«Նա խնդրել էր ինձ՝ տվեք ինձ ժամանակ». Փաշինյանի  «ուխտադրժության» մասին Ալիևի պնդումները և փոխանցած «ռուսական մեսիջը»

«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ռազմական ավար է վերցրել մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։

«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար: Պարզ է, իհարկե, մեր դեմ կիրառված այդ սպառազինությունը ձեռք է բերվել անվճար»,- շեշտել է Ալիևը:

Այո, մինչև 2018 թվականի իշխանափոխությունը նախկին իշխանությունները, օգտվելով ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավորություններից, կարողացել են ՀՀ զինված ուժերի համար ստանալ անվճար և ՌԴ ներքին գներով զենք: Բայց դեռ 2015 թվականից ստորագրվել են գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր:

Այսինքն, Հայաստանը վճարում է սեփական միջոցներից, կամ վարկ է վերցնում, և այս դեպքում գնվում է այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերին, և այնքան, որքան պետք է:

Կարդացեք նաև

Մասնավորապես, 2015թ. հունիսին Երևանում ստորագրվել էր 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը։

Հայկական կողմը կարող էր գնումը կատարելիս գումարի մինչև 90 տոկոսը վճարել վարկի միջոցներից` ռուսական ռուբլով:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. զեկույցում նշվում էր, որ 200 մլն ԱՄՆ դոլար վարկով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ:

Զեկույցում նշվում էր նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն:

Վերլուծական կենտրոնի գնահատականով՝ «Սմերչ» համակարգերի համար Հայաստանը վճարելու էր 60 մլն ԱՄՆ դոլար, իսկ «Սոլնցեպյոկների» համար՝ 40 մլն ԱՄՆ դոլար:

Իսկ 2017թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հաստատել էր ՌԴ-ից նոր «ռազմական վարկ» վերցնելու համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրվելու էր 100 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանից սպառազինություն և զինտեխնիկա գնելու նպատակով: Հայկական կողմը, «Ազատության» փոխանցմամբ, վարկն օգտագործելու էր 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Հավելենք, որ 2021 թվականին «Кавказский узел» պարբերականը հոդված էր հրապարակել,  որտեղ հիշեցնում է, որ 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016թ. շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, ռուսական վարկով 200 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

Պարբերականը նշել էր նաև, որ С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» է՛լ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք: Իսկ 2023 թվականին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել էր. 

«Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են, կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք տարածաշրջանում երևի միակը՝ Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա: Այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել 100-ավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ-հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ: 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել: Էլ չեմ խոսում «Իսկանդերի» մասին, չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին»:

Նախկինում սպառազինության ձեռքբերման թեմային բազմիցս անդրադարձել ենք, այդ թվում՝ բանակի արդիականացման 2018-2024թթ. յոթնամյա ծրագրին, և չպետք է մոռանալ փաստը, որ այսօր ՀՀ ԶՈւ զինանոցը հիմնականում բաղկացած է դեռ ռուսական սպառազինությունից, որի մասին ՀՀ իշխանությունները, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մոռանում է, երբ հայտարարում է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել:

Ի դեպ, հնարավոր է, որ Իլհամ Ալիևը 6 միլիարդի հայկական զենք և զինամթերք ոչնչացնելու և որպես ռազմական ավար վերցնելու և դրա անվճար լինելու մասին հայտարարությամբ նաև ռուսական մեսիջն է փոխանցում ՀՀ ներկայիս իշխանություններին, որոնք ռուսական կողմին մեղադրում են սպառազինության մատակարարման պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ: Թեպետ ինչ-որ պահի իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել, որ ՌԴ-ն սկսել է կատարել իր այս պարտավորությունները, որ զենքի ինչ-որ խմբաքանակ հասել է Հայաստան, բայց թե ինչի մասին էր կոնկրետ խոսքը, հայտնի չէ:

Իսկ «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշել է նաև ԵԱՀԿ ՄԽ-ին, և, թե ինչպես էին ժամանակին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում միջնորդները և միջազգային հանրությունը պաշտպանում, ընդունում կամ առնվազն չանտեսում հայկական կողմի պահանջները:

«Մենք լիովին համոզվեցինք, որ ՄԽ-ի գլխավոր նպատակը ոչ թե հակամարտությունը կարգավորելն է, այլ՝ սառեցնելը, «հայկական օկուպացիան» հավերժական դարձնելը»,- նշել է Ալիևը՝ ակնարկելով, որ այս կերպ իրենց հասկացրել են, որ պետք է հաշտվել այդ «օկուպացիայի» հետ, քանի որ հարցի ռազմական լուծում չի կարող լինել:

«Համաշխարհային առաջատար մայրաքաղաքներից այլ ուղերձ էլ կար, այն է՝ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ ժամանակ մենք հարց էինք բարձրացնում՝ «լավ, մենք դրա հետ կարող ենք համաձայնել, բայց ո՞րն է այլընտրանքը: Եթե այլընտրանքն «օկուպացիայի» (չակերտները.- Մ.Պ.) հետ հաշտվելն է և «սեպարատիստ» (չակերտները.- Մ.Պ.) ռեժիմի գոյությունն է մեր միջազգայնորեն ճանաչված մոտ 1/5 տարածքի վրա, ապա մենք դրա հետ չենք կարող համաձայնել: Մենք կարող ենք համաձայնել, որ խնդրի ռազմական լուծում չի կարող լինել, եթե ՄԽ համանախագահ երկրները, աշխարհի առաջատար երկրները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները ստիպեն Հայաստանի «օկուպացիոն» ուժերին լքել մեր հողերը, կատարել ՄԱԿ-ի 4 բանաձևերի պահանջները»,- շարունակել է Ալիևը:

Այսինքն, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ընդունել է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրել Ադրբեջանի վրա Արցախի խնդրի կարգավորման հարցում, զսպել նրա ցանկությունները:

Չմոռանանք, որ 2016-ին նախարարների կաբինետի ընդլայնված նիստում Ալիևը հայտարարել էր. «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»:

Եվ ՌԴ-ից բողոքող, դեպի Արևմուտք գնացող, բայց պատերազմի օրերին ՆԱՏՕ-ից դժգոհող Նիկոլ Փաշինյանն իրեն պիտի հարց տա՝ ինչո՞ւ և ե՞րբ միջազգային հանրությունը 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո դեմքով շրջվեց դեպի Ադրբեջանը և սկսեց ընդունելի համարել նրանց «միջազգային պահանջները»:

«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ անգամ Արցախում իրենց «հակաահաբեկչական գործողությունները» մեծամասամբ ընկալելի են եղել միջազգային հանրության համար:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե 44-օրյա պատերազմի օրերին շեշտը դներ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վարձկանների և ահաբեկիչների վրա, համապատասխան երկրներից լուրջ աջակցություն կստանար, առնվազն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրվեր: Կամ՝ եթե 2020 թվականի պատերազմին կրոնական բնույթ հաղորդվեր, քրիստոնյա կամ եվրոպական աշխարհը մեծ աջակցություն կցուցաբերեր, մինչդեռ հաշվի չէր առնվել եվրոպական երկրներում ոչ քրիստոնյաների և մահմեդականների թիվը: Առանց լուրջ դիվանագիտության՝ նման «թռուցիկ» փորձերը չէին կարող հաջողություն ապահովել:

Իսկ Ալիևը ֆորումի բացմանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն։

«Մենք նման սպասելիքներ ունեինք: Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա «մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման» (չակերտները.- Մ.Պ. ) կարիքը չէր լինի»,- ասել է Ալիևը՝ հիշեցնելով Փաշինյանի՝ Արցախի հետ բանակցելու առաջարկը և «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը:

Նշենք, որ 168.amգրել էր, որ 2020-ի հոկտեմբերի սկզբին՝ 44-օրյա պատերազմը սկսելուց մոտ 7 օր հետո, Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին, որտեղ որոշակի գաղտնազերծումներ էր արել:

«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը.- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները.- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ դաժան մարտեր են ընթանում, և դա դժվար է անել:

«Եթե հանկարծ մենք դադարեցնենք գործողությունները, իսկ իրենք չդադարեցնե՞ն… Ամեն դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատել: Թե չէ՝ սպասեք, ժամանակ տվեք: Ինչի՞ համար ժամանակ տանք: Տանք ժամանակ, որ վերականգնեք ուժե՞րը: Տանք ժամանակ, որ մարդ հավաքեք և հարձակվեք մեզ վրա՞: Նրանք մեզ միամիտի տեղ են դրել: Տանք ժամանակ, որ բանակցությունների գնա՞նք: Ես ասացի ինչ պետք է, և վերջ,- նշել էր Ալիևը՝ շարունակելով,- Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե՝ ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»:

Այսինքն, Ալիևը, ըստ էության, հաստատել էր Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին, որը ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, խախտել են՝ դառնալով պատերազմի հրձիգ: Եվ ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր իրավիճակներ և իրողություններ է համարել պատերազմի հրձիգ:

Փաստ է՝ «թավշյա իշխանության» համար միանգամայն կանխատեսելի է եղել Ադրբեջանի ռազմական պատասխանը, այլ հարց է, որ պատերազմի առաջին օրը ՊԲ-ում ոչ բոլոր տեղերում են պաշտպանության անցած եղել: Եվ այսօր էլ Փաշինյանն էական չի համարում պատերազմին պատրաստվելը, որովհետև ինքը գնում է իր խաղաղության օրակարգով, բայց, որ այն չի ապահովագրում նոր պատերազմից և անվտանգային նոր սպառնալիքներից, իրեն չի հետաքրքրում: Անում է այն, ինչ պահանջում են…

Տեսանյութեր

Լրահոս