«Արամ Առաջին Վեհափառին բա՞ն կառաջարկեն Նիկեայում, թե՞ կփորձեն պատասխան լսել այն առաջարկի, որ նրան օրեր առաջ արել է Նենսի Փելոսին». Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Նախօրեին, ինչպես արդեն հայտնել էի, մեկնարկել է Հռոմի Պապ Լեոն 14-րդի առաջին օտարերկրյա այցը՝ Թուրքիա: Պապի այցը մեկնարկել է Աթաթուրքի դամբարան այցելությամբ, իսկ հետո Էրդողանի հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումով:
Իհարկե Հայաստանում գերակշռում է այն ընկալումը, որ Մայր Աթոռի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունները մշտապես «զուգորդվում» են ոչ անհայտ Փաշազադեի գործողությունների հետ սինքրոնությամբ:
Դուք գիտեմ իմ կարծիքն ու գնահատականը այս հարցում, հարգելի հետեւորդներ, որ ես ՀԱԵ շուրջ տեղի ունեցողը համարում եմ շատ ավելի լայն համատեքստով գործընթաց եւ պարբերաբար մատնացույց եմ արել հենց այդ համատեքստի հետ Փաշինյանի քայլերի սինքրոնությունը, որտեղ Փաշինյանն էլ, Փաշազադեն էլ, ավելի շուտ այսպես ասած աշխատանքային դրվագներ են:
Ահա այդ իմաստով, ուշադրության եմ արժանացնում այն, որ ութ արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների հանդիպումը Փաշինյանի հետ տեղի ունեցավ այն օրը, երբ մեկնարկեց Պապի այցը Թուրքիա:
«Վստահ եմ, որ Հռոմի Պապի Թուրքիայում հնչեցրած ուղերձները կնպաստեն թուրք-իլամական եւ քրիստոնեական աշխարհագրությունում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում խաղաղությանը», նրան հյուրընկալելով հայտարարել է Էրդողանը, իսկ Պապը հայտարարել է, որ Թուրքիան մեծ կամուրջ է ժողովուրդների ու դավանանքների միջեւ, նաեւ: «Դարդանելի կամուրջը խորհրդանշում է Թուրքիայի հատուկ դերը», հայտարարել է Պապը, ասելով նաեւ, որ Թուրքիան մշտապես կարեւորագգույն դեր է ունեցել եւ ունենալու միջերկրծովյան ռեգիոնում եւ ամբողջ աշխարհում:
Սրանք էական հայտարարություններ են, որոնք բնորոշում են Անկարայի ու Վատիկանի դիրքորոշումների մերձեցումը քաղաքական ու դավանա-քաղաքական հարաբերությունների միջազգային համակարգում, եւ առավել եւս՝ մերձավորարեւելյան ռեգիոնալ համատեքստում: Իսկ սա շատ էական է հենց մեզ համար, որովհետեւ մենք մերձավորարեւելյան արեալում ենք, եւ այդտեղ նաեւ անմիջականորեն հանգամանք եւ գործոն է Հայ Առաքելական եկեղեցին:
Ի դեպ այս իմաստով ուշադրության է արժանի Պապի հետ հանդիպմանն Էրդողանի այն խոսքը, թե ՝ Երուսաղեմում պատմական ստատոս-քվոյի պահպանումը ունի կարեւորագույն նշանակություն:
Հայ Առաքելական եկեղեցին Երուսաղեմի պատմական ստատուս-քվոյի հիմնարար մաս է: Էրդողանը այդ մասին պահպանումը եւ՞ս համարում է կարեւոր, թե՞ համարում է, որ այդ մասը պետք է պահպանվի լոկ իբրեւ դեկոր, իսկ բուն իմաստով այն պետք է ենթակա լինի «պատմական ստատուս-քվոյի» մահմեդական բաղադրիչին:
Սա չափազանց էական հարց է, այդ թվում նաեւ Մայր Աթոռի եւ ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու թե դավանա-քաղաքական նկարագրի ու հեղինակության, թե կառուցվածքային կարգապահության դեմ ներկայիս ոտնձգությունների պայմաններում:
Ահա, թե ինչու կարծում եմ զուտ ժամանակագրական զուգադիպություն չէ, երբ «ապստամբ ութնյակի» եւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում այն օրը, երբ Անկարա է ժամանում Հռոմի Պապը:
Ի դեպ, Թուրքիա այցի շրջանակում Պապը Նիկեայում կհանդիպի Տիեզերական Պատրիարք Բարթողոմեոս Ա-ի հետ: Նիկեա այցը կապված է Տիեզերական առաջին ժողովի 1700-ամյակի հետ, բայց անկասկած Պապն ու Պատրիարք պատմական խորքի համատեքստում կքննարկեն այդուհանդերձ այօրվա ու վաղվա հարցերը: Իսկ Տիեզերական Պատրիարքի «պատասխանատվության գոտում» է նաեւ Երուսաղեմում «պատմական ստատուս-քվոյի» մի շոշափելի մաս, բառի բուն եւ պատկերավոր իմաստով:
Ի դեպ, երկու օր առաջ Անթիլիասը հայտնեց, որ Նիկեայում միջոցառմանը մասնակցելու Հրավեր Պապից ստացել է նաեւ Արամ Առաջին Վեհափառը: Նրան բա՞ն կառաջարկեն Նիկեայում:
Թե՞ Նիկեայում կփորձեն պատասխան լսել, այն առաջարկի, որ Վեհափառին օրեր առաջ ԱՄՆ հովվապետական այցի շրջանակում արել է կեցավայրում նրան հյուր եկած Նենսի Փելոսին»:

