Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի։ Մոսկվան այս քարոզարշավի ընթացքում հատկապես օր օրի խստացնում է քաղաքական հռետորաբանությունը Երևանի՝ դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ «Հայաստանը չի կարող պարել երկու հարսանիքում»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր ասել է, թե պետք է տեսնել՝ ով կհաղթի ընտրություններում, և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։
Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հենց Ռուսաստանին էին մեղադրում ՀՀ-ից միջանցք պահանջելու հարցում, թեև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները «միջանցք» տերմին երբեք չեն կիրառել ապաշրջափակման գործընթացից խոսելիս։ Թեև 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր, որ ռուսական կողմը պետք է վերահսկի երթուղին, քանի դեռ դրա կարիքը կա։