Ի՞նչ են ակնկալում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանից․ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի ուշագրավ բացահայտումները

Ամենաքննարկվող ռեգիոնալ իրադարձությունը շարունակում է մնալ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպումն ու դրա արդյունքները։

Այս հանդիպման շուրջ քարոզչական բավականին ինտենսիվ աշխատանք տարան թե ռուսական և ռուսամետ, թե արևմտամետ շրջանակները։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ արևմտամետ քարոզչությունն այս անգամ հատեց ադեկվատության սահմանները՝ փորձելով ներկայացնել անիրականն իրականության փոխարեն։

Արևմուտք-Ռուսաստան գլոբալ պատերազմի ֆոնին ակտիվորեն օգտագործվող քարոզչական գործիքներն իրականում թույլ չեն տալիս հանրությանն առանձնացնել գործընթացներից կարևոր շեշտադրումները, ռեգիոններում գլոբալ գործընթացը, գլոբալ նպատակները հասկանալու նպատակով։

Նախօրեի հանդիպումից հետո կարճ հայտարարություններով հանդես եկան Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Կարդացեք նաև

Այս մակարդակում արվող դիվանագիտական ձևակերպումները լակոնիկ են, ոչ շատ մանրամասն ու հանրության լայն շերտերի համար անհասկանալի։ Սակայն նրանցից մի փոքր ավելի ցածր պաշտոն զբաղեցնող գործիչների խոսքը երբեմն ավելի խոսուն է և հետաքրքիր։ Եվ այս տեսանկյունից հայաստանյան մամուլում անտեսվեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի կարճ ճեպազրույցը, որի ընթացքում նրա մի շարք շեշտադրումներ ու ձևակերպումներ չափազանց կարևոր էին հասկանալու համար՝ նախ այս եռակողմ հանդիպման և ՀՀ-ին տրվող աջակցության իրական նպատակը, հանդիպմանը նախորդած օրերի ընթացքում Ալիևին ուղղվող զանգերի բովանդակությունը, որը ևս մի շարք շրջանակների կողմից մանիպուլացվեց, ինչպես նաև ԱՄՆ փոխպետքարտուղարի խոսքը ցույց տվեց ռեգիոնալ այս գործընթացների գլոբալ նպատակը։

Հանդիպման և աջակցության նպատակը՝ խրախուսել ՀՀ-ին՝ վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ

Մի շարք կարևոր շեշտադրումներ արեց Ջեյմս Օ՛Բրայենը։ Նախօրեին՝ եռակողմ հանդիպումից ժամեր անց կազմակերպված կարճ ճեպազրույցում ամերիկացի դիվանագետն ասաց, որ եռակողմ հանդիպման բոլոր բանախոսները հանդիպումը սկսեցին՝ շեշտելով, որ վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք նաև գիտենք, որ այս հանդիպումը տեղի է ունենում մի համատեքստում, որտեղ շարունակական ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ։ Այս հանդիպումը վերաբերում էր Հայաստանում բարեփոխումներին, բայց մենք, անշուշտ, խրախուսեցինք Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել հասնել վերջնական համաձայնության Ադրբեջանի հետ։ Սա տարածաշրջանի համար երկարաժամկետ անվտանգության ապահովման և բարգավաճման զարգացման լավագույն ուղին է, հատկապես՝ նոր առևտրային ուղիները, որոնք կարող են անցնել Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա: Այսպիսով, մենք ողջունում ենք այդ բոլոր քայլերը»,- ասաց Օ՛Բրայանն՝ ըստ էության եռակողմ հանդիպումը կապելով ՀՀ-Ադրբեջան գործընթացի, դրանում ՀՀ-ին՝ Ադրբեջանին ընդառաջ քայլերի խրախուսելու հետ, ինչպես նաև կարճ անդրադառնալով նաև, այսպես կոչված, միջանցքների թեմային։

ԱՄՆ փոխպետարտուղարը՝ Միջին միջանցքի ու ՀՀ որոշման մասին

Ի պատասխան մեկ այլ հարցի՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայենը ավելի մանրամասն խոսեց տրանսպորտային նախագծերից, օգտագործելով հենց «միջանցք» տերմինաբանությունը, որի նկատմամբ բարձր զգայունություն ունի Հայաստանը, և դրանից տեղյակ են ՀՀ բոլոր գործընկերները։ Նա նշեց, որ տնտեսական դիվերսիֆիկացիայի, ճկունության և սահմանների վերաբերյալ իրենք լայնածավալ զրույցներ են ունեցել ուժեղ տրանսպորտային միջանցք կառուցելու կարևորության մասին տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա:

«Երկու կոնկրետ բան, որոնք այսօր քննարկվեցին. մեկը՝ ղեկավար Փաուերը հայտարարեց նման առևտրային միջանցքի հնարավորությունների ուսումնասիրության մասին: Այն կարող է ապրանքներ բերել Կենտրոնական Ասիայից, ուստի այդ տարածաշրջանից հացահատիկ, էներգիա, տեքստիլ, այլ ապրանքներ կարող են գալ և տարանցվել մինչև Միջերկրական ծով, ինչպես ասվեց։ Կա ևս մեկ հնարավոր երթուղի, որը կհասնի նաև Սև ծով։

Եվ այս տեսակի Միջին միջանցքը, այս տարանցիկ միջանցքը հասանելի կլինի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, որպեսզի օգտվեն և ստեղծեն արդյունաբերություններ, որոնք շահում են այս տեսակի ապրանքների տեղաշարժից: Այսպիսով, մենք կսկսենք ձևավորել տնտեսական տեսլականը, և այնուհետև յուրաքանչյուր պետություն, բայց հատկապես և ներառյալ Հայաստանի դաշտում կլինի՝ որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես է նա ներդրումներ կատարելու նման միջանցքի շուրջ, եթե այն կառուցվի»,-ասաց Օ՛Բրայենը՝ ըստ էության խոսելով Միջին միջանցք պրոյեկտի մասին, որն իր հերթին՝ ակտիվորեն շրջանառում է Իլհամ Ալիևը։ Ամերիկացի դիվանագետը նաև ասաց, որ իրենք միայնակ չեն դա անում, եվրոպացիները՝ եվրոպական տարբեր կառույցներ, նույնպես սկսել են ուսումնասիրել այս նախագիծը:

Օ՛Բրայանն ասաց, որ նման ներդրման հիմնարար մասը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Նրա խոսքով, սա սերունդների նախագիծ է, որը կփոխի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները, քանի որ նրանք կունենան տարանցիկ ելքեր մինչև Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, բացի Ռուսաստանի կամ Չինաստանի միջով տարբերակներից:

«Այս տեսակի պարտավորությունները պահանջում են կայունություն և խաղաղություն: Այսպիսով, մենք հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այս նախագծի զարգացմանն ամեն կերպ, եթե տարածաշրջանի երկրները կարողանան համաձայնել և նրանք գործադրեն իրենց ինքնիշխան կարողությունները, որ կցանկանային տեսնել այս միջանցքի կառուցումը: Կարծում եմ, որ դա էական ծրագիր է, որը հսկայական ներուժ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար, և մենք շատ կաջակցենք»,- ասաց նա։

Նշենք, որ ի սկզբանե Միջին միջանցքի երթուղին, որը Եվրոպան կկապեր Միջին Ասիայի հետ, ենթադրվում էր Վրաստանով։

Հայաստանի և Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայից հետո Անկարայի և Բաքվի ախորժակը բացվել է՝ տարածվելով Սյունիքի մարզի վրա։ Հենց այստեղով է թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում անցկացնել Միջին միջանցքի երթուղին, դրա հայկական մասն անվանելով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք։

Ինչո՞ւ են պետքարտուղար Բլինքենն ու ԵՀ նախագահ դեր Լայենը զանգահարել Ալիևին

ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը հիշեցրեց, որ և՛ քարտուղար Բլինքենը, և՛ նախագահ ֆոն դեր Լայենը վերջին երկու օրվա ընթացքում զրուցել են Ալիևի հետ։

«Խոսակցությունները շատ լավ ու կառուցողական էին, և մեր նշումն այն էր, որ մենք գնում ենք հենց այն օրակարգով, ինչ այսօր նկարագրել ենք։ Նախագահը դա հասկացավ։ Նա տեսակետներ և նախապատվություններ ունի այն մասին, թե ինչպես կարող ենք դա անել, բայց նաև ասել է, որ յուրաքանչյուր երկրի հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ յուրաքանչյուր երկրի խնդիրն է»,- ասաց ամերիկացի դիվանագետը, ըստ էության հաստատելով տարածված այն մեկնաբանությունները, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները զանգահարել են Բաքու՝ Ալիևի մտահոգությունները փարատելու նպատակով։ Դիվանագիտական վերոնշյալ ձևակերպումից կարելի է ենթադրել, որ թե Բլինքենը, թե դեր Լայենը նկատի են ունեցել, որ, բացի տնտեսական աջակցությունից, ՀՀ անվտանգության ու ռազմական ներուժին ուղղված որևէ աջակցություն չի լինելու, ուստի Ադրբեջանը կարող է «հանգիստ լինել»։

Ինչո՞ւ է ակնհայտ, որ արևմտյան ղեկավարները հենց սա են նկատի ունեցել՝ նման ձևակերպումներով Ալիևի հետ զրուցելով, քանի որ Բաքվի հիմնական մտահոգությունն այս ձևաչափի վերաբերյալ վերաբերում էր հենց դրա անվտանգային ու ռազմական բաղադրիչին։ Բաքուն օրերս տարածած հաղորդագրությունում մտահոգություն էր հայտնել ինչպես այլ հարցերի, սակայն գլխավորաբար հենց այս հարցի վերաբերյալ։

Օ՛Բրայանը ոչինչ չասաց այն մասին, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է նաև ռեգիոնալ այն լարված մթնոլորտը, որը գեներացնում է Բաքուն՝ սպառնալիքներով, վերջնագրերով, միակողմանի պահանջներով, դրանով իսկ ոչ միայն այսօր, այլև տասնամյակներ շարունակ խոչընդոտելով խաղաղության գործընթացին և բանակցություններին։

Ի թիվս Հայաստանին փոխանցվող աջակցության մասին մանրամասների՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի անդրադարձը եռակողմ հանդիպման անուղղակի նպատակին, Միջին միջանցքի կարևորությանը և ՀՀ-ի կողմից որոշում կայացնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև Ալիևին ուղղված արևմտյան զանգերի բովանդակությանը լավագույնս ցույց են տալիս Հարավային Կովկասում Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակը՝ վերջնանպատակը՝ միջանցքներ, տրանսպորտային կապ, որը շրջանցում է Ռուսաստանն ու Չինաստանը։

Այս ճանապարհին Արևմուտքի գործընկերն Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ ՀՀ-ն՝ այդ պրոյեկտների մեջ ներգրավվող կողմ։ Վերջնական որոշումը, ըստ Օ՛Բրայանի, Հայաստանն է, բայց ՀՀ ամերիկացի գործընկերն ազատությամբ օգտագործում է միջանցքային տերմինաբանություն։

Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հենց Ռուսաստանին էին մեղադրում ՀՀ-ից միջանցք պահանջելու հարցում, թեև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները «միջանցք» տերմին երբեք չեն կիրառել ապաշրջափակման գործընթացից խոսելիս։ Թեև 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր, որ ռուսական կողմը պետք է վերահսկի երթուղին, քանի դեռ դրա կարիքը կա։

Ներկայումս ստացվում է, որ Արևմո՞ւտքն է միջանցք պահանջում Երևանից, իսկ մինչ դա, ըստ նույն արևմտյան տեսլականի, ՀՀ-ն պետք է Ադրբեջանի միակողմանի պահանջների տրամաբանության շրջանակում վերջնական համաձայնության գա Ադրբեջանի հետ։ Իսկ մինչ այդ գործընթացներն Արևմուտքը  270 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն է խոստանում ՀՀ իշխանություններին, ջերմ խոսքեր նվիրում նրանց, որպեսզի վերջիններս մեծ ոգևորությամբ իրականացնեն այն, ինչ իրենցից ակնկալում է Արևմուտքը։ Փոխպետքարտուղար Օ՛Բրայանի մեկնաբանությունները մտահոգիչ են թվում այն դիսկուրսի շրջանակում, որը նա ներկայացրեց, որում բացակայում էր զուտ ՀՀ շահն ու դիրքորոշումները։ Այնուամենայնիվ այս հարցերը և արևմտյան ներկայիս առաջարկը պետք է ՀՀ-ում լայն քննարկումների առարկա դառնան։

Տեսանյութեր

Լրահոս