Պրոթուրքական «Լիվինգսթոն խումբը» կազմակերպել է Սէֆիլյանի և Բոլթոնի հանդիպումը Վաշինգտոնում

Ամերիկյան հանրահայտ պրոթուրքական «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերության աջակցությամբ սկսվել են Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումները Միացյալ Նահանգներում:

Ի դեպ, ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԺԲ-«Լիվինգստոն Գրուփ» համագործակցությունը կառավարում է Էլիաս Գերասոլիսը, որը, ըստ ԱԺԲ-ի, Վաշինգտոնում հայտնի հունական լոբբիստ է, նախկինում American Hellenic Institute-ի օրենսդրական հարցերի գծով տնօրեն: ԱԺԲ-ն փորձում է ներկայացնել, թե լոբբիստական այս խումբը ներկայացնում է Վաշինգտոնում Հունաստանի ու Հայաստանի շահերը, սակայն այս կազմակերպությունը հայտնի է իր պրոթուրքական և պրոադրբեջանական լոբբինգով:

Ավելի վաղ 168.amը գրել էր, որ Սէֆիլյանը պատրաստվում է իր ամերիկյան այցին այս լոբբիստական կազմակերպության միջոցով, որը երկար տարիներ Վաշինգտոնում սպասարկել է թուրք-ադրբեջանական շահը և պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ: Հայտնի է նաև, որ այս լոբբիստական կազմակերպության ծառայություններից օգտվելն էժան հաճույք չէ և, ինչպես երևում է Սէֆիլյանի ամերիկյան հանդիպումներից՝ «Լիվինգստոն խումբն» իրեն մասամբ արդարացնում է, որովհետև հաջողել է կազմակերպել մի շարք հանդիպումներ ԱԺԲ խորհրդի ներկայացուցչի համար, ում հանդիպումների կազմակերպման ժամանակ ներկայացրել էր՝ որպես Հայաստանում գլխավոր հակառուս գործիչ իր հակառուսական ակցիաներով:

Սէֆիլյանը հանդիպել է Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ «Մաք» Քերիի և արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Սակայն, ի թիվս այս ու հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպումների՝ ուշագրավ էր Սէֆիլյանի հանդիպումը Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ի դեպ, ԱԺԲ հաղորդագրության համաձայն. «Պարոն Սէֆիլյանն իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանում փոփոխությունների անխուսափելիությունը, քանի որ Ուկրաինայում սպասվող հակահարձակման արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանին պատմական հնարավորություն կընձեռվի վերականգնելու իր անկախ պետականությունը, ինչը կիսել են Վաշինգտոնի նրա ազդեցիկ զրուցակիցները»:

Հարկ է հիշեցնել, որ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստան այցելած ԱՄՆ առաջին ամենաազդեցիկ ամերիկացի գործիչը դարձավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով Երևանում խորհուրդ էր տալիս չկաշկանդվել պատմական կաղապարներով և կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, լուծել Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև դուրս գալ ազդեցության ռուսական գոտուց:

Եվ այս իմաստով կարելի է համարել, որ Սէֆիլյանն ու Բոլթոնը համախոհներ են՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի հարցում, իսկ Փաշինյանը գտնվում է Բոլթոնի ամբողջական պլանի իրագործման գրեթե եզրափակիչ փուլում:

Տեսանյութեր

Լրահոս