Փաշինյանի «նվերներն» Ադրբեջանին՝ Մատաղիսի ջրամբարից մինչև 3-րդ ՊՇ-ի մի քանի հարկանի բունկեր
168.am-ը մի քանի անգամ գրել է, թե նախկինների օրոք ինչպիսի դիրքեր են կառուցվել, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողությանն են անցել, և որոնք զարմանք են առաջացրել անգամ Ադրբեջանի ղեկավարության մոտ:
Մասնավորապես, 2022-ի մարտի 9-ին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ,- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովը Ֆիզուլիի և Աղդամի մարտերի մասին խոսելիս անդրադարձել էր անհաղթահարելի «Օհանյանի գծին» կամ պատնեշին:
«Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդը ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը: Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել է ադրբեջանցի գեներալը:
Մարտի 20-ին օկուպացված Մատաղիսում Իլհամ Ալիևը զորամասի բացման է մասնակցել:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից օրեր առաջ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում իմացել են պատերազմի սկսվելու հստակ ժամկետը, սակայն զորքին դիրքերից իջեցրել են և սեպտեմբերի 26-ին Մատաղիսի զորամասի օրն են նշել, իսկ սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7:10-ին, սկսվել է պատերազմը:
Պատերազմի առաջին օրերին ընկել է Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել է գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:
Պատերազմից հետո հայկական երբեմնի ամենապաշտպանված հենակետի և գերիշխող 457 բարձունքի մասին տեսանյութում ադրբեջանցի մասնագետները նշում էին, որ այն թույլ էր տալիս հայկական կողմին վիզուալ վերահսկողության տակ պահել Թալիշը, Մատաղիսը, Շիխարխ բնակավայրը և այլն: Այստեղ հնարավորություն էր ստեղծված առաջնագիծը թողնել և երկրորդ գծից կրակ վարել:
Այս մասին մանրամասն գրվել է, ուստի շատ չենք մանրանա, հատկապես, երբ հարցը որոշել ենք այլ կերպ դնել, որը միայն մեզ մոտ չէ, որ առաջացել է: Այն է՝ ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու:
Նույն հարցը կարելի է ձևակերպել 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական կետի մասով, որը ոչ թե պայթեցվեց, այլ նվիրվեց Աղդամի շրջանի հետ միասին, ըստ էության:
Արցախի առաջին պատերազմից հետո՝ 1990-ականներին կառուցված ռազմական այս կառույցի չափսերը զարմացրել էր ադրբեջանցիներին: Այն բաղկացած էր մի քանի հարկից, բավականին մեծ թունելներից, որտեղ հայ զինվորները պատերազմական գործողությունների ժամանակ կարող էին պատսպարվել:
Այս բունկերի գոյությունը ևս ադրբեջանցիներին ստիպել էր մտածել, որ հայկական կողմը պատրաստվել է պատերազմի, թեպետ միշտ խաղաղության տեսանկյունից է հանդես եկել: Ավելի ճիշտ՝ խաղաղություն պարտադրողի:
Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 4-ին ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը նման գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով լուսանկարներ:
«Նշանակետ թիվ 2` Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-հետ»:
Թե ինչու հայկական կողմը ստեղծված իրավիճակից ելնելով, չոչնչացրեց Մատաղիսի ջրամբարը, 3 ՊՇ-ի բունկերը, կարելի է միայն ենթադրություններ անել:
Իհարկե, շատ ավելի լավ կլինի, երբ սեփական ուժերով կարողանաս սեփական ռազմավարական օբյեկտների գրագետ պաշտպանության կազմակերպես, ոչ թե ստիպված լինես ոչնչացնել:
Բայց երբ առաջինը չես արել, գոնե պետք է առաջնորդվես՝ ոչ ինձ, ոչ քեզ սկզբունքով:
Չնայած Փաշինյանի իշխանության օրոք խնայվել են անգամ Ադրբեջանի՝ Գյանջայի ռազմավարական օբյեկտները:
-Ավիաբազա – օդանավակայան, որը մինչև 2020-ի օգոստոս Ադրբեջանը օգտագործում էր քաղաքացիական նպատակներով, սակայն օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին այդտեղ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին:
-ՀՕՊ, որը կազմված է Ս-125-ների դիվիզիոնից:
-ՌԱՆ – Ռազմարդյունաբերության նախարարություն, նշված գործարանները ենթակա են նախարարությանը:
– ՆԶ – Ներքին զորքեր:
168.am-ը կփորձի առավել մանրամասն այս թեմաներին անդրադառնալ: