«Վրթանես սրբազանն արդեն երկար ժամանակ է՝ դադարեցրել է իր հիմնական առաքելության կատարումը. Թող բացատրություն տա արցախահայերին». Հակոբ Հակոբյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է մի քանի եպիսկոպոսների հետ, հանդիպման վերաբերյալ կարճ տեսանյութ է հրապարկվել, սակայն հանդիպման բուն բովանդակության մասին որևէ հրապարակում մինչև այս պահը չի արվել։

Այս հանդիպմանը գնացել էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, և՛ նրա հանդիպումը, և՛ նրա կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռք սեղմելը մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես բռնի տեղահանված արցախահայերի շրջանում։

Նրանք բողոքում են, որ Արցախի թեմի առաջնորդը սեղմել է մի մարդու ձեռք, ով Արցախը հանձնել է Ադրբեջանին, ում պատճառով իրենք կորցրել են Արցախն ու իրենց տունը։

Կարդացեք նաև

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը դժվարանում է ասել, թե այս քայլով Արցախի թեմի առաջնորդն ինչ է ցանկացել անել կամ ինչ է մտածել, դրա բացատրությունը Տեր Վրթանես սրբազան Աբրահամյանը պետք է տա իր հավատավոր ժողովրդին՝ արցախահայությանը։

«Վրթանես սրբազանն արդեն երկար ժամանակ է՝ դադարեցրել է իր հիմնական առաքելության կատարումը, նրա պասիվությունը, անգործությունը դրա մասին են վկայում։ Սա էլ դրա հերթական ցուցիչն է։ Իսկ ո՞ւր էր Արցախի թեմի առաջնորդը Արցախի բլոկադայի ժամանակ, ո՞ւր էր նա, երբ արցախահայերը բռնի տեղահանության էին ենթարկվում։ Այդ ողջ ժամանակահատվածում մենք չտեսանք նրա նախաձեռնողականությունը, առաջնորդությունը և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։

Հակոբ Հակոբյանի բնորոշմամբ՝ Վրթանես սրբազանն օծյալ հոգևորական է, այդ իսկ պատճառով նրա այդ արարքի մասին խոսելիս փոքր-ինչ ավելի մեղմ կլինի իր գնահատականների մեջ։

«Կարծում եմ՝ արցախահայերի հոգսերով և Արցախում հոգևոր առաջնորդություն ունենալու իրավունքով օժտված մարդը չէր կարող նման քայլ կատարել՝ հանդիպել ու ձեռքը սեղմել այն մարդու, որը հանձնել է Արցախը, և արցախահայությունն այսօր բռնի տեղահանված է իր բնօրրանից։

Եթե Արցախի որևէ ինստիտուտ այս ամենի վերաբերյալ կարծիք հայտնի, ըստ իս, այդ դիրքորոշումներում նույնպես պետք է կոռեկտություն լինի։ Կարծում եմ՝ Արցախի թեմում կա թեմական խորհուրդ, և այդ բոլոր գործողությունները պետք է կատարեն այն անձինք, որոնք ունեն այդ լիազորությունները։ Մենք որևէ կերպ մեր խոսքով ու քայլերով չպետք է նմանվենք Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս