ՆԱՏՕ-ի նպատակը ՌԴ-ին մաքսիմալ թուլացնելն է այն բոլոր կենսական տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ներկա է. փորձագետ

«Հետխորհրդային տարածաշրջանը միշտ հետաքրքիր է եղել ՆԱՏՕ-ի համար՝ հաշվի առնելով ՌԴ պատմական ազդեցությունն այդ տարածաշրջանում, որը միաժամանակ դրսևորվում է քաղաքական, անվտանգային և տնտեսական համատեքստում»,- 168.am-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի նպատակներին անդրադառնալով՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Այս համատեքստում Արմեն Պետրոսյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո բավականին ակտիվ ներգրավվել է տարածաշրջանում, ինչի վառ օրինակներից է Մերձբալթյան 3 երկրների անդամակցումը կառույցին, Վրաստանի հետ առավել սերտ համագործակցությունը հատկապես 2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո, և այլն:

«Այսօր արդեն ակնհայտ ակտիվություն է նկատվում ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ինչը ևս կանխատեսելի է, քանի որ տեսնում ենք գլոբալ առճակատում ՌԴ և ՆԱՏՕ միջև: Հետևաբար, ՆԱՏՕ-ն պետք է առարկայորեն ակտիվանար՝ հաշվի առնելով այդ հակամարտության բնույթը, որի նպատակն այս պատմական իրավիճակում ՌԴ-ին մաքսիմալ թուլացնելն է այն բոլոր կենսական տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ներկա է,- հավելեց փորձագետը՝ հենց այս իրադարձություններով պայմանավորելով նաև Հարավային Կովկասում այսօր տեղի ունեցող գործընթացները,- Այս տարածաշրջանը 2022 թվականից հետո իր վրա զգացել է Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Արևմուտք առճակատման ուղիղ ազդեցությունը, որովհետև տեսել ենք՝ մեր տարածաշրջանը ևս վերածվել է մրցակցության հարթակի»:

Նա հավելեց, որ այդ ակտիվացումը մի քանի հարթակ ու դերակատար ունի՝ ընդգծելով Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, Վրաստանի հետ համագործակցության շրջանակներում (Վրաստանին շնորհվեց ԵՄ անդամի թեկնածության կարգավիճակ) պաշտոնական Բրյուսելի և Վաշինգտոնի դերակատարումը:

Կարդացեք նաև

«Ընդ որում, մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն երկու հիմնական նպատակ է հետապնդում. նախ՝ ՌԴ-ն թուլացնելը, ինչպես նշեցի, մյուսը՝ հաշվի առնելով տարածաշրջանի հարևանությունը՝ ՆԱՏՕ-ի համար խնդրահարույց է Իրանի Իսլամական հանրապետության առկայությունը,- պարզաբանեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, որ հենց այս շրջանակում պետք է դիտարկել այս այցն ու այցի ընթացքում հնչվեցած ուղերձները,- Այդ հանդիպումները և ուղերձները նաև ուղերձ են Ռուսաստանին, որ այս զգայուն իրավիճակում մենք փորձելու ենք ուժեղացնել մեր դիրքերն այն բոլոր կենսական տարածաշրջաններում, որտեղ կա ՌԴ ներկայությունը»:

168.am-ը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք Յենս Ստոլտենբերգի հնչեցրած՝ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին» միտքը ենթադրում է նաև, որ ըստ անհրաժեշտության նաև պաշտպանելո՞ւ է այդ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ի պատասխան՝ նա մեկնաբանեց. «Սա քաղաքական ուղերձ է: Աջակցության համար ՆԱՏՕ-ն պետք է ունենա իրավական հիմքեր, իսկ փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ նման իրավական բազա երկու երկրների միջև չկա, հետևաբար, սա չի ենթադրում ՆԱՏՕ-ի պարտավորություն ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության:

Բայց այս հայտարարություններում ես մեկ այլ ուղերձ տեսա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել համագործակցությունն այնքան, որքան ՀՀ-ն հնարավոր կհամարի: Սա ուղերձ է անվտանգային մակարդակում Հայաստանին մղելու առավել համարձակ քայլերի՝ հատկապես ՀԱՊԿ-ին անդամակցության հարցի շուրջ վճռական որոշում կայացնելու»:

Հստակեցմանը՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ն և հավաքական Արևմուտքն առհասարակ այսօր պատրաստ են աջակցել Հայաստանին՝ իրենց վրա վերցնելով ՀԱՊԿ-ից դուրս գալու ակնհայտ հետևանքները, փորձագետը պարզաբանեց, որ այդ հարցին այս պահին հնարավոր չէ պատասխանել, բայց հավելեց, որ արևմտյան բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են՝ աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ պատրաստ են ջանքեր ներդնել Ադրբեջան-Հայաստան հիմնախնդրի կարգավորման համար:

«Այսինքն՝ իրենք սա զուգահեռ են տեսնում: Եթե չլինի այս հիմնախնդիրը, իրենք շատ ավելի առարկայական քայլերի կկարողանան գնալ՝ նաև ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու առումով:

Այս առումով ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցության երեք հիմնական խոչընդոտ կա՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Ռուսաստանի շատ զգայուն վերաբերմունքը և Իրանի շատ զգայուն վերաբերմունքը: Այս իրավիճակում է, որ ՀՀ-ի համար բավականին բարդանում է ՆԱՏՕ-ի ուղղությամբ ավելի համարձակ քայլերի իրականացումը և փոխադարձաբար՝ ՆԱՏՕ-ի պարտավորությունների իրականացումը՝ ՀՀ-ի հետ կապված:

Բայց քանի որ գործ ունենք կարևոր պատմական իրավիճակի հետ, այս գործընթացը չի ենթադրում անմիջապես անդամակցում դաշինքին, այն կարող է ենթադրել առանձին գործընկերության ձևաչափ, ինչի մասին նշվել է: Բայց այդ դեպքում ևս վստահաբար չի կարելի պնդել, որ ՆԱՏՕ-ն դրանով կստանձնի պարտավորություն ՀՀ անվտանգային խնդիրները լուծելու: Այդ անհատական գործընկերության շրջանակն այս պահին կարող է պարունակել շատ ոչ հրապարակային կետեր, որոնց մասին տեղեկություն կարող են ունենալ միայն պրոցեսում ներգրավված մարդիկ»,- մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա՝ անգամ փոխադարձ պարտավորության դեպքում խնդրահարույց է դաշինքի հնարավոր պարտավորությունների իրացումը ՀՀ տարածքում, որտեղ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական հակառակորդի ռազմաբազան է:

«ՆԱՏՕ-ի համար այս տարածաշրջանում իր խնդիրը լուծելու ամենաարագ և արդյունավետ եղանակը Հարավային Կովկասի 3 երկրներին միաժամանակ կառույցի անդամակցության ձևաչափ առաջարկելն է: Ուղղակի այստեղ խոչընդոտ կա Ադրբեջանի հետ կապված, որովհետև ժողովրդավարական լրջագույն խնդիրներ ունի, որոնք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ամփոփեց փորձագետը՝ հիշեցնելով Բալթյան երկրների օրինակը:

Տեսանյութեր

Լրահոս