Արցախի անկախությունը ճանաչելու՝ Սերժ Սարգսյանի որոշված և Փաշինյանի կորցրած ժամանակը, կամ՝ միջազգային հանրության «շրջված» դեմքը

Օկուպացված Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ի ցույց է դրել ՀՀ նախկին իշխանություններից ունեցած իր վախերը և խոստովանել է, որ 30 տարի չեն կարողացել չեզոքացնել «հայկական սպառնալիքները» և հասնել իրենց նպատակներին:

Ավելին, Ալիևը նաև դժգոհել է, որ երկար տարիներ միջազգային իրավունքը չի աշխատել, չի լսել իրենց ձայնը՝ դուրս բերել հայկական զորքը Լեռնային Ղարաբաղից, այսինքն, Արցախը հրաժարվել են ճանաչել Ադրբեջանի կազմում կամ պարտադրել այդ թեզը հայկական կողմին:

Իսկ այսօր արդեն Ալիևն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 30 տարի իրենց վախեցնող «հայկական սպառնալիքները» հաղթահարված են, միջազգային հանրության համար էլ ընկալելի են դարձել ադրբեջանական կողմի պահանջները:

«Ներկա դրությամբ միջազգային մի շարք կազմակերպություններ փորձում են օգնել մեզ հասնել փոխադարձ ընդունելի որոշման: Բարեբախտաբար, մենք տեսնում ենք, որ բոլոր միջազգային կառույցները հասկանում են՝ այդ որոշումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անցել է 3 տարի, և մենք լսում ենք ուղիղ հայտարարություններ այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Եթե օկուպացիայի ժամանակահատվածում նման հայտարարություններ արվեին, ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր սկսվի»,- հայտարարել է Ալիևը:

Կարդացեք նաև

Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե չպետք է կորցնեն զգոնությունը և մոռանան իրենց անցյալը, երբ առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը՝ «օգտվելով Ադրբեջանի ներքին քաոսային վիճակից և կառավարության անկազմակերպվածությունից, «օկուպացրեց իրենց տարածքները»»:

Այսինքն, ըստ էության, Ալիևն այստեղ գլխավոր  սպառնալիքը ոչ թե դրսից է տեսնում կամ Նիկոլ Փաշինյանից, այլ իր երկրի ներսում, որ հանկարծ իրավիճակը չապակայունանա:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, Ալիևին հորդորել էր չգնալ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտման ճանապարհով՝ սպառնալով, թե ինքն էլ է տիրապետում նմանատիպ տեղեկությունների:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,- շեշտել էր Փաշինյանը:

Մինչ այս պահը Փաշինյանը չի օգտագործել այս հաղթաթուղթը և նպաստել Ադրբեջանում ներքին իրավիճակի ապակայունացմանը, որից վախենում և խուսափում է Ալիևը:

Ինչո՞ւ չի գնում սրան Նիկոլ Փաշինյանը և նախընտրում է հնազանդորեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, կարծում ենք, ավելորդ մեկնաբանությունների կարիք չկա, ինչպես ասում են՝ No comment:

Իսկ Ալիևը, չնայած միջազգային հանրության աջակցությանը, Շուշիում ասել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, որովհետև, ամեն դեպքում, միջազգային իրավունքն ընտրողաբար է կիրառվում:

Երկրորդ՝ չնայած 44-օրյա պատերազմի արդյունքներին, ըստ Ալիևի, հայկական հանրության տարբեր սեգմենտներում, այդ թվում՝ կառավարության մեջ, կան մարդիկ, որոնք դեռ ապրում են «ռևանշիստական գաղափարներով», ինչը չեն թաքցնում:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նույն պնդումն էր արել. «Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»: 

Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, ըստ էության, տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկուսացրել Գրիգորի Խաչատուրովին և Արմեն Աշոտյանին:

Այս բոլոր մարտահրավերներն ու հնարավոր սցենարները հաշվի առնելով, Ալիևի խոսքով, պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը պաշտպանական համակարգում և զինված ուժերում ձեռնարկեց լրջագույն բարեփոխումներ՝ ունենալ թուրքական մոդելի բանակ:

Մի բան, որ Հայաստանի դեպքում չենք կարող պնդել, թեպետ իշխանություններն անընդհատ խոսում են բանակում բարեփոխումներից և ինչ-որ ծրագրեր իրականացնում, բայց այսօր չենք կարող ասել, որ ունենք ավելի ուժեղ բանակ, քան նախքան 2020-ի պատերազմը, և, որ բավարար բարձրացվել է մեր զինված ուժերի դիմադրողականությունը:

«Երբ միջազգային իրավունքը չի աշխատում, երբ ստորագրությունները քիչ նշանակություն ունեն, խաղաղության միակ երաշխիքը մնում է ուժը: Մենք չենք կարող բացառել այն պոտենցիալ սպառնալիքները, որոնք կարող են ծագել ապագայում, որովհետև աշխարհում և մեր տարածաշրջանում իրավիճակը բավականին անկանխատեսելի է: Արտաքին սպառնալիքների աստիճանը դեռ այնքան բարձր չէ, հնարավոր է նաև այն պատճառով, որ մենք պատրաստ ենք կառավարել այդ վտանգները և պաշտպանել մեզ»,- Շուշիում նշել է Ալիևը:

Ի դեպ, 2022 թվականի հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր էր բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, և ինչի վրա են շեշտը դնելու ադրբեջանական բանակի զարգացման և հզորացման հետպատերազմյան գործընթացում:

Այս համատեքստում Ալիևը «Komando» ուժերի ստեղծումը և առհասարակ սեփական զինված ուժերի կատարելագործումը և հզորացումը պատճառաբանել էր մի քանի հանգամանքով, այդ թվում՝ ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի» առկայությամբ և նախկին իշխանություններից իր վախերով:

Մասնավորապես, Ալիևն ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ են ցանկացած պահի, հնարավորությունից օգտվելով, իրենց հարված հասցնել: Այլ կերպ ասած՝ վերականգնել հայկական բանակի մարտունակությունը, ուստիև իրենք չպետք է կանգ առնեն:

«Խոսքը ռևանշի փորձերի մասին է, և այն, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո: Իսկ այսօր հայկական բանակն «ամբողջությամբ ջախջախված վիճակում է և ի զորու չէ դիմադրել մեզ», ընդ որում, ավելի շատ, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր»,- 2022 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր Ալիևը՝ ակնարկելով, թե հաղթանակի դափնիները չպետք է թմրեցնեն իրենց:

Միաժամանակ, մեկ անգամ չէ, որ Ալիևը դեմ է արտահայտվել հայկական բանակի լինելիությանը, հզորացմանը, սպառազինմանը՝ ասելով, թե խաղաղության գնացող Հայաստանը չպետք է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնի: Փաշինյանին պարտադրվող խաղաղության օրակարգին և դրա հետևանքներին դեռևս կանդրադառնանք, իսկ մինչ այդ վերադառնանք Նիկոլ Փաշինյանի օրոք միջազգային հանրության մոտեցումների փոփոխությանը և հավելենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ակնարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու թեման այլևս դուրս է օրակարգից, և այսօր խոսվում է միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության և իրավունքների մասին:

Նա ակնարկել է, որ այս թեման ՀՀ իշխանություններն են մի կողմ դրել՝ ռուսական առաջարկից շեղվելով:

«Հետագայում Ղարաբաղի կարգավիճակը որոշելու թեման հայերը մի կողմ են դրել, ինչը, ի դեպ, մեծ վրդովմունք առաջացրեց ռուսական կողմի մոտ, դա երևում է ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից: Նրանք մի կողմ գցեցին հետագայում Ղարաբաղի կարգավիճակը որոշելու թեման, այն այլևս գոյություն չունի, և արդեն խնդիրը վերաձևակերպվել է հետևյալ կերպ՝ Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներ և անվտանգություն»,- իրեն ձեռնտու մեկնաբանությամբ մանրամասնել է ադրբեջանցի դիվանագետը՝ վստահեցնելով, թե իբր 2010-ին Հայաստանի այդ ժամանակվա նախարարը շոշափել է Արցախի անկախության ճանաչման հարցը, թե իբր ինչ-ինչ շրջանակներից նման ճնշում կա, ինչին հետևել է իր պատասխանը՝ «ճանաչեք, բայց հետո պետք է ՄԽ համանախագահներին բացատրեք, որ բանակցային թեման չեզոքացված է»:

Հիշեցնենք, որ 2016-ին Ադրբեջանի նախագահը նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել էր.

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ապա 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին, Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել էր.

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Իսկ 2021 թվականի փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահը հիշեցրել էր վերը նշված հանդիպումը և պարզաբանել, թե ինչու չէին կարող ՀՀ օրենքներով, օրինակ, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը:

«Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի: Բայց եթե մի քիչ հետ գնանք ու հիշենք Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ի դեպ, պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. 

«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:

Մինչև այսօր հայտնի չէ՝ օտար երկրների ղեկավարներին և միջազգային կառույցներին նամակներ գրել սիրող Արցախի նախագահը դիմե՞ց Նիկոլ Փաշինյանին, ով պատերազմից առաջ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թե՞ լավ իմանալով, որ մերժում է ստանալու, չի էլ դիմել:

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը բացեիբաց, ըստ էության, հայտարարում են, որ Արցախն արդեն Ադրբեջան է, և վերջ:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա «Ֆրանս-պրես»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, պատերազմը հավանական է:

«Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմը, իհարկե, շատ հավանական է։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն՝ հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։ Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա, որպես կանոն, պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այլն, և այդպես շարունակ։

Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա»,- շարունակել է Փաշինյանը, ով այլ առիթներով ընդունել է, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում, թե չի սկսի նոր պատերազմ:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար էլմար Մամեդյարովը վերևում հիշատակված հարցազրույցում շեշտել էր, թե պետք չէ շտապել և ստանալ «հում» փաստաթուղթ, այսինքն, պետք է փորձել ստանալ ավելին:

«Փաստաթուղթը պետք է լինի «երկաթբետոնե», դարերի համար, որը չի թողնի պոտենցիալ «խոց» Ադրբեջանի «մարմնում»»,- ընդգծել է Մամեդյարովը՝ ակնարկելով, որ աստիճանաբար պետք է գործընթացի վրա ավելացնել ճնշումը:

Ի դեպ, 2022 թվականին Ադրբեջանի նախկին մեկ այլ արտաքին գործերի նախարար՝ Թոֆիկ Զուլֆուգարովը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այս առնչությամբ ասել էր՝ խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս պատերազմի զսպման կամ նոր պատերազմի չսկսման երաշխիք չէ:

«Դիվանագիտությունն ամենակարող չէ, այն պետության, պետական համակարգի մի բաղադրիչ է, ինչպես պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը, ներքին զորքերը, հատուկ ծառայությունները: Դրա համար՝ ասել, որ դիվանագետները ստորագրելով որևէ փաստաթուղթ, կլուծեն խնդիրները, միամտություն է: Մենք պետք է ձերբազատվենք պատրանքներից, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ինչ-որ խնդիր լուծել»,- շեշտել էր նա:

Այսինքն, ասում են այն, ինչ Ալիևը՝ երբ ստորագրությունները քիչ նշանակություն ունեն, խաղաղության միակ երաշխիքը մնում է ուժը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ի զորու չլինելով հասնել «երկաթբետոնե» փաստաթղթի ի շահ Արցախի և ՀՀ-ի, չի լսում ՀՀ փորձառու դիվանագետների հորդորները: Փաշինյանը հանրությանը ժամանակ առ ժամանակ վախեցնում է պատերազմով, բայց, մեծ հաշվով, ոչինչ չի անում հզորացնելու հայկական բանակը:

Ավելին, «Ֆրանս-պրես»-ին նա խոստովանել է, որ «իր վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել»:

Այսինքն, Փաշինյանը խոստովանում է, որ նախքան պատերազմն էլ չի կարողացել ապահովել հարաբերական անդորր, և հաշված օրեր են առանց կրակոցների անցել: Իսկ հետոն շատ ավելի վատ է լինելու՝ խաղաղության պայմանագրի ներքո նոր պատերազմ, այս անգամ՝ ՀՀ տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս