«Ձեր դատաստանը շա՜տ դաժան է լինելու. Եկեղեցին ավելի մեծ հալածիչների վախճան է տեսել»․ Վահե Բեգոյան
«Սա նոր աղանդի հիմնում է, որը կպահի եկեղեցու արտաքին ատրիբուտիկան և բովանդակային առումով նույնն է, ինչ բողոքական եկեղեցին։ Բազմիցս ասել ենք՝ սա անգլիկան եկեղեցու նման մի կառույց է, որտեղ պահպանված են կաթոլիկ եկեղեցու արտաքին ամեն ինչը, բայց բովանդակային առումով բողոքական է։
Հայ Առաքելական եկեղեցում չի կարող լինել մի իրավիճակ, երբ քահանան պետք է որոշի՝ ինքն ինչ պետք է անի, ինչ չանի։ Հայ Առաքելական եկեղեցին ունի կառույց, որը հիմնել է ինքը՝ Հիսուս Քրիստոս, և նրա առաքյալները, և նվիրապետական աստիճաններից է բաղկացած և կառավարվում է վերևից ներքև»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը։

Նրա խոսքով՝ իր վերադաս եպիսկոպոսին և Ամենայն Հայոց կաթողիկոսին Պատարագի ժամանակ չհիշատակելով՝ մինչև կարգալույծ լինելը Ստեփան Ասատրյանն ինքն իրեն դուրս է դրել եկեղեցու կառույցից․
«Սա կարող է թվալ ընդամենը ծիսական ատրիբուտ, բայց եկեղեցու միասնությունն, ամբողջությունն արտահայտվում է այս կարևոր երևույթով»։
Վահե Բեգոյանը նկատեց՝ կարգալույծ քահանան իր կարգը ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսից, քանի որ նրա քահանա ձեռնադրած եպիսկոպոսին ձեռնադրել է Ամենայն Հայոց հայրապետը․
«Եթե ինքը հիմա Ամենայն Հայոց հայրապետին համարում է կարգ չունեցող մեկը, հետևաբար՝ անվավեր է հռչակում իրեն ձեռնադրող եպիսկոպոսի եպիսկոպոսական ձեռնադրությունը, ուրեմն՝ նաև իր քահանայական ձեռնադրությունը։ Ուրեմն՝ ինքն ի սկզբանե, իր իսկ հայտարարության համաձայն՝ կարգ չի էլ ունեցել։ Այսինքն՝ մենք գործ ունենք այն աստիճանի լպիրշ տգիտության հետ․․․»։
Նա շեշտեց՝ կարգալույծ եղածի կատարած որևէ արարողություն վավեր չէ․ »Իր օծումը կա, բայց շնորհը չկա, այդ շնորհը վերցված է նրանից։ Նրա կատարած արարողությունները ոչ միայն վավեր չեն, այլև այդ խորհուրդը չի կատարվում։
Օրինակ՝ հաղորդության հացն ու գինին կմնան այդպես հաց և գինի․ կարող եք ցանկացած պանդոկից հաց և գինի վերցնել, թաթախել, ուտել, դրա համար հեչ պետք չի հասնել Հովհաննավանք։ Հովհաննավանքում նրան նշանակել են այն մարդիկ, ում դեմ այսօր նա ամբաստանություն է անում։ Այսինքն՝ նշանակելուց դրա իրավունքն ունեին, հանելուց՝ ո՞չ»։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ օրերս Փաշինյանը Հռոմում կաթոլիկ եկեղեցուց հաղորդություն էր ստանում․
«Մի հատ թող կենտրոնանա՝ ինքը ո՞ր եկեղեցուց է։ Մենք դավանաբանական միության մեջ չենք կաթոլիկ եկեղեցու հետ և իրենց մոտ չենք հաղորդվում, իրենք էլ մեզ մոտ չեն հաղորդվում։ Դա այնպիսի բան չէ, էլի, որ հաց փախցնող շան պես՝ որտեղ մի բան տեսնես՝ գնաս մուրաս, վերցնես, այդպես չէ, սա խորհուրդ է, բովանդակություն է»։
Ըստ նրա՝ Հայ Առաքելական եկեղեցին պետք է բոլոր միջազգային կառույցներում բարձրացնի այս խնդիրը․
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն տարածել է, բայց պետք է միջազգային բոլոր կառույցներում Հայ եկեղեցին պահանջի Սովետական Հայաստանի իրավահաջորդն իրեն հռչակած ՀՀ-ից՝ իրենից ապօրինի կերպով բռնագանձած ողջ գույքը՝ Մատենադարանից սկսած՝ մինչև հողային կալվածքներ, վանքեր, և նաև փոխհատուցում՝ այս ամբողջ տարիներին այդ գույքը տնօրինելու և դրանից գոյացած եկամուտների դիմաց։

Այս ամենը, որ ժամանակին արվեր, հիմա չէին լսի հայտարարություններ, որ՝ այն եկեղեցիներում այս կամ այն չկա… Նախ՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ եկեղեցիներում կա, չկա, դա եկեղեցու գույքն է, ոնց կուզի՝ կտնօրինի։ Սա աբսուրդ է, բայց այնպիսի աբսուրդ, ինչպես մարդուն «մեր ձևով» ասելու համար նստացնելը, հարցազրույց տալու համար նստացնելը՝ առանց հաշվի առնելու մարդու վաստակը, դիրքը, արժեքը»։
Նա ցավալի է համարում, որ հատկապես ոստիկանների գիտակցության մակարդակն այնքան ցածր է, որ հրաման են կատարում՝ առանց հասկանալու, թե ում դեմ է այդ հրամանը, դրա հոգևոր հետևանքներն իրենց և իրենց սերունդների վրա ինչպիսին պետք է լինեն․
«Ես ուղղակի կոչ եմ անելու բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն այդ ուժը միջամտելու, օրինական հոգևորականներին եկեղեցուց հեռացնելու, եկեղեցին պաշտպանելու եկած հավատացյալներին տարածքից հեռանելու․ մի՛ մտեք ձեզ չվերաբերող և ձեր համար հոգևոր առումով ծայրահեղ վտանգավոր այս խաղի մեջ, դրա հետևանքները շատ ծանր են լինելու։
Միշտ պետք է հիշեք, որ վերևն Աստված կա և բոլորին տալու է այդ հատուցումը։ Երբ օրինական, իր կարգի մեջ հաստատ հոգևորականը գալիս է ծես անելու, Պատարագ մատուցելու, և կողքից և՛ տգետ, և՛ այս պահի իրենց շահի համար ամեն բան զոհելու պատրաստ, այդ թվում նաև՝ այն սրբությունները, որոնց առաջ իրենք ուխտ են արել, այդ ամենի դեմ դուրս եկած մարդկանց համար ոտնատակ տալ այդ սրբությունները․․․ Ձեր դատաստանը շատ դաժան է լինելու»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

