Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, Բայդենն ասաց՝ սատարում են ադրբեջանական օրակարգին. թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Տեղին է հիշեցնել անկլավների ոդիսականի ողջ պատմությունը՝ սկսած 2020թ․ նոյեմբերից։ Կապիտուլյացիոն փաստաթղթում դրանց մասին արդեն խոսակցություն կար։ Մինչ այդ, 1990-ական թվականներից ի վեր մինչև 2018թ. հեղափոխություն կոչվածը, Ադրբեջանը երբևէ խոսակցություն չի բացել անկլավների մասին, ինչպես Հայաստանը չի խոսել Արծվաշենի վերադարձի մասին։ Թեման բացվել է այն ժամանակ, երբ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կապիտուլացվել են, և այդ ժամանակ Ադրբեջանը դարակից հանեց այդ պահանջը։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից առաջ արդեն անկլավների հարցը կար, սակայն հասարակության ցասումը հաշվի առնելով՝ այդ փաստաթղթում դրանք ներառված չեն եղել։ Հետո տարբեր մակարդակի պաշտոնյաներ ինտենսիվ սկսեցին խոսել այդ մասին, բայց 2021թ․ ընտրություններից առաջ՝ մայիսին, այնպիսի ցասում բարձրացավ, որ այդ թեման որոշ ժամանակով գործող իշխանությունը փակեց, ու երկար ժամանակ դրա մասին զրույց չկար։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախի հայաթափմամբ Արցախի հարցը փակեց, կրկին սկսեցին խոսել դրա մասին։
- Հետո դաշտ նետվեց, 29800 քկմ-ի շուրջ պայմանական կոնսենսուս ստեղծվեց, թե Արցախը կորցրեցինք, գոնե սա պահենք, հիմա էլ մեջտեղ բերվեց, որ 29800քկմ-ն կլորացված թիվ է։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փաստացի կատարում են Ադրբեջանի պահանջը, և այս իշխանությունների խնդիրը միայն այդ պահանջի կատարումը ՀՀ քաղաքացիների համար փաթեթավորելն է։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից՝ ասելով.
«Մենք ասացինք՝ շատ լավ, բայց ի՞նչ թիվ։ Պատկերացնո՞ւմ եք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է։ Եվ այնտեղ առաջացավ գաղափար, որ երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանի վերջին հրատարակության մեջ։
Ես առաջին գործողությունը, որ արեցի այդ սենյակից դուրս գալուց հետո, կապվեցի մեր գործընկերների հետ, ասացի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները ու ուղարկեք։ Ես այդ թիվը հիշում էի՝ 29․800 քկմ, և ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, նա այդ թիվը հրապարակեց։ Ես վերադարձա ու այդ թիվը հրապարակեցի։ Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք, տեսանք՝ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան․ տիտղոսաթերթին գրված է 29.800, հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է, և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ»։
- Դրանք ռազմավարական նշանակության ճանապարհներ են, ու հանձնումից հետո Հայաստանի իշխանության համար կառավարման այնպիսի ֆունկցիոնալ դժվարություններ են ստեղծվելու, որ, օրինակ, Տավուշի մարզում կարող է այլևս մարդ չապրել։
- Ալիևի երեկվա հայտարարությունները կարևոր ցուցմունք էին, և ցանկացած այլ իշխանության դեպքում հրաժարական տված կլինեին, ու դրանից հետո մենք կարթնանայինք այլ իրականության մեջ։ Ալիևը հստակ ասաց, որ մինչև 2019թ․աշխատող ձևաչափը Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փոխել են, ինչը հանգեցրել է պատերազմի։ Կան բազմաթիվ ապացույցներ, որ 2018թ․ իշխանության եկած մարդիկ ոչ թե հետամուտ էին Արցախի հարցի լուծմանը, այլ այն Ադրբեջանին հանձնելուն։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2018թ․ Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունից՝ Նիկոլ Փաշինյանից, հավաստիացումներ է ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։
«Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի։ Սակայն 2019թ․ Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սմ վերադարձնել տարածքներից»,- ասել է նա Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ։
- Ալիևի խոսույթի մեջ անջատողական՝ նշանակում է Արցախի Հանրապետության իշխանության լեգիտիմ ներկայացուցիչներ։ Ըստ Ալիևի՝ Փաշինյանը իրեն, փաստորեն, առաջարկել է բանակցել Արցախի իշխանությունների հետ։
- Եթե մինչև 2018թ․ իշխանազավթումը Արցախի իշխանությունները բանակցությունների սեղանին ֆորմալ առումով չէին նստում, սակայն նախկին իշխանությունների օրոք բանակցային ցանկացած առաջարկի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնում էին Ստեփանակերտ ու Արցախի Հանրապետության պաշտոնական շենքերում Արցախի իշխանությունների հետ քննարկում դրանք։ Այսինքն՝ Արցախը փաստացի բանակցությունների կողմ էր։
- Նախկինում Սյունիք գնացողները գիտեն՝ ինչ է նշանակում 2020թ․ պատերազմից հետո Սյունիք գնալը հիմա, երբ 20 րոպեանոց ճանապարհն անցնում ես 1.5 ժամում։ Նույնը հիմա կատարվելու է Տավուշի և Արարատի մարզեր այցելելու դեպքում։ Եթե հանձնումը չկանխվի, Ադրբեջանը ստանալու է 8 տարածք, ուր ինչ ուզի, անելու է։ Կարող է կառուցել ատոմակայան, ռազմական հենակետեր… ինչ ուզի: Ադրբեջանն այդտեղ զորք է բերելու, որը, բնականաբար, վախի գործոն է լինելու այդ տարածքների շուրջը գտնվող հայկական բնակավայրերի բնակիչների համար։ Մի պահ պատկերացրեք՝ բոլոր կողմերից շրջափակված ռազմական հենակետ ունենք, ասենք, Ոսկեպարում։ Ադրբեջանը լոգիստիկ կապ է, չէ՞, պահանջելու այդ հենակետի հետ կապվելու համար։ Սա փաստացի լինելու է փոքր միջանցք, և զինված ադրբեջանցիները հնարավորություն են ունենալու ՀՀ տարածքում անխոչընդոտ երթևեկելու։
- Բացի դրանից, այդ 8 տարածքներում ադրբեջանցիներին են անցնելու կարևոր ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ Վրաստան գնալիս մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհներից, կամ գնալու ենք, անցնելու ենք զննում ադրբեջանցիների կողմից, դուրս ենք գալու, նոր գնանք։ Դա նշանակում է՝ հսկողություն մեր բեռների, մարդկանց վրա։ Իրենց ամբողջական վերահսկողության տակ է հայտնվելու նաև Ռուսաստանից եկող գազատարը, որն անցնում է այդ տարածքով։ Մինչև 2018թ․իշխանազավթումը, ՀՀ նախկին իշխանություններն ահռելի ջանքեր են գործադրել, որ այդ գազատարն անվտանգ լինի։ Սրա մասին շատ չի խոսվում, բայց ՀՀ իշխանություններն այդ տարիներին բազմաթիվ անանուն ռազմական գործողություններ են իրականացրել, որ այդ գազատարը, որն ապահովում է մեր անկախությունը, լրիվ մեր հսկողության տակ լինի։
- Եթե Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիները ռազմական հենակետեր դնեն, մենք հնարավորություն չենք ունենալու պաշտպանական գիծ կառուցել, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները մինչև Վանաձոր անխոչընդոտ կարող են խոցել ցանկացած տարածք։
- Փաշինյանի, իշխող թիմի կողմից այսպիսի փաստարկներով թշնամուն հող նվիրելը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, որովհետև վաղը մեր բարեկամ Իրանից կամ Վրաստանից կարող են հայտնվել պաշտոնյաներ, ովքեր կարող են ասել՝ տղանե՛ր, եկե՛ք մեր սահմաններն էլ դեմարկացիա անենք։ Գիտե՞ք՝ այդտեղ էլ խնդիրներ կան։ Ու հիմնավորումներ միշտ կարող են գտնվել։ Այսինքն՝ սա շատ վտանգավոր նախադեպ է, որը քանդում է հայկական պետականությունը։
- Եթե նույնիսկ Հայաստանից մնա միայն Երևանը, միևնույն է, Թուրքիան և Ադրբեջանը պահանջելու են, որ այդտեղից էլ ինչ-որ բան տրվի իրենց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ այն, որ տարվի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի նվաճումը դառնա տեխնիկական խնդիր։ Ես չգիտեմ՝ սա էլ ինչպե՞ս բացատրեմ մեր ժողովրդին… Իսկ այն, որ Հայաստանից կմնա միայն Երևանի չափ տարածք, հավանականությունն այսօր շատ մեծ է։
- Ես չգիտեմ պատմության մեջ կերպար, որն արել է այն քայլերը, ինչ այսօր անում է Փաշինյանը։ Հայոց պատմության մեջ աննախադեպ է, որ հայկական ազգային էլիտաները հասկանում են՝ ինչ է կատարվում այսօր, բայց որևէ քայլ չի կատարվում։
- Ռուսաստանին պատերազմ պետք չէ, սակայն նրանք մտածում են՝ եթե այն անխուսափելի է, ապա ինքն առնվազն չպիտի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Արևմուտքին էլ պետք է, որ հնարավոր պատերազմը առիթ լինի, որ ռուսները դուրս գան տարածաշրջանից, հրահրվեն հակառուսական տարամադրություններ, և ոչի՛նչ, որ Սյունիքում կապրեն թուրքեր։
- Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջերս մեծ «նվեր» մատուցեց հայ հասարակությանը՝ ասելով, որ իրենց համար այս տարածաշրջանում կարևորագույն երկիրը Թուրքիան է, և նա է այս տարածաշրջանի առաջնորդը։ Այս հայտարարությունը ես չտեսա մերձիշխանական մեդիայում։ Փոխարենը՝ Արևմուտքից ֆինանսավորվող հայկական մեդիաներն առավոտից երեկո խոսում են այն մասին, որ Ռուսաստանը գրավելու է Սյունիքը։
- Այն վայրկյանին, երբ ռուսական կողմի ռազմական ներկայություն չի լինի այստեղ, Հայաստանը կտրվի այստեղ ամենաուժեղ պետության՝ Թուրքիայի կառավարմանը։ Հայաստանում մենք ունենալու ենք բառի բուն իմաստով թուրքական կառավարում, մեզ արգելելու են զբաղվել սեփական զինված ուժերով, ձերբակալվելու են Հայոց բանակում ծառայողները, Հայաստանի Հանրապետությունում բնակեցվելու են և արտոնություններ ու իրավունքներ են տրվելու թուրքերի, հայկական օրացույցից կհանվեն որոշ հիշատակի օրեր, կստիպեն հիշատակել Խոջալուի «ցեղասպանությունը»։ Թուրքական նվաճումը պոզով-պոչով չի լինում։
- Այս սցենարից խուսափելու համար պետք է փոխել իշխանությունը։ Ավելի բարդ է տունը վաճառել ու, օրինակ, Մեքսիկայով ԱՄՆ կամ այլ երկրներ արտագաղթելը, քան ուղղակի 3-4 օր պայքարել և պահանջել այս իշխանության հեռացումը։ Դրանից հետո ամեն բան այլ է լինելու։ Պատկերացրեք՝ ինչ կլինի այն ժամանակ, երբ մենք Սյունիքում զորավարժություններ անենք, երբ նախկինի պես օգտագործենք Սյունիքի ներուժը, ռազմական մեր ներուժը։ Հարգում են միայն ուժեղին։ Մենք մեզ դրել ենք թույլի տեղ ու ակնկալում ենք, որ մեզ պիտի օգնեն։
- Գործող իշխանություններն անընդհատ քարոզում են՝ իբր մենք թույլ ենք, ձախողված ենք, անկարող եք… դա հատուկ է արվում:
- Վրաստանը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չէ և երբեք չի լինելու, որովհետև Արևմուտքին պարզապես պետք է, որ այստեղ Ռուսաստանին անհանգստություն պատճառող երկիր լինի, ոչ թե երկիր, ում նրանք օգնելու պարտավորություն կունենան։ Նույնը՝ Ուկրաինայի դեպքում։ Այդ երկիրն էլ երբեք չի լինելու ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, որովհետև դա նշանակելու է Արևմուտքի ուղիղ առճակատում Ռուսաստանի հետ։ Հետևաբար՝ Հայաստանը երբեք չի լինելու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ-ական գործընկերը, որովհետև դա նրան պետք չէ․ այս տարածաշրջանում կա Թուրքիա, և ոչ ոք ռեսուրս չի ծախսելու Հայաստանի վրա։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բաքու կատարած այցից հետո Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ի՞նչ է առաջարկելու նա Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին:
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դ. Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումներ ունեցող ծայրահեղական, հակառուսական ուժերից մեկը 44-օրյա պատերազմից հետո, 2021թ. մարտի 3-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States).
«…Մեզ համար իրատեսական տարբերակ է առանց ՆԱՏՕ անդամակցության Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմական դաշինքը:
ԱՄՆ օրենսդրությամբ այդպիսի դաշինքը սահմանված է հատուկ կարգավիճակով՝ «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) և չի պարունակում նման դաշնակցին ներկայացվող որևէ պահանջ։ ԱՄՆ-ի այդպիսի դաշնակիցներ են Հվ. Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թաիլանդը, Քուվեյթը, Բահրեյնը, Իսրայելը, Հորդանանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Թունիսը, Ֆիլիպինները, Կոստա-Ռիկան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ, որոնց մեծ մասն ունեն տարածքային վեճեր կամ հավակնություններ։
Ըստ այդմ՝ նման ռազմավարական դաշինքի կնքումը Հայաստանին թույլ կտա անվտանգային երաշխիքներ ստանալ արդի աշխարհում իրապես գործող եզակի զսպիչ մեխանիզմներ ունեցող՝ աշխարհի առայժմ միակ փաստացի գերտերությունից։
Ճշգրիտ հաշվարկված ծրագրի և վճռական ու հետևողական աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ի հետ նման դաշինքի կնքումը լիովին հավանական է, հատկապես՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի նոր քաղաքականության պարագայում»,- ասված էր հայտարարության մեջ։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա բանակցություններ չկան, և երբ արևմտյան երկրները, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ անվերապահորեն սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին, դա նշանակում է՝ նրանք սատարում են ադրբեջանական օրակարգին, այն է՝ ՀՀ Սահմանադրությունը նրանց պահանջով փոխելուն, «անկլավների» հանձնմանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ՝ խթանելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու տնտեսական զարգացումը»,- նշել է Ջո Բայդենը։
- Այս մի կտոր հողը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների թատերահարթակի։ Բոլորն ուզում են ստանալ այն։
- Թուրքական քարոզչության ֆոկուսը փոխվել է. հիմա Արցախի փոխարեն՝ Սյունիքն են անվանում քրդական ահաբեկիչների հենակետ։ Ըստ թուրքական թերթի արտահոսքի՝ առաջարկվել է Սյունիքին տալ հատուկ կարգավիճակ՝ կիսաինքնավար։ Իմ տեղեկություններով՝ այս առաջարկն առաջին անգամ արվել է 2020թ․վերջին։ Դա կարող է արվել այն ժամանակ, եթե դե ֆակտո իշխանությունները կատարեն Ադրբեջանի պահանջն ու այնտեղ բնակեցնեն ադրբեջանցիների։
Հիշեցնենք, որ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր, որ «Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասները մեզ համար շատ կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։ Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե ֆակտո ներկայացուցիչներն իրենց «մշտական կապի» ժամանակ։ Քըլըչի առաջարկը Սյունիքի մարզին՝ Զանգեզուրին, տալ հատուկ կարգավիճակ, ինչպես, օրինակ, Կալինինգրադում»։
Մանրամասները՝ տեսանյութում։