաբանված դրվագներ ու պահեր կան:
Ավելի ուշ ադրբեջանական ենթակառուցվածքների թիրախավորման հարցն օրակարգ մտավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: Այսինքն, Ադրբեջանը կրկնեց իր թեզը, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հայերի կողմից իբր հարվածելու մասին, ինչը հայկական կողմը պաշտոնապես հերքում էր՝ Պաշտպանության նախարարության, երկրի նախագահի մակարդակով:
Օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի կեսերին նախագահ Արմեն Սարգսյանը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.
«Խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Եթե այդ ժամանակ հարվածեին, այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և՝ Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով՝ գնել զենք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»:
Իսկ 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հրահանգով և համաձայնությամբ ոչ միայն չթիրախավորեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը, այլև ռազմական նշանակության շատ օբյեկտներ, որոնք կարող էին, Արցախի ջրամբարներն ու բունկերները, որոնց ճակատագիրն ինչ-որ առումով կանխատեսելի էր:
168.am-ը դեռ 2022 թվականին անդրադարձել էր այս թեմային՝ «Փաշինյանի «նվերներն» Ադրբեջանին՝ Մատաղիսի ջրամբարից մինչև 3-րդ ՊՇ-ի մի քանի հարկանի բունկեր» վերտառությամբ հոդվածով նաև, էլ չենք խոսում Գյանջայի ռազմական օբյեկտների, Մինգեչաուրի ՋԷԿ-ի մասին, և այլն:
Այսինքն, 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը գործել է Ադրբեջանին և Ադրբեջանում ներկայացված օտարերկրյա պետություններին հնարավորինս վնաս չհասցնելու սկզբունքով, և ոչինչ, որ գուցե որոշ դեպքերում պատերազմի հունը փոխվեր:
Իսկ այս հրամանը հայկական զինված ուժերին դեռ հուլիսյան մարտերի օրերից էր տրվել: