Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 27-ին այցելել է Անկարա, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։
«Երեկ հարգարժան պարոն Նարիշկինը գտնվում էր Անկարայում. նա մեզ ներկայացրեց Ռուսաստանի դիրքորոշումը (խմբ.՝ խաղաղության ամերիկյան) պլանի վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ իրադարձությունների զարգացումներ կան, և մենք գնահատել ենք այս ամենը», – ասել է Ֆիդանը նոյեմբերի 28-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ-ն ավելի վաղ առաջարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 28 կետից բաղկացած ծրագիր։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել խաղաղության ծրագրի շուրջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։
Ըստ ամերիկյան սկզբնական առաջարկի՝ Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից և կրճատի իր զորքերի թվաքանակը։

