Պարզվեց՝ ՀՀ 29.800 քկմ-ն կլորացած թիվ էր. կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից՝ ասելով, թե խոսք է եղել, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը, սակայն, հայտարարում է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու տարածքային պահանջներ չունի.
«Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը. Մի պարզ պատճառով՝ Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։ Իսկ ի՞նչ նկատի ունի ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, ու պետք է հղում անել դրանց, մասնավորապես, այդ տարածքի տվյալներին»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ գաղափարը դիտարկելի էր. «Մենք ասացինք՝ շատ լավ, բայց ի՞նչ թիվ։ Պատկերացնո՞ւմ եք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է։ Եւ այնտեղ առաջացավ գաղափար, որ երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանի վերջին հրատարակության մեջ։
Ես առաջին գործողությունը, որ արեցի այդ սենյակից դուրս գալուց հետո, կապվեցի մեր գործընկերների հետ, ասացի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները ու ուղարկեք։ Ես այդ թիվը հիշում էի՝ 29․800 քկմ, և ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, նա այդ թիվը հրապարակեց։
Ես վերադարձա ու այդ թիվը հրապարակեցի։ Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք, տեսանք՝ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան․ տիտղոսաթերթին գրված է 29.800, հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է, և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ։
Հետո ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալն այդտեղ եղել է տասնյակ տարիներ) ՀՀ տարածք նշած է ուրիշ թիվ՝ 29.800-ից պակաս։ Երբ ՀՀ կառավարությունն իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ է գրված մյուս թիվը, իսկ 29.800-ը կլորացրած թիվ է։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»։