270 մլն եվրոն բաժանելու են հակառուսներին՝ ընդդեմ ՌԴ-ի քարոզչություն իրականացնելու համար. Հայկ Նահապետյան
270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին՝ 4 տարվա համար. ահա այն ամենը, ինչը կարողացավ ստանալ Հայաստանի իշխանությունը Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հանդիպումից հետո։
Թե ի՞նչ է կարողանալու անել Փաշինյանի Կառավարությունն այս գումարով, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն առաջարկեց շատ երկար չմտածել՝ անգամ չքննարկել, քանզի, ըստ նրա, այդ գումարը բաժին է հասնելու ոչ թե Հայաստանի տնտեսությանը, այլ Հայաստանի այն հակառուս գործիչներին, որոնք արևմտամետի անվան տակ Հայաստանում տարածում են հակառուսական տրամադրություններ։
«Հայաստանը ոչինչ չի ստացել։ Այդ գումարը ստանալու են այն ազդեցության գործակալները, որոնց վրա Փաշինյանը տաքացնելու է իր ձեռքերը, քանզի հենց նրանք են օգնում պահպանել իր իշխանությունը»,- ասաց Նահապետյանն ու ընդգծեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանին տրվող դրամաշնորհների մի մասը միշտ էլ պարտադիր մսխվում է, հետևապես՝ նույնը լինելու է նաև այս 270 միլիոն եվրո դրամաշնորհի դեպքում։
Ըստ Նահապետյանի՝ Հայաստանը պետք չէ նույնականացնել Արևմուտքի ֆինանսական սնուցման ասեղի վրա երկար տարիներ գործունեություն ծավալող գործիչների հետ, որոնք հիմա իրականացնելու են հայկական շահից չբխող քաղաքականություն։
«Այդ մարդիկ օտարերկրյա ազդեցության գործակալներ են, որոնց կբաժանվի գումար՝ տարեկան մոտ 80 միլիոն եվրոյի չափով՝ ընդդեմ Ռուսաստանի ալիք բարձրացնելու համար։ Այդ ալիքը պետք է, որպեսզի Արևմուտքը կարողանա իրականացնել իր ծրագրերը՝ նպատակները, որոնք հետևյալն են՝ Հայաստանը պետք է կապերը խզի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանից պետք է դուրս բերվի 102-րդ ռազմաբազան։ Հայ-իրանական սահմանին կանգնած ռուսներին ևս պետք է հեռացնել։ Հայաստանը պետք է իր տարածքում տեղակայի ՆԱՏՕ-ի զորք»,- ասաց Նահապետյանը՝ շեշտելով, որ հենց այս նպատակներին հասնելու համար է պետք հանրության մոտ առկա տրամադրությունները փոխակերպել ընդդեմ Ռուսաստանի։
Նրա համոզմամբ՝ հենց այդ առաքելությունն են ստանձնելու Հայաստանի հակառուսները 270 միլիոն եվրոյի դիմաց, որպեսզի, երբ գա քարոզչականից զատ իրականում գետնի վրա գործողություններ իրականացնելու ժամանակը, այդ քայլը հանրության զգալի շերտերի մոտ ընդվզում չառաջացնի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։