Եթե Տիգրանաշեն բերի 200 ադրբեջանցի, 10 օր հետո իրենք իրար մեջ ադրբեջանցի կնոջ են սպանելու՝ իր երկու երեխաների հետ, ու գցեն հայերի վրա
«Դասեր» հաղորդաշարի հյուրերը պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն են։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.


Հայկ Նահապետյան.– Այն, ինչ անում է օրվա վարչակազմը, կանխարգելիչ է: Որպեսզի միտքը խոսք չծնի ու գործողություն չդառնա, իրավիճակը փորձում են գլխիվայր շուռ տալ: Իրավիճակը պետք է ճիշտ գնահատել: Մեր ընդդիմադիր հատվածն իրավիճակի նույնական գնահատականը չի տալիս:
Կա՛մ դու կոլաբորանտ կառավարության հետ ես, կա՛մ իր դեմ ես: Եթե դեմ ես, պետք է պայքարես:
Էդգար Ղազարյան.– Արդեն տեսանելի է՝ նախորդ գումարման Ազգային ժողովում մեր կողմից ընտրված ընդդիմության սխալները որոնք են: Դրանք կրկնելն աղետաբեր կլինի թե՛ երկրի, թե՛ նորընտիր ընդդիմության համար:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է: Միգուցե մարդիկ կան, որ այդ տեսակետը չեն կիսում, նրան համարում են վատ կառավարող: Ամեն դեպքում Փաշինյանին հեռացնելը երկու դեպքում էլ նպատակ է դառնում: Պետք է նոր բաներ մտածել: Հիմա առաջարկվում են բաներ, որոնք արդեն արվել են: Փողոցային պայքար պետք է, բայց ոչ նույն առաջնորդներով ու նույն ճանապարհով:
Հայկ Նահապետյան.– Եթե մենք մտածում ենք՝ ո՞նց կարող է այսքան ապօրինությունների, Սահմանադրության խախտումների արդյունքում մնալ իշխանության, պետք է հասկանալ, որ ինքը չի մնում, իրեն պահում են: Կպահեն 20 տարի, կմնա 20 տարի:
Տեսե՛ք՝ ով է առաջինը շնորհավորում՝ դեռ արդյունքները չհաշված. Մակրոնը, Ուրսուլա ֆոն Դեր Լայենը: Փաշինյանի իշխանությունը հիմնված է արտաքին կառավարիչների մեծ ցանկության ու նպատակների վրա:
«Թուրան» պրոյեկտը մնում է, մոդերատորն է դառնում ԱՄՆ-ը:
2024թ. հունիսի 12-ին, երբ Ներքին զորքերն ԱԺ-ի մոտ հատուկ գործողության դիմեցին, հարյուրավոր ընդդիմադիրներ ձերբակալվեցին, հաջորդ օրն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում մեղադրեցին ընդդիմությանը և գովերգեցին իշխանությանը: Այդ օրվա դեպքերից հետո քաղաքական ընդդիմությունը սխալ որոշում կայացրեց: Թիրախը դրանից հետո Փաշինյանը չպետք է լիներ, այլ ԱՄՆ դեսպանատունը: Այդ օրը ճակատագրական դարձավ հայ ժողովրդի համար:
Էդգար Ղազարյան.– Փաշինյանը ոչ մի իմաստով մեր երկիրը չի կարողանում կառավարել: Հասարակական տրամադրությունները նա կառավարում է միայն դրանք ճնշելով: Ի վերջո, նա կանգնելու է շատ ծանր իրավիճակի առաջ:
Հայկ Նահապետյան.- Տնային կալանքներ ինչի՞ են տալիս, որովհետև բանտերում տեղ չկա:

Երբ քո զոհվածի մորը, քրոջը, դուստրերին ոստիկանները կարող են քարշ տալ Եռաբլուրի աստիճաններով, ու քո երկրում ընդվզում չկա, երբ կուլ տվեցինք Սրբազան շարժման ժամանակ ապօրինությունները, մարդկանց խեղելը, խնդիրն արժեքային համակարգի տիրույթում է արդեն: Որքանո՞վ ես դու պատրաստ պաշտպանել քո արժեքները: Քո արժանապատվությունը քեզ թո՞ւյլ է տալիս ծնկել, թե՞ ոչ: Մենք պետք է այնպես անեինք, որ այդ ոստիկաններին իրենց ընտանիքները չընդունեին, որ հասարակության մեջ նրանք չկարողանային դուրս գալ:
Ցանկացած հասարակության մեջ երկրի ղեկավարներից հետո դատավորներն ամենապատասխանատու խավն են: Հրեաները պետություն չունեին, բայց ազգի կառուցվածքում ամենակարևոր մարդիկ դատավորներն էին: Հիմա մեր դատավորները որ էսքան ապօրինի որոշումներ են կայացնում, մեր ժողովրդի արձագանքը համարժե՞ք է:
Էդգար Ղազարյան.- Մարդիկ ոչ թե ցասում ու դժգոհություն չունեն, այլ վախ ունեն, ինչը նրանց թույլ չի տալիս փողոց դուրս գալ: Մարդիկ, ովքեր մեզ ասում էին՝ մանդատները մի՛ վերցրեք, հիասթափությունից էին ասում, բայց դա ըստ էության պայքարից հրաժարվել է: Էդ հիասթափությունից ազատելը մեր խնդիրը պետք է լինի: Հասարակության մեծամասնությունը Նիկոլին դեմ է: Մեր խնդիրը պետք է լինի՝ ապատիկ տրամադրությունները փոխել: Ես զգում եմ այդ պատասխանատվությունը:
Մեզ ոչ ոք չի շնորհավորել, ու դա շատ բնական է: Ոնց որ պատերազմ գնացողին ասես՝ ես քեզ շնորհավորում եմ, որ դու գնում ես պատերազմ:
Ես չեմ գնում ՔՊ-ի հետ հարաբերվելու ու նրանց հետ աշխատելու համար, ես գնում եմ Խորհրդարան՝ ժողովրդին ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանի վախերը, հետընտրական բռնություններն ինչի՞ արդյունք են: Հաղթողները նման կերպ չեն վարվում:
Փաշինյանն ապուշ չէ: Նրա հետ դրսից աշխատում են: Ինքը շատ լավ գիտակցում է՝ իրավիճակն ինչպիսին է: Ինքը գիտի՝ վարչական ռեսուրսը հանած՝ ինքը չի անցել: Նիկոլ Փաշինյանն իշխանության չլիներ, ՔՊ-ն կա՛մ 4%-ի շեմը չէր հաղթահարի, կա՛մ մեծ դժվարությամբ կհաղթահարեր: Ինքը տեսնում է, որ ռեալ ձայներ չունի, անցնում է հիստերիկ գործողությունների:
Հայկ Նահապետյան.- Իր չեղած իշխանությունը Նիկոլ Փաշինյանը փորձում է կոմպենսացնել ոստիկանական բռնություններով:
Փաշինյանն ո՞վ է, որ օծյալ Կաթողիկոսի վրա սուր բարձրացնի, ինչքան էլ իր նախընտրական ծրագրում նման բան գրի: Փաշինյան Նիկոլն ո՞վ է, որ Աստծո որոշում է փոխում Հայաստանի Հանրապետությունում:
Էդգար Ղազարյան.- Չի բացառվում, որ հենց աշնանն էլ Փաշինյանը գրոհի եկեղեցու վրա: Նրա պատարագներ գնալն էլ նորից այդ նպատակն ունի: Ինֆորմացիոն ֆոն է ապահովում: Մի պահ կար, որ ինքը, բացի եկեղեցու դեմ պայքարից, ոչինչ չէր անում: Առավոտից երեկո դրանով էր զբաղված: Ինչ ասես՝ արեց, ձախողեց: Հիմա կհամարի, որ ժողովրդից քվե է ստացել, նորից պետք է փորձի: Ոչ մի քվե էլ չի ստացել: Աստծո դեմ պայքարելը հաստատ իր խելքի բանը չէ:
Եթե քեզնից վերցնեն ինքնությունդ ու հավատդ, դու դառնում ես անասուն:
Եկեղեցու դեմ պայքարը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրի մաս է: Դրա մասին Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն է ասել, ով ասաց՝ ղազիաթներ, այսինքն՝ թեմեր պետք է ստեղծվեն: Թեմերն ինչո՞ւ են ստեղծում:
Հայկ Նահապետյան.- Ես կարծում եմ՝ Փաշինյանը նոր կաթողիկոսություն է ստեղծելու, որի թեմերը միայն հայաստանյան են լինելու: Հակաթոռ կաթողիկոսություն է լինելու, որի վերադասը լինելու է Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին սպա, ազգությամբ հույն, Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարքը, ով գործիք է՝ հարվածելու ուղղափառ եկեղեցիներին: Ի դեպ, Վրաստանում էլ է նույն շարժումը սկսվել: Թիրախն ուղղափառ եկեղեցիներն են: Մեր ժողովրդի համար լրջագույն փորձություն կլինի, եթե նրա ծրագրերը կյանքի կոչվեն: Աստծո դեմ սուր են ճոճում:
Էդգար Ղազարյան.- Եկեղեցին այս փորձությունը պատվով է անցնում: Կալանավորված են եղել եպիսկոպոսներ, ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հարցազրույցում ասում է՝ կապ չունի, որ մենք 2/3 չունենք: Ժողովրդի կարծիքին 41 պատգամավոր չեն կարող դեմ դուրս գալ: Այսինքն՝ պատրաստ են ամեն ինչի:
Էս օրենքն էլ հանրաքվեի համար ընդունեցին: Ընտրացուցակները կնոսրացնեն, որ սահմանադրական հանրաքվեն հեշտ անցկացնեն: Դրա համար փոփոխություններ արվեցին «Ընտրական օրենսգրքում»:
Հայկ Նահապետյան.– Կոլաբորանտ կառավարությունն իրավական գործընթաց չի կարող անել: Իրեն ասել են՝ փոխի՛ր Սահմանադրությունդ, ու թե ի՞նչ կանես, դա ո՞նց կփոխես, մեզ չի հետաքրքրում:
Փաշինյանի ապօրինություններն ունեն քավոր, դա ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և որոշ պետությունների ղեկավարներ:
Նոյ նահապետից սկսած՝ մեր Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու մեջ ամենամեծ դերակատարումն ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Եթե ամբողջ Հանրապետությունում երկրի քաղաքացիները դեմարշ անեին, ակցիաներ լինեին, բողոքի ցույցեր լինեին՝ Մակրոնի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ, ԵՄ ղեկավարները կհասկանային, որ իրենց գործողությունների արդյունքում Հայաստանը շատ արագ կարող էր վերածվել հակաարևմտյան ճամբարի, ու իրենց վարքագիծը կփոխվեր: Պետք էր կեցվածք դրսևորել:
Էդգար Ղազարյան.– Տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու կազմակերպությունների անհասկանալի ակտիվություն կա Հայաստանում:
Հայկ Նահապետյան.– Այն տարածքները, որոնք պատրաստվում են հանձնել՝ Տիգրանաշենը և Տավուշի որոշ տարածքներ, անվտանգային սպառնալիքներ են ստեղծելու Հայաստանի համար: Վտանգվում են Հայաստան մտնող գազատարն ու Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Էդգար Ղազարյան.– Եթե Տիգրանաշեն բերի 200 ադրբեջանցի, 10 օր հետո իրենք իրար մեջ ադրբեջանցի կնոջ են սպանելու՝ իր երկու երեխաների հետ, ու գցեն հայերի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։

