Բաժիններ՝

Բրյուսելն աշխատում է Կիևի և Վաշինգտոնի հետ խաղաղության հասնելու պայմանների շուրջ. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Բրյուսելը սերտորեն աշխատում է Կիևի և Վաշինգտոնի հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու պայմանների ապահովման համար։

Այս մասին Կոշտան ասել է իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։«Մենք պետք է խուսափենք մեկնաբանություններից յուրաքանչյուր աշխատանքային փաստաթղթի վերաբերյալ և կենտրոնանանք գլխավոր նպատակի վրա՝ Ուկրաինայում արդարացի և հաստատուն խաղաղության շուտափույթ հասնելու», – ասել է պաշտոնյան։

«Չափազանց կարևոր է հասնել հրադադարի, և որ Ռուսաստանը համաձայնի բանակցություններ վարել Ուկրաինայի հետ։ Այժմ մենք  շատ սերտորեն աշխատում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլև Միացյալ Նահանգների հետ՝ երաշխավորելու, որ ունենանք պայմաններ Ուկրաինայի համար արդարացի և հաստատուն խաղաղության հասնելու համար», – հավելել է նա:

Անտոնիու Կոշտան նաև նշել է, որ միայն ԵՄ-ն կարող է քննարկել պատժամիջոցները, դրանց ընդլայնումը, սառեցված ակտիվները, որովհետև այդ բոլոր հարցերը «ԵՄ-ի որոշումներն են»։

«Մենք համաձայնության ենք եկել ԱՄՆ-ի հետ, որ երբ խոսքը վերաբերում է ԵՄ-ի հետ կապված հարցերի շուրջ բանակցություններին, նրանք պետք է խոսեն ԵՄ-ի հետ։ Բայց մենք պետք է հիշենք՝ խաղաղություն առանց ռիսկերի չկա», – նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Միևնույն ժամանակ Կոշտան աջակցություն է հայտնել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին և կոչ է արել «տարածություն տալ նրան»  հաջողության հասնելու համար։

Անդրադառնալով Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցին՝ Կոշտան նշել է, որ այդ մասին որոշում կկայացվի ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը նախատեսված է դեկտեմբերի 18-19-ին:ԱՄՆ-ն ավելի վաղ առաջարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 28 կետից բաղկացած ծրագիր։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել խաղաղության ծրագրի շուրջ։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։Ըստ ամերիկյան սկզբնական առաջարկի՝ Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից և կրճատի իր զորքերի թվաքանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս