Վիլեն Գաբրիելյանի «հաղորդումը» Փաշինյանի դեմ
Վերջին օրերին դաշտ է նետվել Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հակասությունների թեման, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից նրա ազատման պատճառի և դրա առնչությունը 2021 թվականի նոյեմբերյան մարտերի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից որոշել է հեռացնել, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նախկին նախարարն իրեն զեկուցել է, որ «սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»:
Կարապետյանն էլ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, ասել է, որ նոյեմբերի 14-ին չէր կարող Փաշինյանին որևէ բան զեկուցել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Դուբայում, որովհետև այնտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում՝ «մենք ունեինք խնդիր զենքի գնման, որոշ տեսակների ներկրման դեպի Հայաստան, հիմնականում խոսքը հարվածային անօդաչու սարքերի մասին է»:
Կարապետյանի խոսքով՝ «այդ զեկույցը պետք է աներ այն անձը, որը մնացել էր Պաշտպանության նախարարի տեղը՝ որպես այդ օրը նախարարի ֆունկցիաներ կատարող»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը «կոնտրքայլ» է կատարել և իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է իբր սկանդալային տեսանյութ, որը ներառում է իր և նախկին նախարարի վոթսափային զրույցը:
168.am-ը մանրամասն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին և դրա բովանդակության՝ իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելուն: Բայց քանի որ իշխանությունները շարունակում են նոյեմբերյան մարտերի թեման՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, ստիպված ենք հերթական անդրադարձն անել՝ իրադարձությունների որոշակի ժամանակագրության ներկայացմամբ, ընդամենը փաստեր ենք ներկայացնելու և կարևոր արձանագրումներ ենք անելու:
Նախ նշենք, որ իշխանական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«2021թ. նոյեմբերի 14-ին` կիրակի օրը, ժամը 10:00, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ՝ Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ընթացքում բոլոր դրական և բացասական կողմերը՝ եղած պաշտոնական տեղեկատվության կոնտեքստում, պետք է քննարկվեին։ Դրական բառի վրա մի զարմացեք, հավաստիացնում եմ, եղած իրավիճակում` հաշվի առնելով 44-օրյայից հետո փաստացի առաջին խոշոր բախումը, դրականներն էլ կային, որքան էլ կորուստներ ունեցանք, թե՛ մարդկային, թե՛ տարածքային։ Նիստի ընթացքում հաշվի առնելով այն փաստը, որ ծառայել եմ 2-րդ բանակային կորպուսում, Վարչապետը խնդրեց, որ իմ անձնական կապերով փորձեմ առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրեմ։ Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը:
Կցանկանամ նաև առանձնահատուկ մատնանշեմ, որ վերը նշված Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված կային/կան քրեական վարույթներ, որոնցով եղել են կալանավորված, այդ թվում` ծառայությունից ազատված մարդիկ, ինչի հետ ես խնդիր եմ ունեցել և ունեմ այդ թվում այն պատճառով, որ կալանավորվածներից կամ պաշտոնից ազատվածներից երկուսը եղել են վերը նշված իրադարձությունների ժամանակ ինձ գրեթե 100%-անոց ճշմարիտ տեղեկություն տրամադրողները։ Բայց խնդիրը ոչ թե այն է, որ ինձ գրեթե ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացվել, այլ այն, որ իրականում այդ Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ հազվագյուտ կամքով սպաներից են եղել»:
Այստեղ նկարագրվածը նույնիսկ ավելի խայտառակ իրողության մասին է խոսում, քան պաշտպանության նախարարի հետ երկրի ղեկավարի վոթսափային հարցուպատասխանը՝ սահմանին տիրող իրադրության շուրջ: Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է, իրեն հռչակել է գերագույն հրամանատար, և պատգամավորին խնդրում է, որ իր կապերով ինֆորմացիա ճշտի, պատկերացնո՞ւմ եք: Նման բան կարող է լրագրողն անել, բայց ոչ՝ երկրի ղեկավարը, որն ուղղակի պիտի իր մոտ հրավիրի ռազմական ղեկավարությանը և պահանջի ներկայացնել իրավիճակը, կամ անձամբ այցելի դեպքի վայր՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին: Հիմա՝ ավելի կոնկրետ:
Դրվագ առաջին
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասում է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ «սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»:
Իսկ Փաշինյանի տարածած տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ նոյեմբերի 14-ի առավոտյան ժամը 9:38-ին է Նիկոլ Փաշինյանին առողջություն մաղթում և նշում՝ «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա», որից հետո՝ ժամը 10:00-ին, փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ է եղել:
Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը պաշտպանության նախարարի խոսքին հենց սկզբից էլ չի՞ հավատացել, և Վիլեն Գաբրիելյանի՞ն է խնդրել «անձնական կապերով առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրի»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր վստահում իր իսկ ընտրած նախարարին, կամ ինչ-որ պահի, ինչ-որ պատճառով է դադարել վստահել: Չմոռանանք, որ 2023 թվականի հունիսի 15-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ սխալվել են՝ վստահելով բանակին, որի համար իբր ոչինչ չեն խնայել, և գուցե հենց սա էր պատճառը, որ երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորել էր, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի դեպքում չի բացառվում, որ սկսի կասկածել նաև սեփական 100 տոկոսով վստահելի թիմակիցներին, էլ չասենք, որ դեռ ինքն էլ պիտի վստահելի լինի: Ինչևէ, չշեղվենք բուն թեմայից և նկատենք, որ, թերևս, Վիլեն Գաբրիելյանի տեղեկության փոխանցումից հետո էլ Նիկոլ Փաշինյանը «բռնել է Արշակ Կարապետյանի սուտը»:
Դրվագ երկրորդ
Վիլեն Գաբրելյանի վերոնշյալ գրառման մեջ մեկ այլ հետաքրքիր պահ էլ կա. իշխանական պատգամավորը նշում է, որ իր «կանալներով» ճշտումներից հետո նկարագրել է իրավիճակը, որտեղ բացահայտել են «պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության, մեղմ ասած, տարընթերցումը»: Տարընթերցում, կոպիտ ասած, նշանակում է՝ այլ կերպ հասկացած: Արշակ Կարապետյանը պաշտոնական աղբյուր է, չէ՞, 2-րդ բանակային կորպուսում ծառայող այն սպաները, որոնցից առաջին ձեռքից տեղեկություն է փորձել ստանալ Գաբրիելյանը, դարձյալ պաշտոնական աղբյուր են, չէ՞:
Հիմա «ոչ պաշտոնական տեղեկատվություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, մամուլում կամ սոցցանցերում շրջանառված տեղեկություննե՞րը, թե՞ ոչ պաշտոնականն այն է, որ 2-րդ կորպուսում ծառայող սպաները ոչ թե իրենց վերադասին, ՊՆ-ին կամ ԳՇ-ին են զեկուցել իրավիճակի մասին, այլ նախ ինֆորմացիա են տվել պատգամավորին, այսինքն, առնվազն սուբորդինացիա է խախտվել:
Դրվագ երրորդ
Վիլեն Գաբրիելյանը իր գրառման մեջ գրել է, որ «Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված կային/կան քրեական վարույթներ, որոնցով եղել են կալանավորված, այդ թվում` ծառայությունից ազատված մարդիկ», և, որ «կալանավորվածներից կամ պաշտոնից ազատվածներից երկուսը եղել են վերը նշված իրադարձությունների ժամանակ գրեթե 100%-անոց ճշմարիտ տեղեկություն տրամադրողները»:
«Բայց խնդիրը ոչ թե այն է, որ ինձ գրեթե ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացվել, այլ այն, որ իրականում այդ Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ հազվագյուտ կամքով սպաներից են եղել»,- շեշտել է իշխանական պատգամավորը:
Այսինքն, Վիլեն Գաբրիելյանն ուզում է ասել, որ ռազմական իրադրության մասին ճշգրիտ տեղեկություն տրամադրած և այդ օրերին բացառիկ կամք դրսևորած փորձառու սպաներից Նիկոլ Փաշինյանն ազատվե՞լ է: Սա հանցագործության մասին հաղորդո՞ւմ է: Ի դեպ, ինչո՞ւ է այս մասին միայն նոր հրապարակավ խոսվում:
Գուցե Փաշինյանի թիմակից լինե՞լն է կաշկանդել, չմոռանանք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից օրեր հետո Civilnet.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կպահանջեր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԳՇ պետի հրաժարականը, եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, նշել էր.
«Կարծում եմ՝ այո, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Բայց, քանի որ ընդդիմադիր պատգամավոր չեմ, այլ «Քաղաքացիական «պայմանագիր» խմբակցության անդամ եմ և Սուրեն Պապիկյանի թիմակիցը, իմ գործառույթը պետք է լինի Սուրեն Պապիկյանին տվյալ հարցերում օժանդակելը՝ համակարգային վերափոխումների տեսանկյունից։ Կարծում եմ, տրամաբանական չէր լինի, որ ես հիմա Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջեի»։
Այս համատեքստում 2023 թվականի հունվարի վերջին նշված հարցազրույցում Գաբրիելյանը ակնարկել էր նաև, թե իր համար պարզ չէ՝ ինչ տեսակ բանակ է ուզում, այսպես ասած, ստանալ Սուրեն Պապիկյանը:
«Ինձ համար անձնապես դա պարզ չի էս 2 տարվա ընթացքում, առավելապես, որ Պապիկյանը դառել է պաշտպանության նախարար: Մի քանի անգամ ունեցել ենք քննարկումներ, ինձ համար խնդիր է, որ երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, բայց դա ինչ է իրենից ենթադրում, երկրորդ՝ մենք այդ պրոֆեսիոնալ բանակին ինչպիսի քայլերով ենք հասնում: Մոդուլային կացարանները, որի մասին խոսում են, լավ է, բայց դա հատվածական փոփոխություն է: Պաշտպանության նախարարը եկել է հանձնաժողով, այնտեղ էլ ենք դիմել իրեն, որ մեզ համար փաստացի պարզ չի բանակի մոդելը, որն ուզում ենք ունենալ, և, որ պարզ չի, թե ինչ քայլերով ենք ուզում հասնել պրոֆեսիոնալ բանակին: Ամբողջ հանձնաժողովի համար դա պարզ չի: Իմ ունեցած տեղեկություններով, այս ընթացքում պաշտպանության նախարարությունն ունեցել է մի տեսլական, որը նախարարը հավանության չի արժանացրել: Ես տեսնում եմ, որ համակարգի ներսում կան խնդիրներ և հակասություններ, և, ըստ երևույթին, հակասությունները մեզ խանգարում են և թույլ չեն տալիս, որ մենք շարժվենք առաջ: Մեկ տարի առաջ նախարարը հայտարարել է, որ պետք է ունենանք այդ հայեցակարգը, մինչև էս պահը չկա»,- շարունակել էր իշխանական պատգամավորը:
Ինչ վերաբերում է նոյեմբերյան մարտերի համատեքստում քրեական գործերին, հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերի ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր 2021 թվականի նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերին:
«Պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին»,- հայտնել էին ՔԿ-ից:
Նոյեմբերյան մարտերի գործով անցնում է 2-րդ կորպուսի նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը:
2023 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 08:30-ին զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:
Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:
Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:
Դրա հետևանքով, հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր»:
Հայտարարության համաձայն, դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Նշենք, որ Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, որին զոհ գնաց 15 զինծառայող: Ի դեպ, Գրիգորյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, որի մասին պարբերաբար ակնարկում է ֆեյսբուքյան իր էջում, մյուս կողմից, նա շինծու մեղադրանքի համար մեղադրում է քննիչներին, և ոչ թե քաղաքական կամ ռազմական ղեկավարությանը:
Նոյեմբերյան մարտերի, պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության տարընթերցումների մասին պնդումների համատեքստում ներկայացնենք դեպքերի ժամանակագրություն:
2021թ., նոյեմբերի 7, ՊՆ– «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:
Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։
Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»:
2021թ., նոյեմբերի 9, ՊՆ- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
2021թ., նոյեմբերի 10, ՊՆ- «Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։
Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:
2021թ., նոյեմբերի 12, ՊՆ- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։
2021թ., նոյեմբերի 13, ՊՆ- Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
2021թ., նոյեմբերի 14, ժամը 16:01, ՊՆ- Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
2021թ., նոյեմբերի 14, ժամը 19:42, ՊՆ- Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։
2021թ., նոյեմբերի 15- Տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»:
ԱԽ գրասենյակը նաև հայտարարություն էր տարածել.
«Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»:
2021թ., նոյեմբերի 15, ՊՆ- Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին։
2021թ., նոյեմբեր 16, ՊՆ- Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Սրանից հետո նույն օրը եղել է մի քանի հաղորդագրություն, այդ թվում՝ նրա մասին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Ի դեպ, վերը նշված ԱԽ նիստի կադրերում Արշակ Կարապետյանը չէր երևում, այսինքն՝ եղել է ՀՀ-ից դուրս, իսկ իրադրությունը ներկայացրել է այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Իսկ Փաշինյանի կուսակիցը հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռու է երկիրը կառավարելուց և անգամ ռազմական լարված իրավիճակում գործել է՝ որպես «Հայկական ժամանակի» լրագրող: Ու այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել և մտքով չի էլ անցնում հեռանալու մասին:
Այսինքն, իր խոսքով ասած՝ Արշակ Կարապետյանին սխալ զեկույցի համար կես ժամ ավել չպետք է պահել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, բայց 44-օրյա պատերազմում պարտության, դրանից հետո եղած և շարունակվող տարածքային և մարդկային կորուստների համար հայ ժողովուրդը պետք է հանդուրժի՞ իրեն:
Իսկ թե որքան ջուր կտանի Կարապետյան-Փաշինյան հեռակա բանավեճային խմորը, կամ՝ ինչով և երբ կավարտվի, ավելին՝ տողատակում ինչ կամ ում շահերն են թաքնված, հետաքրքիր է այնքանով, որ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Այնպես որ՝ Վիլեն Գաբրիելյանը ոչ թե փրկեց Նիկոլ Փաշինյանին իր այս գրառում-բացայատմամբ, այլ՝ հակառակը…