Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, չեմ դրել ստորագրությունս դիմումի տակ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան. News.am

Ես կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացմանը և քննարկման ենթակա չեմ համարում այդ հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԵ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

Երեկ բարձրաստիճան հոգևորականների անունից դիմումի տեքստ էր հրապարակվել, որում մի քանի արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ մեղադրում էին Գարեգին Բ-ին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապիղծ արարքը» կոծկելու մեջ, պնդում, որ Վեհափառը «անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին» և պահանջում էին նրա հեռացումը։ Ավելի ուշ նրանք գնացել էին կառավարություն, հանդիպել վարչապետի հետ, Փաշինյանն էլ շնորհակալություն էր հայտնել նրանց «հրապարակայնորեն սկզբունքային դիրքորոշում արտահայտելու» համար։

Դիմումի տակ առկա էր նաև Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի անունը, սակայն նրա ստորագրությունը բացակայում էր։

«Չեմ դրել ստորագրությունս այդ դիմումի տակ, քանի որ նման հարցերը, իմ կարծիքով, պետք է լուրջ քննարկում անցնեն՝ ընդ որում եկեղեցու ներսում, և դրանից ելնելով կայացվեն անհրաժեշտ որոշումները, իսկ դա ժամանակ է պահանջում»,- NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան արձագանքել է Արմաշ Սրբազանը՝ ասելով, որ հավելյալ մեկնաբանություններ տալ չի ցանկանում։

Տեսանյութեր

Լրահոս