Տավուշի շուրջ ընդդիմադիր և վարչապետ Փաշինյանի քաղաքական հաշվարկները. ինչ 3 տարբերակ էր առաջարկվում 2015թ.
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու չի լինի Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:
«ՀՀ տարածքում նման անուններով գյուղեր երբեք չեն եղել, որոնց անունները նշվում է ադրբեջանական մամուլում, ընդ որում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նախկին սահմանը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն է ունեցել, այդ սահմանից այն, ինչ գտնվում է դեպի այն կողմ՝ Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմում` Հայաստան։
Ինչ-որ մեկը սա կմեկնաբանի՞, որ Փաշինյանն ասում է՝ այն գյուղերը, որոնք համարում եք հայկական կամ Տավուշի մարզինը, դա բոլորովին էլ այդպես չէ՝ դրանք ադրբեջանական են: Բայց իրականում մենք Ադրբեջանին ենք հանձնելու ռազմավարական նշանակության ճանապարհներ, քանդվում է Տավուշի մարզի ամուր պաշտպանական գիծը, կորցնում ենք ադրբեջանական դիրքերի նկատմամբ մեր այսօրվա գերակա դիրքերը:
Թե ինչ ենք կորցնելու Տավուշի մարզ ԽՍՀՄ քարտեզի հասնելուց՝ վտանգների մասին մենք զգուշացնում ենք առնվազն 3 տարի:
Մասնագետների կարծիքով, եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու:
Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:
Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:
Այսինքն, այս դեպքում մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան) և ոչ միայն:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, բնականաբար, այս ամենը նույն գույներով չի ներկայացրել, որ տեղի գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, և ոչ միայն:
«Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Նախկինում քննարկումների այդպիսի ֆոն կար, որ կարող է այնտեղ ճանապարհ կա, և այլն, այդ հարցը լուծենք հետևյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք չափով տանք, և այլն: Բայց ես հիմա եկել եմ այն եզրակացության՝ պետք չէ այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություն: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Ես արդեն այդ հանձնարարականը տվել եմ, և առաջիկայում կգնամ և մեր էս գյուղերի բնակիչներին կբացատրեմ՝ ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»,- ասել է նա:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը որոշել է արդեն՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից:
«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք որոշակի իրողություններ հաշվի առնելով` տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով` ինչ-որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել,- մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, – Եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով, որ այդ ոլորտում խնդիրներ չունենանք»:
Այստեղ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակ առ ժամանակ խոսում է սահմանների ճշգրտման գործընթացի իրավական հիմքերի մասին, ակամա խոստովանում է, որ ամեն ինչ ոչ թե որոշվում և որոշվելու է դե յուրե կամ ըստ իրավունքի, այլ դե ֆակտո իրողությունների:
Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը, նորություն չէ, այդ մասին նա պարզ տեքստով խոսել էր 2023 թվականի մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որին 168.am-ը մանրամասն անդրադարձել է, այդ թվում՝ պարզաբանելով այս տարածքից զորքի հետքաշման առաջարկի վտանգները, որը Փաշինյանն արել էր:
«Մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:
Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:
Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:
Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:
Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:
Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»,- ասել էր նա:
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր, այնուհետև իշխանության ղեկը նոր զավթած Նիկոլ Փաշինյանը զգում էր այսօրվա իր տրամաբանության վտանգները, ինչի մասին մենք ժամանակին գրել ենք:
Ավելին, 168.am-ը՝ «2016թ. Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, 2020թ. պլանները փոխվեցին. «Հայկական ժամանակի» հոդվածն ու գեներալի դեմ արշավը» վերտառությամբ հոդվածում ուշագրավ ակնարկներ էր արել նաև հուլիսյան մարտերի և Գրիգորի Խաչատուրովի հեղինակությանը վնասելու համատեքստում, որը դուրս է մնացել ուշադրությունից:
Մենք հիշեցրել էինք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում 2016-ին տպագրված՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածը:
2016 թվականի հուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Օրեր անց «Հայկական ժամանակը» վերոհիշյալ հոդվածում գրել էր. «Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Յուրի Խաչատուրովի տեղակալ»:
Այսինքն, շեշտը դրել են ոչ թե նրա վրա, որ Սերժ Սարգսյանն Օնիկ Գասպարյանին նշանակել է ԳՇ պետի տեղակալ (2017-ին նա նշանակվեց ԳՇ պետի առաջին տեղակալ), այլ փորձել են ինտրիգ մտցնել՝ գեներալ Օնիկ Գասպարյանին ազատել են հանուն Յուրի Խաչատուրովի որդու՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը և զրուցակից ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ըստ էության, կասկածի տակ էին դրել նրա մասնագիտական կարողությունները:
«Եվս մի կարևոր հանգամանք. երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»,- 2016 թվականի հուլիսյան այս հոդվածում գրել էր «Հայկական ժամանակի» հոդվածագիրը:
Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրացրել էր.
«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:
Հուլիսյան մարտերից առաջ, դրա ընթացքում և հետո արդեն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզոր կարողությունների մեջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը համոզվեցին՝ արձանագրելով դիրքային լրջագույն հաջողություններ, և, որ Տավուշի անվտանգությունը հուսալի ձեռքերում է, բայց արդեն վաղուց պլանները փոխվել էին:
Իսկ 2019-ի օգոստոսի 19-ին այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ոգևորված գրառումներ էր անում, նախ՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է, Չինարին էլ չի կարող գնդակոծվել», այնուհետ սա մի փոքր սրբագրել էր՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:
Իշխանական մամուլը ևս խմբագրականներ էր գրել այս մասին:
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պառավաքարի բարձունքի շրջանում:
Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,– մասնավորապես, գրել էր «Արմենպրեսը»:
Հավելենք, որ Տավուշի մարզում՝ 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում ունեցանք վերը նշված իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում, ինչպես նշեցինք, Տավուշի հետ կապված այլ սկզբունքներ է նշել, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք:
Մինչդեռ 2015-2016 թվականներին Տավուշի ճակատագրի և անվտանգության վերաբերյալ այլ տարբերակներ էին առաջ քաշվում: Մասնավորապես, 2015 թվականին «Հայկական ժամանակում» տպագրված «Մարտական լուրեր Մովսեսից» վերնագրով հոդվածում անանուն հոդվածագիրն անդրադարձել էր Հայաստանի սահմանամերձ շրջաններին ու գրել, որ շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել. «Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոտակայքում բնակավայրեր չկան, և Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաև այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիվություն են ցուցաբերում Տավուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգա քաղաքացիական բնակչությունը և ոչ միայն բանակը: Միևնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում»:
Այնուհետև հեղինակն ընթերցողին առաջարկել էր խնդրի լուծման իր տարբերակները.
«Եվ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով:
Տարբերակ 1– Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետև մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ, և մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:
Տարբերակ 2- Կայուն խաղաղություն է ձեռք բերվում բանակցությունների ընթացքում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Տարբերակ 3- Կրակոցների, հարձակումների երկարատև շարքի հետևանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետև մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ:
Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եվ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու: Տեղի զինվորականները մեր թղթակիցների հետ շփումների ընթացքում ասում են, որ այս հատվածի ադրբեջանական դիրքերը գրավելը իրատեսական է ռազմական առումով: Իսկ թե նման գործողությունը ի՞նչ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ կառաջացնի՝ դա արդեն քաղաքական հաշվարկի հարց է»:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա խաղաղության օրակարգը, գուցե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կայուն խաղաղության ձգտման համատեքստում հանգեցնելու է վերևում նշված 3-րդ տարբերակին, որովհետև Տավուշում զիջումների ճանապարհով կորցնելու ենք մեր անվտանգային դիմադրողականությունը նաև այս հատվածում:
Ի դեպ, դեռ երկու տարի առաջ 168.am-ը գրել էր, որ ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:
Ավելի կոնկրետ՝ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:
Ընդդիմադիր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշի հետ կապված եղած և փոփոխված պլանները գալիս են ապացուցելու, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի հետ կապված, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանը տարբեր հետին մտքեր է ունեցել՝ դա կարող էր վերաբերել անձամբ Գրիգորի Խաչատուրովին, 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Յուրի Խաչատուրովի որդուց միանգամից չազատվեց, որովհետև, թերևս, հետին նպատակներ կային: Փաշինյանին գուցե թվում էր, որ Գրիգորի Խաչատուրովը կարող է չհաղթահարել հուլիսյան սադրանքը, որը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, հրահրել էր Փաշինյանի իշխանությունը:
Այս մարտերն իրենց դերակատարումն ունեցան 2020 թվականի պատերազմի լինելու համատեքստում, ինչն արդեն Փաշինյանն էր ընդունել: Չմոռանանք նաև Թուրքիային ուղղված այն մեսիջը, երբ պարգևատրումը տեղի ունեցավ Սարդարապատում՝ 44-օրյայից մեկ ամիս առաջ և առանց ՀՀ նախագահի:
Ինչևէ, այսօր Նիկոլ Փաշինյանը ոչնչացնելով այդ մարտերի արդյունքները, ըստ էության, ուժը կորցրած է ճանաչում հուլիսյան հաղթանակների համատեքստում բաժանած մեդալները՝ 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում էր շնորհվել:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը վաղուց ուժը կորցրած է ճանաչել Զինված ուժերի սահմանադրական պարտականությունները, որի հետ զինվորականությունը համակերպվել է: Բանակը պարտվել է Նիկոլ Փաշինյանին և զիջել անվտանգության երաշխավորի իր լեգիտիմ առաքելությունը: Եվ այնպես չէ, որ սա 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում եղավ, այս ծրագիրն ավելի վաղ էր մշակվել, առաջիկայում կխոսենք հայ զինվորականի կերպարի ռևոլյուցիայի մասին: