Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել Տավուշի ուղղությամբ մեր ամրությունը, որ աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրադարձությունների պարագայում որոշակի գործողությունների գնա. Վիտալի Մանգասարյան
Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում տեղի գյուղերի բնակիչներին կգնա և կբացատրի՝ «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»: Եվ այսօր՝ մարտի 18-ին, Փաշինյանը գնացել է Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Բնականաբար, Փաշինյանն այնտեղ դիմել է մանիպուլյացիայի և չի ներկայացրել Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների, ճանապարհների, մարտական դիրքերի հանձնման անվտանգային ռիսկերը, և, որ այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ հարցազրույցում փորձել է պարզել՝ Տավուշից տարածքների հանձնումն ի՞նչ ռազմական, ռազմավարական, քաղաքական, տնտեսական վտանգների առաջ է կանգնեցնելու Հայաստանին:
– Տավուշից տարածքների հանձնումը ոչ միայն ռազմական, ռազմավարական, քաղաքական, տնտեսական խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար, այլ նաև հոգեբանական մեծ խնդիրներ են առաջանալու՝ հատկապես առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանումների. Զինված ուժերի շրջանում:
Գաղտնիք չէ, որ ՀՀ ամենապաշտպանված հատվածներից է Տավուշի ուղղությունը, որտեղ տասնամյակների ընթացքում ձևավորվել են թե՛ ինժեներական ենթակառուցվածքներ, թե՛ պաշտպանական այլ մեխանիզմներ, և այդ տարածքների հանձնումը հանգեցնելու է այդ ուղղության վրա մեր անվտանգային ճարտարապետության փլուզմանը: Մենք 44-օրյա պատերազմից և 2021 թվականի ադրբեջանական ներխուժումներից հետո բավականին մեծ խնդիրներ ունենք Սյունիքի, Վարդենիսի հատվածում, և հիմա Ադրբեջանի նպատակն է քանդել անվտանգային ճարտարապետությունը Տավուշի հատվածում, և դրան զուգահեռ՝ վերահսկել հնարավոր ենթակառուցվածքները, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, ինչը նաև մեր տնտեսության վրա է ունենալու իր ազդեցությունը:
– Փաշինյանը խոսել է մի շարք ուղղություններով զորքի հետքաշման մասին՝ Սոթք-Խոզնավար, Երասխ, Տավուշ: Ընդ որում, սրան առաջարկում էին Ադրբեջանին գնալ նախքան սահմանազատման և սահմանագծման բուն գործընթացը: Այս դեպքում անվտանգային ի՞նչ պատկեր էինք ունենալու:
– Ցանկացած ուղղությամբ զորքի հետքաշումը ենթադրում է անվտանգային համակարգի խաթարում: Այսինքն, եթե մենք ունենք ինժեներական կառույցներ Տավուշի, Երասխի ուղղությամբ, ապա զորքի հետքաշումը նշանակում է, որ այդ ամբողջը մենք թողնելու ենք թշնամուն, և նա գալու և զբաղեցնելու, օգտագործելու է արդեն պատրաստի կառույցներն ու ենթակառույցները, իսկ մենք ստիպված ենք լինելու զրոյից կառուցել արդեն իսկ մեզ համար նոր բնագիծ հանդիսացող հատվածներում:
– Գաղտնիք չէ, որ Սյունիքն աշխարհաքաղաքական գործոն է, և գլխավոր խաղացողները պայքար են մղում կոմունիկացիոն վերահսկողության համար, Տավուշը որքանո՞վ է գործոն և ո՞ւմ համար:
-Եթե Սյունիքն աշխարհաքաղաքական գործոն է խոշոր խաղացողների համար, ապա Տավուշի ուղղությունը գործոն է Ադրբեջանի համար: Ինչո՞ւ են նրանք ցանկանում այդ ուղղությունից սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որովհետև այդ ուղղությամբ Հայաստանն ամուր է կանգնած իր դիրքերում և ամուր է պաշտպանում այդ բնագծերը, և Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել այդ ամրությունը, որպեսզի աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրադարձությունների պարագայում որոշակի գործողություններ փորձի իրականացնել և մեկնարկային առավելություն ունենա այդ ուղղություններում:
– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան՝ ՀԱՊԿ-ում ՀՀ «սառեցված» անդամակցության կամ մասնակցության ֆոնին: Ի՞նչ հարց է լուծում ՆԱՏՕ-ն, և ի՞նչ հարց ենք մենք լուծում։ Ի դեպ, պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր ՆԱՏՕ-ից, որ դաշինքի անդամ երկիրը՝ Թուրքիան, ներգրավված է 2020 թվականի պատերազմին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար՝ նշելով, որ այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ինչո՞ւ սա մոռացան, ՆԱՏՕ-ն պատասխանե՞ց այս հարցերին, փոխարենը՝ չեն մոռանում անընդհատ Ռուսաստանին մեղադրել 2016 թվականի և 2020 թվականի պատերազմների, մեղմ ասած, թույլտվության մեջ:
– ՆԱՏՕ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում, և, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան հենց այդ տրամաբանության մեջ է: Նրանք փորձում են իրենց շահերն ու նպատակներն առաջ տանել: Իսկ ՆԱՏՕ-ի հիմնական շահը ՌԴ-ի դեմ է, այսինքն, ցանկացած գործողություն Ռուսաստանի դեմ՝ բխում է Հյուսիսատլանտյան դաշինքի շահերից: Ըստ այդմ՝ այն երկրները, որոնք տնտեսական, ռազմական, ռազմավարական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ն փորձում է հնարավորինս թուլացնել և ազդեցություն ունենալ նրանց վրա: Այսինքն, ամեն ինչ անի ռուսների դեմ, ի դեպ, Պուտինն էլ չի բացառել ՌԴ–ՆԱՏՕ ուղիղ հակամարտությունը: Ինչ վերաբերում է 44-օրյայի օրերին Փաշինյանի դժգոհությանը ՆԱՏՕ-ից, ապա դրանից հետո և մինչև Արցախի վերջնական կորուստը Փաշինյանը խոսում էր Արցախում էթնիկ զտումից, և, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, բայց տեսանք, որ հետո դա մոռացվեց:
– Հայաստանի նկատմամբ կամ ուղղությամբ ի՞նչ սպասել Ռուսաստանից:
– Պուտինը վերընտրվեց, կարծում եմ, նրանց քաղաքականությունն ինչ եղել է մինչ այդ, շարունակվելու է: Իր ողջ էներգիան ՌԴ-ն կենտրոնացնելու է ուկրաինական ճակատի վրա, իսկ ՀՀ-ի հետ հարաբերությունները, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, փոխհրաձգություն է տարբեր մակարդակներում, և նույն տրամաբանությամբ շարունակվելու են: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է դրանից շահելու Հայաստանը: Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հարցազրույցում Ադրբեջանին համեմատում էր ցլի հետ՝ ասելով, որ մենք մեր վրայից «կարմիր շորը» պիտի հանենք, որ առճակատում չունենանք, այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է ցլի հետ առճակատում չուզեցող մարդը փորձում հակամարտության մեջ մտնել կատաղած արջի հետ, ի՞նչ ուժերով, ռեսուրսներով: Այս առճակատումն այս փուլում չի բխում ՀՀ շահերից:
– Ի՞նչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում, ի դեպ, մամուլում շրջանառվող տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ կիրառվում է «Իսկանդեր», որը մեր դեպքում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ Փաշինյանի՝ «10 տոկոսով կրակեց»:
– Ուկրաինական ճակատում, կարծում եմ, ՌԴ-ն դանդաղ քայլերով հաջողություններ է գրանցում, ինչի մասին խոսում են և՛ Արևմուտքից, և՛ ՌԴ-ից, և՛ փորձագիտական տարբեր քննարկումներում:
– Իսկ Հայաստանն այսօր ունի՞ տարբերակ Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալու, և ի՞նչ սպասել Իրանից Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումների ֆոնին, ավելի կոնկրետ՝ ինչ զարգացումների դեպքում ինչ սպասել։
– Այսօր Հայաստանն ունի հնարավորություն Իրանի հետ ունենալ խորը ռազմավարական հարաբերություններ, ինչի մասին վկայում են իրանական բարձրաստիճան պաշտոնյաներից եկող հայտարարությունները, փորձագիտական շրջանակներից եկող ազդակները, բայց տպավորություն ունեմ, որ Հայաստանը չի շտապում այդ հարաբերությունները բերել այնպիսի մակարդակի, դնել իրավապայմանագրային այնպիսի հենքի վրա, որ հետագայում Իրանի հետ հարաբերությունները մեծ ազդեցություն ունենան մեր անվտանգային կարողությունների վրա: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնենք և բերենք բարձր մակարդակի, քանի որ առնվազն այս փուլում ՀՀ-ի և Իրանի շահերը համընկնում են, և մենք աշխատելու մեծ դաշտ ունենք՝ տնտեսական դաշտի անվտանգությունն ապահովելու և մեր ռազմական կարողությունները մեծացնելու համար: Մենք պետք է հաշվի առնենք, որ Իրանը հստակ սահմանել է իր կարմիր գծերը, և գնդակը մեր իշխանությունների դաշտում է:
– Անդրադառնանք Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին նոյեմբերյան մարտերի ֆոնին և ոչ միայն: Ի դեպ, իշխանական պատգամավորներից Վիլեն Գաբրիելյանն էլ հայտնել էր, որ Փաշինյանն իրեն խնդրել է իր անձնական կապերով ճշտել իրադրության մասին ինֆորմացիան: Այս ամենն ինչի՞մասին է խոսում, Դուք ի՞նչ ենթադրություններ և հետևություններ եք արել։
– Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա զավեշտալի բանավեճը ոչ մի լավ բանի մասին չի վկայում: Այն հուշում է, որ մենք պետական կառավարման համակարգում առնվազն կոմպետենտության խնդիր ունենք: Երկրորդ, արձանագրում ենք, որ պետության անվտանգության համար պատասխանատու ղեկավարներն իրար հետ կապ են հաստատում WhatsApp-ով: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը խնդրում է ինչ-որ պատգամավորի, որ նա իր կապերի միջոցով օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ իմանա՝ չօգտվելով ԳՇ-ի, ԱԱԾ-ի և այլ համապատասխան ստորաբաժանումների գործիքակազմից, դա խոսում է այն մասին, կրկնում եմ, որ մենք լուրջ խնդիր ունենք կոմպետենտության:
Այսինքն, եթե Արշակ Կարապետյանը չի զեկուցել, կամ սխալ է զեկուցել, ապա այդ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է, քանի որ ինքն է ընտրել Կարապետյանին՝ որպես պաշտպանության նախարար, և հատկապես, երբ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշում է, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ Արշակ Կարապետյանը ԳՇ պետի տեղակալ է եղել, և այստեղ արդեն էական չէ վերջինի լիազորությունները, այլ այն, որ Փաշինյանը Կարապետյանին այս համատեքստում «մեղադրում է», բայց դրանից հետո նախարարի պաշտոն է տվել: Չմոռանանք, որ նույնատիպ պատմության ականատես ենք եղել նաև Օնիկ Գասպարյանի պարագայում, երբ Փաշինյանը 2021 թվականին հայտարարել էր. «Հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասաց, որ այսպիսի միջադեպ է եղել, բայց Օնիկ Գասպարյանը քեզ սխալ է զեկուցել, ես էլ ասեցի՝ բացառված է, չեմ հավատում, Օնիկ Գասպարյանն էլ ասաց՝ բացառված է, որ ես քեզ սխալ բան զեկուցեմ, և այդպես է եղել մինչև պատերազմն ավարտվելուց հետո: Պատերազմի ընթացքում էլ եղել են դեպքեր, երբ Արցախից մեր գործընկերները եկել, ասել են՝ այս դրվագն այսպես է, ես էլ Օնիկին եմ զանգել այդ հարցով, որ ճշտեմ: Եկել ենք այն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով ես պետք է լսեմ միայն իր ասածը, ես էլ համաձայնվել եմ դրա հետ, քանի որ ինքն է Զինված ուժերի անմիջական ղեկավարը»:
Փաշինյանը պնդել էր նաև, որ 2020 թվականի պատերազմի 4-րդ օրն Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է, որ հակառակորդին ԶՈՒ-ն ջախջախում է: Ավելին, Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի նախագահի տված տեղեկություններն ավելի հավաստի էին, քան ԳՇ-ինը: Արդեն 2023 թվականի հունիսին Փաշինյանը հայտարարել էր, որ սխալվել են՝ վստահելով բանակին: Եվ ո՞վ կարող է ասել, որ հաջորդիվ նման դեպքեր չեն լինելու: