«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ՝ Իսահակ Գասպարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գինու շշի» մոտ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկից՝ 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր, Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Գ․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

