Փաշինյանի՝ պատերազմի հրձիգի փնտրտուքի հետքերով. Պատերազմից առաջ և հետո
Հուլիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Հայաքվեի» նախագիծը պատերազմի հրձիգ է:
«Հայաքվեն»՝ պատերազմի հրձի՞գ. Ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը
«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, և բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմն ունի երկու տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում: Հիմա այդ երկուսից ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելու դեպքում Ադրբեջանն ասելու է՝ այո, դուք ինչ ուզում եք, այդպես էլ լինելո՞ւ է, թե՞ պատերազմ է հայտարարելու: Ավելին ասեմ, այդ նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է՝ Հայաստանը միջամտում է իր հարցերին: Մեր բոլոր խնդիրները սկսվել են այն օրվանից, երբ 1998-ից Արցախի հարցը՝ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի հարցից, որտեղ միջազգային հանրությունը մեր կողմն էր, դարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարց: Իսկ երբ դարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարց, մենք այլևս միջազգային հանրությունում բարեկամներ չենք ունեցել: Հիմա մենք նորից դա անում ենք, ակնհայտորեն մտնում ենք վատ ցիկլի մեջ: Մենք հիմա պետք է հարցը տանենք Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների դաշտ: Եթե այդպես ենք անում, ստացվում է, որ Ստեփանակերտը դառնում է սուբյեկտ բանակցության: Մենք պետք է անենք գործողություններ, որոնք չեն բերի պատերազմի, որովհետև մեզ պատերազմ պետք չէ, մենք հիմա խաղաղության օրակարգով ենք առաջ շարժվում: Իսկ այդ գործողությունն առիթ է, պատճառ, նվեր Ադրբեջանին: Հիմա Ադրբեջանը ժանիքները սրած սպասում է և ձեռքերը շփելով, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն: Ադրբեջանը երազում է դրա մասին: Ադրբեջանում խոսում են երրորդ պատերազմի մասին և փնտրում են առիթներ դրա համար: Ընդ որում, նրանք առիթ են փնտրում Արցախի դեմ երրորդ պատերազմի համար, բայց եթե մենք նման գործողություն անենք, առիթ ենք տալու նաև Հայաստանի դեմ պատերազմի համար: Հետևաբար, այս նախագիծը պատերազմի հրձիգ է»,- շարունակել է Պապոյանը:
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է օրենքի նախագիծ, որով խիստ պատիժ է սահմանվում Արցախն այլ պետության կազմում ճանաչելու և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու դեպքերում:
Քաղաքական հակառակորդները՝ պատերազմի հրձիգ. փաշինյանական փնտրտուքներ՝ պատերազմից առաջ
Իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանը տարբեր ժամանակներում պատերազմի տարբեր հրձիգներ է գտել: Կարճ «հեղափոխական» էքսկուրս անցկացնենք:
2018 թվականի դեկտեմբերի 1-ին Գորիսում այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք օրումեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, և մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում ու նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ»:
«Երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն է, երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում, թե ՀՀ-ն զենք չի գնում, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դրանք սխալ հայտարարություններ են: Ես անընդհատ մտածում եմ՝ էս մարդիկ էս հայտարարություններն ինչի՞ են անում: Անկեղծ ասած՝ որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը: Եվ էդ մարդիկ իրենց քաղաքական մոտալուտ մահն արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով, դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ, այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը: Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես իրոք այլ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն, և ես չեմ վախենում այս հայտարարությունն անել։ Եվ ես ուզում եմ ասել՝ այսօրվա կառավարությունը և Հայաստանի ժողովուրդն ունեն բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր Զինված ուժերի թիկունքում քայքայիչ գործողությունների փորձեր անող որոշ ուժերի»,- նշել էր Փաշինյանը:
Այս պնդումը Նիկոլ Փաշինյանը կրկնեց նաև այլ առիթներով:
Մասնավորապես, 2019-ի մայիսի 20-ին կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:
Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
Ավելի ուշ լրագրողների խնդրանքով այդ ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել էր Փաշինյանի այս հայտարարությանը:
«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»:
Նույն ժամանակում Փաշինյանի դավաճանների մասին հայտարարությունը մեկնաբանել էր նաև այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:
2019-ի հունիսի 5-ին էլ Փաշինյանն «Ազատության» հարցին ի պատասխան՝ փակագծեր էր բացել.
«Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»:
2019-ի օգոստոսին լրագրողներն այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից փորձել էին պարզել՝ արդյո՞ք ԱԱԾ-ն զբաղվում է դավադիր ուժերի հարցով, նա պատասխանել էր.
«Մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով, մշտապես իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը»:
Վանեցյանը շարունակել էր, որ եթե պարզեն հստակ անուններ, հստակ գործողություններ լինեն այդ անձանց արարքներում, ԱԱԾ-ն միանշանակ կարձագանքի, եթե լինի քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն, մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, անխտիր կենթարկվեն պատասխանատվության:
Փաստն այն է, որ, ըստ էության, ոչ Բակո Սահակյանը, ոչ էլ Դավիթ Տոնոյանը նման տեղեկություններ չունեին, և ԱԱԾ-ն էլ պատերազմից առաջ դավադիր ուժեր չհայտնաբերեց:
Բայց միևնույն է՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմից օրեր առաջ շարունակում էր դավադիր ուժեր փնտրել հակառակ ճամբարներում:
Մասնավորապես, 2020-ի սեպտեմբերին 21-ին, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, «Պաշտպանված Հայաստան» խորագրի համատեքստում Փաշինյանը հայտարարել էր.
«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով, երբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:
Նիկոլ Փաշինյանը դավաճաններ շարունակեց փնտրել նաև պատերազմի ընթացքում: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե՝ «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Իսկ արդեն 2023 թվականի մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակ պնդել էր.
«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»:
Ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունն իշխանափոխությունից հետո գործողությունների տրամաբանության մեջ էր:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ 168 TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակում վստահեցրել էր. «Գրեթե բոլոր գործակալները հայտնվել են 44-օրյա պատերազմից հետո»:
Պատերազմի հրձիգը բովանդակային և համակարգային փոփոխություններն էին. հետպատերազմյան բացահայտումը
Շարունակենք պատերազմի հրձիգների շարքը: 2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ-ում, շեղվելով նախկին հայտարարություններից, Փաշինյանը նշել էր՝ պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանը դառնում է որակապես այլ կարգի պետություն:
«2019թ. մենակ մենք չենք տեսել, իրանք էլ են, չէ՞, տեսել: Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եվրոպայի տարածաշրջանում ՀՀ-ն ամենամեծ տնտեսական աճն է ունեցել 2019-ին: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»:
Իսկ սրանից առաջ ՝ 2021 թվականի հունվարին, «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը, թերևս, 44-օրյա պատերազմի հրձիգ էր համարել հուլիսյան մարտերը և այդ ժամանակ հայկական զինված ուժերի հաջողությունը:
«2020թ. հուլիսյան մարտերն էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք»,- գրել էր նա:
Փաշինյանը 2020-ի սեպտեմբերի 25-ին էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել էր.
«Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:
Այս միտքը Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կրկնել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելին, Փաշինյանը սպառնացել էր Ադրբեջանին.
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:
Ի դեպ, հուլիսյան մարտերի հերոսների պարգևատրումը Նիկոլ Փաշինյանը որոշել էր իրականացնել անձամբ՝ առանց ՀՀ նախագահի և Սարդարապատում, ընդ որում՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 28-ին:
Եվ որքան էլ Փաշինյանը պնդել և առիթի դեպքում պնդում է, որ իր տարբեր սադրիչ գործողությունները, հայտարարությունները՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իր գիտությամբ Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքները», ինչ-որ առումով չեն եղել պատերազմի հրձիգ, Ադրբեջանի նախագահը հակառակ կարծիքն է ունեցել:
«Փաշինյանը՝ պատերազմի հրձիգ. նա խախտել է բանակցությունների ձևաչափը
Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքել էր ՀՀ-ից աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության առիթով՝ նշելով, որ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»:
Ալիևը շեշտել էր նաև, որ՝ «ՀՀ ՊՆ-ն սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար», իսկ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:
«Նրա՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»,- հավելել էր Ալիևը:
2020-ի սեպտեմբերի 22-ին, Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի»:
Իսկ նախկին իշխանությունների օրոք մեկ անգամ չէ, որ շեշտվել է՝ Հայաստանը երբեք պատերազմի հրձիգ չի դառնա: Եվ խնդիրն այն չէ, որ վախենում է, այլ փորձում է հարցը դիվանագիտական ճանապարով լուծել: Եվ պատահական չէ, որ պատերազմը համարվում է դիվանագիտական ձախողման արդյունք կամ հետևանք:
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Նրա իշխանության օրոք ոչ միայն դիվանագիտական ձախողման պատճառով պատերազմ սկսվեց, այլև հայկական կողմը ծանր պարտություն կրեց այդ ժամանակ:
Ավելին, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո այն չավարտվեց, մարդկային և տարածքային կորուստները շարունակվեցին և շարունակվում են: Այսինքն, պատերազմը չի ավարտվել, և հենց Փաշինյանի զիջողական քաղաքականությունն է, որ հանգեցնելու է նոր պատերազմի, և ոչ թե ՀՀ-ի և Արցախի ինքնիշխանության համար պայքարը:
«Ինձ մեղադրեն պատերազմի հրձիգ լինելու մեջ». Պատմությունը կրկնվում է
Այստեղ, թերևս, տեղին է հիշել Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսը 1998-ին:
Այս ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարց էր տվել Վազգեն Սարգսյանին. «Ասուլիսի սկզբից ասացիք, որ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերը Դուք թողնում եք ՀՀ քաղաքական ղեկավարությանը, կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ ինչ-որ մեկն արգելել է արտահայտել Ղարաբաղի կարգավորման շուրջ Ձեր կարծիքը, թե՞ սրանից հետո ՀՀ քաղաքական գործիչներն են արտահայտելու իրենց կարծիքը Ձեզ հետ համաձայնեցված»:
Այս հարցադրմանը Վազգեն Սարգսյանը նախ արձագանքել էր. «Մի՞թե ես թողնում եմ էնպիսի մարդու տպավորություն, որին կարելի է արգելել կարծիք հայտնել»:
Այնուհետև, մի քանի նախադասություն հետո շեշտել էր հետևյալը.
«Կարող է երբևէ այս հարցազրույցից հետո ինձ մեղադրեն պատերազմի հրձիգ լինելու մեջ, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջ: Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություն անողներն այս պատերազմում ինչ լումա ունեն, ինչ ջանք են ներդրել, քանի ընկեր են կորցրել, քանի հարազատ, դա իրենց գործն է: Բայց պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:
Պատմությունը կրկնվում է, գուցե ասեք: Այո, կրկնվում է այն առումով, որ ինչպես այն ժամանակվա իշխանական և քաղաքական շրջանակներն էին Վազգեն Սարգսյանին մեղադրում պատերազմի հրձիգ լինելու, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջ, նույնն այսօր ասում է Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանությունների և իր քաղաքական հակառակորդների հասցեին, որոնք համաձայն չեն իր խաղաղության օրակարգի հետ:
Ի դեպ, Ալիևը ևս Փաշինյանի քաղաքական օրակարգի հետ համաձայն չլինող ուժերին համարում է ռևանշիստներ, որոնք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, նույնիսկ ՀՀ ԶՈՒ-երում են եղել և գուցե դեռ կան: Այս առումով, այո, պատմությունն իսկապես կրկնվում է:
Մյուս կողմից՝ մենք ականատես ենք երբևէ չարձանագրված ճակատագրական իրադարձությունների, երբ երկրի ղեկավարը վստահ չէ, որ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ իրական խաղաղություն է բերելու, կամ պատերազմ չի բերելու, համառորեն գնում է դրան և հայտարարում, որ այդ խաղաղության գործարքին այլընտրանք չկա:
Գուցե այն պատճառով, որ այս պատերազմին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի տվել…