Բաժիններ՝

«Նոա»-ի մարզիչը գոհ է «Աբերդին»-ի դեմ խաղում ոչ-ոքի արդյունքից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը «Աբերդին»-ի դեմ խաղից հետո մեծ կարևորություն է տալիս Կոնֆերենցիաների լիգայի վերջին երկու տուրերի խաղերին:«Երկու թիմն էլ հրաշալի հանդիպում անցկացրեցին:

Առաջին կեսում ինձ դուր չեկավ մեր մրցելույթը: Տպավորություն ունեի, որ ինչ-որ բան պակասում էր մեր խաղում: Եվ ամենավատ պահին` առաջին կեսի ավարտին, սեփական դարպասը գնդակ ընդունեցինք: Այդ պատճառով որոշեցինք երկրորդ խաղակեսում գործել երկու հարձակվողով: Իսկապես հպարտ եմ, թե ինչպես արձագանքեցին իմ ֆուտբոլիստները «Աբերդին»-ի պատասխան գործողություններին»,-լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Անդրադառնալով հայ երկրպագուներին, որոնք ներկա էին Շոտլանդիայում կայացած խաղին, Պերկովիչն ընդգծեց, որ հստակ լսել է նրանց ու շնորհակալ է ամբողջ խաղի ընթացքում ստացած աջակցության համար:

«Հաջորդ երկու փուլերով մենք պետք է վաստակենք այդ երեք միավորը, որը հնարավորություն կտա խաղալու փլեյ-օֆֆում»,-առանձնացրեց Պերկովիչը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շոտլանդական «Աբերդին»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Նոա»-ն Երևանում կմրցի լեհական «Լեգիա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս