«Հայտարարությունը, կարծում եմ, զգուշացում է. Փաշինյանի տված խոստումները չկատարելու դեպքում Ադրբեջանի պատասխանը լինելու է ռազմական օպերացիա». Հայկ Նահապետյան

Օրերս Ադրբեջանի նախագահն այցելել էր Նախիջևան և Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նախիջևանի պաշտպանական ներուժի ամրապնդումն այս տարիների ընթացքում եղել է գերակա խնդիր։

«Ինչպես գիտեք, իմ հրամանով Նախիջևանում ստեղծվել է առանձին բանակ։ Այս բանակը, իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի անբաժանելի մասն է։ Սակայն Նախիջևանի յուրահատուկ աշխարհագրությունը և Ադրբեջանի հիմնական մասի հետ աշխարհագրական կապի բացակայությունը, բնականաբար, պահանջում են ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անվտանգությանը, և սա մնում է անփոփոխ։ Հետևաբար, սա առաջին պայմանն է։ Ինչպես այսօր նշեցի, Ադրբեջանի զինված ուժերն ազդեցություն ունի տարածաշրջանում։ Նախիջևանի ռազմական ներուժն ամրապնդվում է և կշարունակի ամրապնդվել»,- նշել էր Ալիևը։

Ի՞նչ նպատակով է Ալիևն այդքան մեծ ուշադրություն դարձնում Նախիջևանի բանակին, եթե Հայաստանի հետ գնում է խաղաղության, ապա Նախիջևանի բանակի հզորացումն ինչո՞ւ է դարձրել գերակա խնդիր։

ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախ ասաց՝ բանակը հայտարարություններով չի հզորանում։ Այն, ինչ Ալիևն է ասել, Ադրբեջանը Նախիջևանում տեղակայված իր զինված ուժերի սպառազինությունը, մարտական ոգին, նորագույն զինտեխնիկայի համալրումը, հարձակողական զինտեխնիկա, այդ թվում և առաջին հերթին՝ տանկեր ունենալը, նաև՝ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Նախիջևանում դեռևս 90-ականների վերջերից՝ խոսում է մեկ բանի մասին, որ Ադրբեջանը կարող է Հայաստանն առնել ակցանի մեջ՝ երկու կողմից հարվածելով։

Կարդացեք նաև

«Օրինակ, ինչպե՞ս Հայաստանը մասնատել, հարավն ամբողջովին կտրել։ Երասխից հարված և մյուս կողմից էլ ՝Ջերմուկից, որ իրենք փորձել են ավելի վաղ։ Իշխանությունները չունեն այնքան քաջություն ասելու, որ Ջերմուկի օպերացիայի ժամանակ Ադրբեջանի զինուժի առաջխաղացումը փաստացի կանգնեցրեց 102-րդ ռազմաբազան։ Սա իրականություն է. երկրորդ պաշտպանական բնագծից 102-րդ բազայի զինծառայողներն էին արագ եկել, որոնք ստիպել էին փաստացի Ադրբեջանի զինուժին չիջնել միջպետական ճանապարհ։ Մի կողմից՝ Ջերմուկից, մյուս կողմից՝ Նախիջևանի կողմից կարող էին հարվածել և ուղղակի Հայաստանի, կոնկրե՛տ, քարտեզի այդ մասը ամբողջովին կտրել։

Հայտարարությունները, կարծում եմ՝ զգուշացումներ են՝ Փաշինյանի տված խոստումները չկատարելու դեպքում Ադրբեջանի պատասխանը լինելու է ռազմական օպերացիա։ Ակնհայտ է, որ Փաշինյանը մինչև ընտրություններն Ադրբեջանին խոստումներ է տվել, մասնավորապես՝ Սահմանադրության վերաբերյալ, որի մասին, ի դեպ, Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարբերաբար ասում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։

Փորձագետի կարծիքով՝ սա միայն չի վերաբերում Նախիջևանին, ուղղակի այս պահին Նախիջևանի  վերաբերյալ է նման հայտարարություն արել։ Այսպես իրենք ունեն հարվածային ճեղքման ուղղություն՝ Երասխից դեպի Երևան ՀՀ  մայրուղով։ հետևաբար, այս պահին իշխանությունների որոշելիքն է, թե Ադրբեջանի այս սպառնալիքներին ինչպես հակազդի։

«Բնականաբար, չի լինելու հայտարարություն Ադրբեջանի նախագահի այս կեցվածքին հակընդդեմ՝ սա ակնհայտ է։ Հայաստանից այսպես որևէ ձևով չեն հակազդել։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը դեմ չի լինելու Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը։ Երրորդ, եթե ժամանակին Ադրբեջանն ուներ մտավախություն, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիան այս կամ այն ձևով  արձագանք կստանա Ռուսաստանի Դաշնության կողմից՝ խոսքս Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի մասին է, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը սկզբունքորեն կարող է նաև բացառել այդ  տարբերակը։

Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանին ինտեգրել թուրքական աշխարհի ծրագրին։ Սա է ամբողջական ծրագիրը, իսկ այդ ինտեգրման ժամանակ խոչընդոտները պետք է դուրս բերվեն։ Օրինակ, մասնավորապես՝ Տիգրանաշենի հետ կապված. սա մեզ համար ստրատեգիական է, այստեղ  խնդիրը միայն տարածքի մասին չէ։ Հայաստանը կարող է երկու մասի բաժանվել այդ տարածքը հանձնելուց հետո։ Եվ Ադրբեջանը, երբ հանձնվի այդ  բնակավայրը, իր հարակից տարածքներում, այդ թվում՝ նաև միջպետական ճանապարհով, կարող է նաև սահմանապահ ուղեկալներ նշանակել՝ Մաքսային ծառայություն։ Այսինքն՝ Հայաստանից Հայաստան գնալու համար պետք է «Ադրբեջանի տարածքով» անցնել»,- հավելեց Հայկ Նահապետյանը՝ տարակուսելով, թե այս ամենի համատեքստում ինչով է զբաղված ՀՀ իշխանությունը, ինչը պրոյեկտվում է ԱԺ-ում՝ իբր համերաշխության, խաղաղության կոչերով Հայաստանի ապագան կերտելու քայլերով։

«Ակնհայտ է, որ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար շոուներ են պետք, տեսարաններ։ Եվ այս  տեսարաններից մեկն ԱԺ-ն է։ Մեր գյուղատնտեսությանը հիմա մահացու հարված է հասցվում։ Ռուսաստանի կողմից, այո՛, կատարված քայլերը դա մահացու հարված են մեր գյուղատնտեսությանը։ Որևիցե երկիր իր շուկան չի բացի մեր ոչ մրցակցային ապրանքների համար։ Տուժում է գյուղացին, տուժում է տնտեսվարողը, մեծ հաշվով, տուժում է պետությունը։ Եվ ի՞նչ։ Օրվա իշխանություններն ինչո՞վ են զբաղված։

Իսկ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի մասին խոսույթը Փաշինյանը սպառնալիք է համարում, ասում է՝ այդ  խոսույթները պետք է վերանան։ Մինչդեռ Ալիևը խոսում է, որ ադրբեջանցիները պետք է գան ու բնակվեն Հայաստանում։

Սա գիտե՞ք՝ ինչ է նշանակում. սա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի ցանկ ունեն, թե այդ ցանկով ինչ պիտի արվի Հայաստանի օրվա իշխանությունների կողմից։ Սա ընդամենը մի բանի մասին է խոսում, որ Հայաստանում կոլաբորանտ իշխանություններ են։ Այսինքն՝ մեզ թելադրում են ապրել ինչպես, մեր երկիրը պաշտպանել ինչպես՝ Ադրբեջանի և նվազագույնը Թուրքիայի նախագահները, իսկ եթե ստրատեգիական նայենք, ադպիսի կամքի թելադրում կա նաև հավաքական Արևմուտքի կողմից, օրինակ՝ Եվրամիության կողմից, որը փաստացի մեր երկիրը դրել է զոհասեղանին։

Սա է իրավիճակը, և այս կոլաբորանտ իշխանությունների հետ մեր հարգելի ընդդիմությունը ճիշտ է անում, որ վարում է քաղաքական պայքար»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31