Մարդու իրավունքների և դեմոկրատիայի հարցերն ավարտվում են, երբ ավարտվում են ԱՄՆ սահմանները. սա դաժան աշխարհ է, եթե չկարողանանք հաշվարկել՝ մեզ կոչնչացնեն. Վիգեն Սոնենց-Փափազյան
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն առցանց զրուցել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի գործիչ Վիգեն Սոնենց-Փափազյանի հետ
– Պարոն Փափազյան, շնորհակալ եմ, հաճելի է զրուցել Ձեզ հետ: Ինչպես գիտեք, Հայաստանում ապրում ենք բավականին հետաքրքիր ժամանակներում: Մեր հասարակության մեջ շատ հարցեր են տրվում՝ ո՞ւր ենք մենք գնում, որտե՞ղ են մեր դաշնակիցները, ո՞վ կարող է ապահովել մեր անվտանգությունը, ի՞նչ է լինելու մեզ հետ վաղը: Դուք Վաշինգտոնում լոբբիստական կազմակերպությունների հետ, Պետական դեպարտամենտում, ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում աշխատանքի բավականին մեծ փորձ ունեք: Ձեր մտքերը մեզ համար արժեքավոր կլինեն: Ինչպե՞ս եք գնահատում մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, և ինչպե՞ս են դրանք տեսնում Վաշինգտոնում՝ Նախագահի ադմինիստրացիայում, Պետդեպում:
– Գիտեք, մենք՝ հայերս, կարծում ենք, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացած է մեզ վրա, որ աշխարհը մեզ վրա ուշադրություն է դարձնում ավելի շատ, քան դա իսկապես տեղի է ունենում: Բայց իրականում դա այդպես չէ: Մենք, իհարկե, ԱՄՆ-ի և եվրոպական արտաքին քաղաքականության փազլի մի մասն ենք, բայց մեզ շատ հեշտ է փոխարինել: Իմ ամենասիրելի մեջբերումներից մեկի հեղինակը Շառլ դը Գոլն է, ով ասում էր. «Գերեզմանները լի են մարդկանցով, ովքեր ժամանակին իրենց անփոխարինելի էին համարում»: Պետք է հասկանալ, որ մենք բոլորս փոխարինելի ենք:
Եվ դա, իհարկե, վերաբերում է նաև Հայաստանին: Այն տարիներին, երբ ես էի զբաղվում քաղաքականությամբ, իսկ դա 80-ականների կեսերին էր… կային պատմական ժամանակաշրջաններ, երբ ամեն ինչ հանդարտ էր և ոչինչ տեղի չէր ունենում: Օրինակ՝ Քրիստոսի ծնունդից 300 տարի հետո: Բայց արդյունաբերական հեղափոխությունից հետո մենք ավելի հաճախ ենք տեսնում մեծ փոփոխությունների ժամանակաշրջաններ: Վերջերս մենք ականատես ենք տեխնոլոգիական հեղափոխությունների, աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առջև: Մենք ավելի հաճախակի ենք տեսնում պատերազմներ, տարօրինակ դաշինքներ: Մենք ականատես դարձանք այս սարսափելի պատերազմին Ուկրաինայում, որը խլեց առնվազն 500 000 մարդկանց կյանքեր, ունենք Պաղեստինի և Իսրայելի արյունոտ առճակատումը, լարվածություններ կան ամենուր, ներառյալ՝ Հայաստանը:
Կարող ենք ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում երկու ցեղասպանություն տեղի ունեցավ՝ մեկը՝ Արցախում, որտեղից հայերը տեղահանվեցին իրենց հինավուրց Հայրենիքից, ուր ապրում էին հազարավոր տարիներ, և մյուս ցեղասպանությունը հենց հիմա՝ մեր աչքերի առաջ, տեղի է ունենում Միջին Արևելքում՝ Գազայի հատվածում: Այսինքն՝ մենք ապրում ենք բավականին բուռն ժամանակաշրջանում, և, ինչպես տեսնում ենք ևս մեկ անգամ, գտնվում ենք այդ բուռն իրադարձությունների կենտրոնում: Եթե մենք չկարողանանք հաշվարկել, ապա մեզ կոչնչացնեն: Կարծում եմ՝ մենք դա տեսնում ենք մեր աչքերով, այսպես կոչված՝ 2018թ. թավշյա հեղափոխության սկզբից, մի հեղափոխություն, որը, ինչպես մեզ էր թվում, դեպի լավը պետք է փոխեր ամեն ինչ, բայց մենք տեսանք, թե ինչպես երկու հայկական պետություններ կորցրեցին իրենց տարածքները: Մեկն ընդհանրապես անհետացավ, ու հիմա էլ մենք տեսնում ենք ամենօրյա ոտնձգություններ Հայաստանի թշնամիների կողմից, տեսնում ենք հայկական պետության շատ ռեալ մասնատման կամ էլ ընդհանրապես պետականության, սուվերենության և անկախության կորստի սպառնալիք:
Բայց վերադառնալով ձեր հարցին, թե ինչ է տեղի ունենում Վաշինգտոնում, կարծում եմ՝ պետք է սկսել Առաջին Հանրապետության պատմության ուսումնասիրությունից: Մենք բախտավոր էինք, որ Առաջին Հանրապետության ժամանակ ունեինք 2 հիանալի դիվանագետ, ովքեր աշխատում էին Հայկական հարցի առաքելության համար: Մեկն Արմեն Գարոն էր՝ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպանը, և Վահան Քարտաշյանը, Յելի համալսարանում կրթություն ստացած փաստաբան, որը հիմնադրել էր Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն:
Այդ կոմիտեն ստեղծվել էր ԱՄՆ էլիտայի կողմից հայկական անկախ պետության հիմնադրման համար աջակցություն գտնելու նպատակով: Վահան Քարտաշյանը կարողացավ սիրաշահել Գերագույն դատարանի անդամներին, Պետական դեպարտամենտի ղեկավարին, այդ ժամանակի ամենախոշոր ամերիկյան քաղաքական գործիչներին: Նպատակն էր՝ Վուդրո Վիլսոնին հորդորել իրագործել ամերիկյան մանդատը Հայաստանի անկախ պետության համար: Շատ կարևոր էր ոչ միայն անկախ, այլև կենսունակ պետության հիմնադրումը, կենսունակ պետության, որը կարող էր գոյատևել, որը ելք ուներ դեպի Սև ծով և այլ տարածաշրջաններ: Դժբախտաբար, քանի որ ԱՄՆ-ը նոր էր ավարտել սարսափելի Առաջին համաշխարհային պատերազմը, մի պատերազմ, որը պիտի ավարտեր բոլոր այլ պատերազմները, ցանկություն չկար ամերիկացի զինվորներին ռիսկի ենթարկել՝ նրանց պատերազմելու ուղարկելով աշխարհի տարբեր երկրներ, և իրագործել հայկական մանդատը:
Հայերը միակ ազգը չէին, ում դավաճանել էին դաշնակիցները՝ Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Օրինակ՝ Լոուրենս Արաբացին այնքան զայրացած էր, որ դաշնակիցները չկատարեցին այն խոստումները, որոնք տրվել էին արաբներին Օսմանյան Կայսրության դեմ պատերազմի ժամանակ, որ նա արհամարհեց ու չմասնակցեց Անգլիայի թագավորի կողմից կազմակերպված՝ իրեն Ասպետ դարձնելու արարողությանը: Այսինքն՝ դա բավականին բարդ ժամանակաշրջան էր:
Հայաստան պետությունը ստեղծվեց 1918թ., բայց աշխարհում այնպիսի իրադարձություններ էին տեղի ունենում, որ, ի վերջո, այն ընդգրկվեց ԽՍՀՄ կազմի մեջ ու մնաց 70 տարի:
Հայկական համայնքը Վաշինգտոնում և ամբողջ աշխարհում շատ մեծ աշխատանք տարավ, որ կենդանի պահեր ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարը, և ես միացա այդ գործին 1980-ական թվականներին, երբ ավարտեցի Համալսարանը: Ես տեղափոխվեցի Վաշինգտոն, որպեսզի աշխատեի Հայկական ազգային կոմիտեի կազմում:
– Այո՛, դուք ճիշտ եք: Մենք ապրում ենք բավականին բուռն ժամանակաշրջանում, և շնորհակալ եմ այս պատմական էքսկուրսի համար: Իհարկե, ինչպես մենք հիշում ենք, ԱՄՆ-ը մերժեց Հայաստանի մանդատը: Այստեղ պատվիրակություն էր ուղարկվել, որը եկավ այն եզրակացության, որ այստեղ որևէ ռեսուրսներ ու ամերիկյան շահեր չկան: Եվ Ֆրանսիան և Անգլիան որոշ ժամանակ օժանդակեցին հայերին, հետո հետ քաշվեցին: Ֆրանսիան հետ քաշվեց Կիլիկիայից, իսկ Բրիտանիան՝ ամբողջ տարածաշրջանից, երբ առճակատվեց բոլշևիկների և քեմալիստների դաշինքի հետ: Ինչպե՞ս կարելի է համեմատել անցյալի այդ իրավիճակն այսօրվա իրավիճակի հետ: Ի դեպ, դուք խոսեցիք էթնիկ զտման մասին: Մենք լսեցինք բավականին ցնցող վկայություն Պետական դեպարտամենտը ներկայացնող պարոն Օ՚ Բրայանից, որում նա չօգտագործեց «էթնիկ զտում» տերմինը: Ես չգիտեմ՝ արդյո՞ք որևէ մեկը Վաշինգտոնում օգտագործել է «էթնիկ զտում» տերմինը: Նա ասաց, որ հայերը փախան, նրանք ինչ-որ բանից վախեցել էին, բայց քանի որ շոկային վիճակում էին, իրենք էլ չգիտեին՝ ինչից են վախեցել:
Դա բացարձակ զարհուրելի, անթույլատրելի հայտարարություն էր՝ հաշվի առնելով, որ նրա ղեկավարը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, դրանից մի քանի օր առաջ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա եղել է ռազմական հարձակում: Հետևաբար՝ որևէ շփոթություն չպետք է լիներ, թե ինչից վախեցան հայերը, և ինչու լքեցին Ղարաբաղը:
Իմ կարծիքով՝ ցինիզմ էր նման բան ասելը: Ինչպե՞ս է ԱՄՆ ադմինիստրացիան տեսնում մեր շահերը ռեգիոնում, որտե՞ղ են իր դաշնակիցները, որո՞նք են նրա շահերը կամ առաջնահերթ խնդիրները: Ես չեմ ուզում հուշող հարց տալ: Գիտեմ, որ դուք փաստաբան եք ու կգնահատեք դա, բայց «Foreign Policy in Focus» պարբերականը մի հոդված տպագրեց, և այնտեղ շատ ստույգ գրված էր, որ ԱՄՆ-ը շահեր ունի Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի գազի և նավթի ռեսուրսները: Եվ ապագայում Ադրբեջանը լինելու է Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցը Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան արդեն իսկ համարվում է ԱՄՆ դաշնակիցը Միջին Արևելքում: Այսինքն՝ այս հանելուկի տարբեր մասերը շատ գեղեցիկ ձևով համընկնում են միմյանց հետ: Որևէ շփոթություն սա չպետք է առաջացնի: Բայց ես չեմ ուզում ուղղորդել Ձեզ: Ձեր կարծիքով՝ Ինչպե՞ս է ԱՄՆ-ը տեսնում իր շահերը մեր տարածաշրջանում հիմա՝ 100 տարի առաջվա հետ համեմատելիս:
– Ես չեմ կարծում, որ շատ բան է փոխվել: Այսօրվա Թուրքիան ավելի կարևոր դեր է խաղում, քան 100 տարի առաջ: 100 տարի առաջ Թուրքիան մի պետություն էր, որը կազմալուծվել էր: Հիմա Թուրքիան գործում է՝ որպես ԱՄՆ պրոքսի պետություն, այսինքն՝ դաշնակիցը: Նա իր տարածքում ունի շատ կարևոր ավիաբազա՝ ԱՄՆ օդային ուժերի բազան: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ զգույշ է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերություններին: Էրդողանի ամբիցիաները գաղտնիք չեն որևէ մեկի համար Վաշինգտոնում: Եվ ընդհանրապես դրանք որևէ մեկի համար գաղտնիք չպետք է լինեն: Էրդողանն իրեն տեսնում է՝ որպես ամբողջ մահմեդական աշխարհի առաջնորդ:
Վերջին 25 տարվա ընթացքում՝ իշխանության գալուց հետո, երբ նախ՝ Ստամբուլի քաղաքապետն էր, ապա՝ վարչապետը, հետո՝ նախագահը, նա բաց տեքստով խոսում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու, Արևելքից դեպի Արևմուտք պանթուրքական դարպասները բացելու մասին, մի բան, որը գերիշխում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մտածելակերպի մեջ Վաշինգտոնում: Դա այն պնդումն է, որ Ռուսաստանը պիտի լինի ԱՄՆ թշնամին, և ամեն բան, որը խանգարում է Ռուսաստանի ամբիցիաներին մեր տարածաշրջանում, ԱՄՆ-ը պետք է դրան սատարի: ԱՄՆ-ը ամեն կերպ խրախուսում է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի՝ դեպի Արևմուտք թեքվելու միտումը, ինչը որոշակիորեն կմեկուսացնի Ռուսաստանը: Սա բավականին վտանգավոր միտք է: Այն պարտադիր տապալվելու է և հիմա էլ տապալվում է մեր աչքերի առաջ: Գաղափարը, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել Ուկրաինան՝ Ռուսաստանը թուլացնելու և Պուտինին տապալելու համար, նույնպես տապալվում է՝ հաշվի առնելով Ավդեևկան ընկնելու մասին վերջին նորությունը: Դա չի ստացվի: Ռուսաստանը շատ ուժեղ է, և Ռուսաստանը շատ ավելի կարևոր շահ ունի, որպեսզի ազդեցություն գործի իր հարավային սահմանային մերձակա այս ռեգիոնում, քան ԱՄՆ-ը:
Եվ Ռուսաստանը հեշտությամբ դրանից չի հրաժարվի: Ցավոք սրտի, ԱՄՆ-ը շատ ցինիկ խաղ է խաղում. ԱՄՆ-ը և Եվրոպան խրախուսում են հայերին, որ նրանք ազատվեն Ռուսաստանից՝ որպես իրենց դաշնակից, և թեքվեն դեպի Արևմուտք: Եվ ամեն անգամ, երբ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ օգնություն ստանալու խնդրանքով՝ սկսած 2020թ. պատերազմից, ԱՄՆ-ը ոչինչ չի արել, բացի դատարկ, ստանդարտ դիվանագիտական հայտարարություններից: Ասել են, որ ԱՄՆ-ը մտահոգված է այս իրադարձություններով, կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, գնալ խաղաղության և զինադադարի, բայց ԱՄՆ-ը կատեգորիկ մերժել է այդ կոչերն Ուկրաինայում և Գազայում: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվել է: Հայաստանն իրեն դրեց ոչ նախանձելի դրության մեջ՝ կապերը խզելով Ռուսաստանի հետ կամ շարունակելով օտարել Ռուսաստանը, որ փարվի Եվրոպական միությանը և ԱՄՆ-ին՝ առանց տեսնելու որևէ դրական արդյունք:
Մի բան շատ պարզ է: Ճգնաժամերի ժամանակ՝ 2020թ. պատերազմի կամ 2022-2023թթ. շրջափակման օրերին, կամ 2023թ. հայերի էթնիկ զտման ժամանակ, եվրոպացիներն ու ամերիկացիները ոչի՛նչ չէին արել, ոչինչ չէի՛ն արել: Եվ վերքի վրա աղ լցնելու համար ԱՄՆ-ը հայտարարեց, որ 1 միլիոն դոլար փող կուղարկի՝ որպես օգնություն Արցախից բռնի տեղահանված փախստականների համար: Որպեսզի դուք հասկանաք, թե դա ի՞նչ թիվ է, ասեմ, որ Պենտագոնում երևի ամեն ամիս 1 միլիոն դոլար ծախսում են զուգարանի թուղթ ձեռք բերելու համար: Այդպիսի գումար ուղարկելը 100.000-ից ավելի մարդու համար ծիծաղելի է ու վիրավորական: Այդ գումարն ուղարկելն արևմտամետ, եվրոպամետ և հակառուս ներկայացող մարդկանց համար ներկայացվում է՝ որպես մեծ սենսացիա: Եվ մինչև հիմա մենք դրանից որևէ արդյունք չենք քաղում, բացի ողբերգական արդյունքներից:
– Որևէ մեկը, որևէ պետական գործիչ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ ՆԱՏՕ-ում ասե՞լ է, որ Արևմուտքը պատրաստ է անվտանգության երաշխիքներ, լուրջ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին կամ պաշտպանական դաշինք կնքել Հայաստանի հետ: Մենք ստացանք այդ ֆրանսիական Bastion-ները՝ մարդուժի տեղափոխման մեքենաները: Դրանք մեզ չեն կարող պաշտպանել արկերի և դրոնների դեմ: Սրանք տրանսպորտային մեքենաներ են, որոնք օգտագործվում են Աֆրիկայում հետախուզական և խաղաղապահ առաքելությունների համար: Եվ այո՛, սա, ինչպես դուք ասում էիք, վերքի վրա աղ լցնել էր: Մենք ունենք քարոզիչների շատ լայն մի ցանց, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կառավարությունների կողմից: Նրանք էլ հենց տարածում են այս ստերը, որ Արևմուտքը պատրաստ է մեզ օգնել, որ Ֆրանսիան մեզ ռազմական օգնություն է տրամադրում, և դա ներկայացնում են՝ որպես այլընտրանք Ռուսաստանին: Ըստ Ձեզ՝ որևէ մեկը Վաշինգտոնում կամ Եվրոպայում 3,5 տարի առաջ՝ պատերազմի ժամանակ, կամ հիմա կա՞, որևէ պետական գործիչ, ով կասի, որ ԱՄՆ-ը կամ Եվրոպան պատրաստ են ռազմական օգնություն տրամադրել մեզ, կամ ռազմական դաշինք կնքել, կամ ապահովել մեր անվտանգությունը:
– Ո՛չ, Ձեր նշածներից ոչինչ չի ասվել, որևէ բան չի առաջարկվել: Ես որևէ բացահայտ բան չեմ լսել այն մասին, որ Հայաստանին պետք է օգնություն տրամադրել, որ նա կարողանա իրեն պաշտպանել: Խոսվել էր համատեղ զորավարժությունների մասին: Շատ ընդհանուր խոսակցություններ են եղել ՆԱՏՕ-ին միանալու՝ Հայաստանի ցանկության մասին, որն անհասանելի երազանք է: Ո՛չ, մինչև հիմա Հայաստանը ստացել է միայն կոչեր՝ հանգիստ մնալու, խաղաղ ապրելու, հանդարտվելու, զինադադարի մասին: Դրանք եղել են շատ անորոշ, երկիմաստ, կարելի է ասել՝ անգամ անհասկանալի և ծիծաղելի կոչեր:
– Վենետիկի դիվանագիտության մեջ կա մի այսպիսի սահմանում, որն օգտագործվում էր մի քանի դար առաջ՝ «verbis tanem generalis», որը նշանակում է՝ ընդհանուր խոսքեր: Վենետիկն իր դեսպանին ուղարկում էր Ֆրանսիա՝ ֆրանսիացի թագավորի հարսանիքին մասնակցելու համար, և նրան ինստրուկցիա էր տվել՝ ասել ընդհանուր բառեր, ոչ մի կոնկրետ բան խոսք չտալ: Եվ ես կարծում եմ, որ մեր օրինակով նույնպես այդպես է. մենք մինչև հիմա միայն դա ստացանք՝ ընդհանուր բառեր: Մենք ստացանք 30 Bastion-ներ, որոնց կարելի է մեկ վայրկյանում ոչնչացնել մի արկով կամ մի դրոնով: Օրեր առաջ հենց դրոններն էին օգտագործվել մեր դեմ: Հայաստանում հիմա կան այնպիսի մարդիկ, որոնք ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Նրանք խոսում են Արևմուտքի անունից և խոսք տալիս, որ հենց այն վայրկյանին, երբ մենք դուրս կգանք Ռուսաստանի հետ մեր դաշինքից, դեմոկրատիայի աշխարհը գրկաբաց կընդունի մեզ, մենք կդառնանք արևմտյան դաշինքի անդամ-երկիր և երջանիկ կապրենք հավերժ՝ ունենալով անվտանգության արևմտյան երաշխիքներ:
Այս հայտարարությունները երկար պատմություն ունեն: Երբ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան, բոլորն էքստազի մեջ էին հայտնվել: Երբ Մակրոնն ինչ-որ բան գրեց իր Թվիթթերում, մարդիկ այստեղ ցնծում էին, խանդավառված էին: Հիշենք նաև եվրոպական դիտորդների հետ կապված պատմությունը, որոնք մինչև հիմա այստեղ են: Մեզ վրա մի քանի օր առաջ ևս մեկ հարձակում եղավ, և մենք ոչինչ չլսեցինք եվրոպացի դիտորդներից: Ես չգիտեմ՝ նրանք ինչով էին զբաղված: Ֆրանսիայի Սենատը կոչ արեց Արցախը ճանաչել: Դա տեղի չունեցավ: Ասում էին, որ արևմտյան դեմոկրատիաները կգան, մեզ կօգնեն, քանի որ մենք թավշյա դեմոկրատիա դարձանք: Դա էլ չեղավ: Եվ մի բան էլ: Մենք «եղբայրական» օգնություն ցուցաբերեցինք Թուրքիային երկրաշարժից հետո:
Ասում էին՝ դա ամեն ինչ կփոխի, մենք եղբայրական հարաբերություններ կունենանք Թուրքիայի հետ: Դա նույնպես տեղի չունեցավ: Այս մարդիկ անընդհատ ասում են բաներ, որոնք սուտ են: Այստեղ այդ մարդկանց շատ լայն ցանց կա: Այստեղ նրանց ձայնը լսվում է սոցցանցերում, յութուբյան ալիքներում: Մենք խոսում ենք տասնյակ-միլիոնավոր դոլարների մասին: Ըստ մի աղբյուրի՝ միայն մեկ կազմակերպությունից նրանք ստանում են 33-50 միլիոն դոլար: Հայաստանում այդ փողով շատ բան կարելի է անել: Աշխարհում որևէ նման նախադեպ կա՞: Ինչո՞ւ այս կազմակերպությունները չեն ուզում հովանավորել թավշյա հեղափոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում, ինչո՞ւ չեն ուզում դեմոկրատիա տարածել մեր հարևան երկրներում:
– Որովհետև Թուրքիան, Ադրբեջանը և այլ հետխորհրդային երկրները դա թույլ չեն տա: Նրանք գիտեն, թե որն է այդ հեղափոխությունների իրական նպատակը. մի քանի շեքել նետելն է որոշ երկրների ուղղությամբ և այդպես վերահսկել մեսիջները կամ ուղերձները: Կարելի է ասել, որ այս դեպքում հայկական Սփյուռքը շատ դեպքերում Հայաստանի շահերին հակառակ է գործել: Կան շատ ամերիկահայեր ու եվրոպահայեր, որոնք գուցե լավ մտադրություններ ունեն, մասնակցում են Հայաստանի զարգացմանը, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հետ գալիս են Հայաստան, լինի դա համալսարան կամ հետազոտական կամ ուղեղային կենտրոն: Կրկնում եմ՝ հնարավոր է՝ նրանք լավ մտադրություններ ունեն, բայց դրա արդյունքն այն է, որ դա դառնում է ապրելակերպ:
Եվ կան սահմանափակումներ, թե նրանք ինչ կարող են ասել կամ անել: Դա վերահսկվում է նրանց արտաքին հովանավորների կողմից: Սովորաբար դա վերաբերում է դեմոկրատիայի կամ մարդու իրավունքների մասին խոսելուն կամ Թուրքիային ու Ադրբեջանին քննադատելուն, ինչն արգելված է և երբեք չի թույլատրվում արտասահմանյան սպոնսորների կողմից: Եթե դուք լսեք այդ կազմակերպությունների ուղերձները, դա պարզ կդառնա: Փոխարենը՝ մենք անընդհատ լսում ենք քննադատություն Ռուսաստանի հասցեին: Անգամ, եթե ռուսները որոշ հարցերում կարող են ձեր դեմ գործել, նրանք այս տարածաշրջանում ունեն մշտական ներկայություն: Եվ ինչպես ես սիրում եմ ասել, ամեն ամիս կայուն ձևով ստացվող աշխատավարձը մեծ խթան է, որպեսզի դուք շարունակեք ձեր գործը:
Ուզում եմ ասել՝ այդ մարդիկ շարունակում են տանել հակառուսական այդ կուրսը, քանի որ ամեն ամիս ստանում են այդ ֆինանսներն արտասահմանյան կազմակերպություններից: Եվ շատ դեպքերում դուք տեսնում եք մարդկանց, ովքեր գուցեև լավ մտադրություններով են աշխատում այդ կազմակերպություններում, բայց նրանց ասելիքը սահմանափակ է: Օրինակ՝ նրանք կարող են ընդհանուր ձևով խոսել դեմոկրատիայի, մարդու իրավունքների, կոռուպցիայի մասին, բայց չեն խոսի Հայոց ցեղասպանության, մեր՝ թուրքերի կողմից ուժով խլված հողերը վերադարձնելու մասին, մեր բաց վերքի, մեր դեմ սանձազերծված ագրեսիայի մասին: Նրանք խոսում են խաղաղ նախաձեռնությունների մասին: Մենք գիտենք, որ սա դաժան աշխարհ է: Երբ դուք պառկում եք գետնին, ենթարկվում եք ու աղաչում խաղաղություն, դուք այն չեք ստանա: Դուք խաղաղության կարող եք հասնել, երբ զսպեք կամ վնաս հասցնեք ձեր թշնամուն:
– Մեր երկրի ղեկավարն այդպես չի կարծում: Նա մի երկու օր առաջ մի ճառով հանդես եկավ, որ Հայաստանը պետք է թույլ մնա և չպետք է փորձի վերականգնել իր ռազմական ուժերը, իր բանակը, որպեսզի չսադրի իր հարևաններին: Կարծեմ նա պատմության մեջ 1-ին մարդն է, որն այսպիսի բան է ասել: Բայց մենք մի քանի պատմական ռեկորդներ ունենք: Դուք հիշում եք, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ժամանակ նա ասաց, որ դա իրեն չի վերաբերում, իսկ մեր ՊՆ-ն ասաց, որ Հայաստանում ամեն ինչ խաղաղ է, և դրանից դուրս մեզ որևէ բան չի հետաքրքրում: Ես աշխարհի պատմության մեջ նման բան չեմ հիշում:
– Մեր՝ բոլորիս մասին պետք է դատեն՝ ըստ արդյունքի: Ֆուտբոլի, հոկեյի կամ ամերիկյան ֆուտբոլի մարզիչը ստանում է այն իրավիճակը, որը ստանում է: Նրանց տալիս են խաղացողներ ու արդյունքներ պահանջում: Եթե նրանք արդյունքներ չեն ապահովում, կարող են բողոքել խաղացողներից կամ այլ բաներից, սակայն նրանց մասին դատելու են իրենց ցույց տված արդյունքներով: Եվ եթե նրանք արդյունքի չեն հասնում, նրանց գործից ազատում են:
– Ո՛չ մեզ մոտ: Դուք կարող եք փաստարկ բերել, որ այս անձն արտաքին գործակալ է, բայց եթե անգամ չխոսենք դրա մասին կամ նրա՝ կոմպետենտ կամ ոչ կոմպետենտ լինելու մասին, ուղղակի նայեք արդյունքներին:
Երբ նա եկավ իշխանության, կար «Արցախի Հանրապետություն» անվամբ պետություն. այն հիմա գոյություն չունի: Կային 5000-6000 երիտասարդ տղաներ, ովքեր կենդանի էին. նրանք այլևս չկան: Հայաստանին ամեն կողմից սեղմում են: Սյունիքը, կարելի է ասել, դարձել է բաց ռազմական գոտի: Իրավիճակն այսպիսին չէր, երբ նա 2018թ. եկավ իշխանության: Նա կարող է մեղադրել նախկիններին, դաշնակիցներին, Ռուսաստանին, նա կարող է որոշ հիմքեր ունենալ նման մեղադրանքներ առաջադրելու համար, բայց դա նշանակություն չունի, քանի որ ղեկավար է:
Երբ դուք հաղթում եք, ձեզ խրախուսում են: Երբ դուք պարտվում եք, ձեզ պիտի մեղադրեն: Հայաստանը երբեք, երբեք դուրս չի գա այս ճահիճից, քանի դեռ իշխանության են մնում այս անձը և այն մարդիկ, ովքեր սատարում են նրա այս գործելակերպին: Հայաստանը կանգնած է իր սուվերենությունը կորցնելու և անհետանալու վտանգի առաջ: Եվ մենք դա տեսնում ենք այսօր, երբ Արարատ Միրզոյանը գնում է Եվրոպա և ասում՝ մենք կանենք ամեն ինչ, ինչ դուք ուզում եք, որ դառնանք եվրոպական ընտանիքի անդամ: Ինչպե՞ս կարող է հոգեբանորեն առողջ մարդն այսպիսի բաներ ասել՝ լինելով դիվանագետ, տալով սպիտակ կտրոն ու ասելով՝ ուղղակի գրեք գումարը:
Դա ամենածիծաղելի բանն է, որ ես լսել եմ իմ կյանքում: Ներեցե՛ք, բայց մենք արդյո՞ք արդեն չենք արել այն, ինչ մեզնից ուզում էին: Նա գնաց Պրահա, համաձայնություն ստորագրեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Դա մեզ ի՞նչ տվեց: Դուք տեսնում եք, որ մեր հակառակորդն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և թույլ դիրքից խաղալու նրա այդ մարտավարությունն ակնհայտ է, որ արդյունք չի տալիս: Նա զիջում է, նահանջում է, իսկ Ալիևն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Դուք գիտեք, որ հիմա խոսում են անկլավների, 100 000-ավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, նա ուզում է Երևանը, Սևանի որոշ մասը, և մեր երկրի ամբողջ տարածքն անվանում է Արևմտյան Ադրբեջան: Նա գնալով ագրեսիվանում է:
Այս թույլ դիրքից հանդես գալը որևէ արդյունք չի տալիս, բայց Փաշինյանը համառորեն շարունակում է դա անել: Եվ այս աննախադեպ փոխաբերությունը, որ մենք հագել ենք կարմիր շորեր ու անցնում ենք ճանապարհով, որտեղ ցլեր են կանգնած, բավականին զարհուրելի է: Մենք վերադառնում ենք մանկապարտեզային իրավիճակի: Փաշինյանն ասում է՝ մենք պետք է մեր հագուստները հանենք, որպեսզի չջղայնացնենք ցլերին: Փաշինյանը ասում է՝ մենք պետք է փոխենք մեր Սահմանադրությունը, պետք է հրաժարվենք մեր պատմական հիշողությունից, Ցեղասպանության հիշողությունից, պետք է հրաժարվենք մեր պահանջներից Թուրքիայի նկատմամբ: Այսինքն՝ վերջին հաշվով մենք պետք է ուղղակի այլևս հայ չլինենք: Դա այս իրավիճակից դուրս գալու՝ նրա լուծումն է:
– Մեկ անգան ևս կասեմ՝ քանի այս անձը և իր անտուրաժը՝ ոչ կոմպետենտ, անմեղսունակ և կոռումպացված ղեկավարները, իշխանության ղեկին են, Հայաստանին որևէ լավ բան չի սպասվում: Նա ապացուցեց, որ կամ անմեղսունակ է, կամ անզոր, կոռումպացված: Ես նայում եմ վերջնական արդյունքին ու տեսնում, թե ինչ ժառանգություն նա ստացավ և ինչ թողեց մեզ: Եվ դա ողբերգություն է, բացարձակ տապալում: Եվ ինչպես դուք ասացիք, թշնամիներից բարի կամք աղերսելու այս մոտեցումը, այն բարի կամքը, որը գոյություն չունի, չի օգնում Հայաստանին: Հակառակը: Նա գրգռում է նրանց ախորժակը, որ ավելի շատ ստանան: Եվ պատմությունը դա ցույց է տվել: Ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի օրինակով, այլ ընդհանուր առմամբ: Երբ դուք թուլություն եք ցույց տալիս, ապա ձեզ կուլ են տալիս: Եվ հիմա հենց դա է տեղի ունենում: Եվ փոխանակ ռեսուրսներ կուտակել, ու ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ու Սփյուռքի, տեսեք՝ ինչով են զբաղված: Մարդիկ մոռանում են, որ մեր սահմաններն արհեստական են ու պարտադրված են մեզ:
Սփյուռքը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունը: Սփյուռքում հսկայական ռեսուրսներ կան, որոնք կարող են օգտագործվել, որպեսզի Հայաստանը լինի կայացած և առողջ պետություն: Դա երբևիցե լիովին չի օգտագործվել Հայաստանի բարեկեցության նպատակով: Հատկապես այսօրվա իշխանությունների կողմից, որոնք ամեն ինչ արեցին, որ օտարեն Սփյուռքում գոյություն ունեցող կարևոր ուժերը:
Այս ռազմավարությունը՝ ծնկի գալ Եվրոպայի և ԱՄՆ-ի առջև և հույսը դնել նրանց՝ շատ-շատ թույլիկ, գոլ խոստումների վրա, այն երկրների, ովքեր անգամ չեն փորձում կարևոր, ռեալ խոստումներ տալ մեզ, այլ տալիս են գոլ խոստումներ ու 1 միլիոն դոլար 120 000 մարդու համար, և որոնք Ղարաբաղի վրա հարձակումից ու էթնիկ զտումից հետո միայն ասացին՝ «Օ՜, ինչ վատ ստացվեց, եկե՛ք խաղաղ ապրենք», ինչպես Մանդելան էր ապրում, ուղղակի զարհուրելի է: Մենք ականատես եղանք Արցախի հայ բնակչության ցեղասպանությանը: Սա ամենաահավոր բանն է, որ ես տեսա իմ կյանքի ընթացքում, և վստահ եմ, որ ամենահավոր բանն է, որ ուրիշ մարդիկ են տեսել իրենց կյանքում: Այս տարածքի վրա հազարավոր տարիներով ապրող հայ մարդիկ հիմա այնտեղ չկան, ու շատ դժվար է լինելու փորձել նրանց այնտեղ վերադարձնել: Ես չեմ ասում, որ դա անհնար կլինի, բայց կլինի շատ ու շատ դժվար: Իմ ոչ հայ ընկերներից մեկը, երբ լսեց 2020թ. պատերազմի զինադադարի և այն զիջումների մասին, որ այս անձն արեց, նա ասաց՝ այս աշխարհում ո՞վ է տարածքներ զիջում:
Տարածքը, հողը ամենաարժեքավոր բանն է: Որպես երկրի ղեկավար՝ ձեր առաջնահերթությունը պառլամենտական համակարգ կամ նոր Սահմանադրություն ունենալը չէ, այլ սեփական երկիրը, տարածքը, սահմանները, հողը և ժողովուրդը պաշտպանելը: Եվ այս անձը կատաստրոֆիկ ձևով ձախողել է երկրի ղեկավարի այդ երկու ամենակարևոր պարտավորությունները: Եվ այս միտքը, որ պետք է դիմել առաջադեմ Արևմուտքին և ոչ թե՝ Միջին Արևելքի երկրներին կամ Ռուսաստանին, և այս կերպ լուծել Հայաստանի խնդիրները, ուղղակի ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ Արևմուտքը, Եվրոպան և ԱՄՆ-ը մի քանի անգամ՝ 1918-ին, 1920-ին, 2020-ին, 2022-ին և 2023-ին, ապացուցել և ապացուցում են, որ որևէ ռեալ ձևով նրանք չեն օգնելու: Քանի՞ անգամ ձեզ պետք է ապտակեն, որ դուք հասկանաք, որ ձեզ ապտակում են:
– Այո՛, հենց դա է հարցը: Ես չեմ կարծում, որ մարդիկ հասկանում են, թե ինչ է իրենց հետ կատարվում: Մենք անգամ չենք հիշում, թե ինչ է մեզ հետ կատարվել 3 տարի առաջ: Եթե ես ճիշտ եմ հիշում, Հայաստանն ինչ-որ մեկին ուղարկել էր Վաշինգտոն՝ պատերազմը կանգնեցնելու համար, բայց Վաշինգտոնն ասել էր՝ ներողություն, բայց ձեր գլխի ճարը դուք պետք է տեսնեք:
Եթե չեմ սխալվում, դա ԱՄՆ պաշտպանության նախարար Պոմպեոն էր, որն ասաց՝ մենք հույսով ենք, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել: Եվ Հայաստանին որևէ օգնություն չտրամադրվեց: Ինչ վերաբերում է այս՝ սիրաշահելով խաղաղության տանելու քաղաքականությանը, մենք ունենք պատմական նախադեպեր, բայց այս ղեկավարությունը, այս խումբը շարունակում է խաղալ թույլի դիրքից: Թուրքիային և Ադրբեջանին աղերսում է, որ խաղաղություն հաստատվի, անընդհատ զիջումների է գնում, և բոլորս տեսնում ենք, որ դա Ադրբեջանին չի կանգնեցնում: Նրանք ավելի ու ավելի համարձակ են դառնում: Նրանց ախորժակը բացվում է, բայց այս խումբը շարունակում է համառորեն հետևել այս քաղաքականությանը: Ինչ վերաբերում է Արևմուտքին, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է ուղղորդվում ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում:
Մենք լսում ենք «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «միջազգային հանրություն» բառերը, բայց դրանից հետո մենք տեսնում ենք 35 000 մարդու սպանդ Գազայում, որոնց կեսը երեխաներ են, տեսնում ենք ՄԱԿ-ի լսումները, որտեղ ասվում է, որ սա ցեղասպանություն է, և ԱՄՆ-ը ասում է, որ վճռականորեն կանգնած է Իսրայելի կողքին, և Իսրայելը շարունակում է ոչնչացնել դպրոցներ և հիվանդանոցներ, կատարում է պաղեստինցիների էթնիկ զտում: Մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ: Ուկրաինային հորդորում են շարունակել պատերազմը կես միլիոն կյանքերի գնով, մեզ հորդորում են հանձնվել: Իսրայելին և Ուկրաինային հորդորում են չմոռանալ անցյալը, պահպանել իրենց պատմական հիշողությունը, չմոռանալ իրենց Հոլոքոստը կամ Գոլոդոմորի ժամանակ սովամահ եղած ուկրաինացիներին, իսկ մեզ հորդորում են մոռանալ մեր անցյալը:
Ռուսաստանը քննադատվում է, որովհետև նա բռնապետական և կոռումպացված երկիր է, ինչպես նրանք ասում են, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան չեն քննադատվում բռնապետություններ և կոռումպացված պետություններ լինելու համար, և այնտեղ թավշյա հեղափոխություններ չեն անցկացվում: Ռուսաստանին քննադատում են Թուրքիա ներխուժելու համար, բայց Թուրքիային չեն քննադատում Սիրիա, Իրաք ներխուժելու, Լիբիայում ռազմական օգնություն տրամադրելու, Կովկաս վարձկաններ բերելու համար: Տեսնում ենք կատարյալ լռություն: Ինչո՞ւ են այսպիսի երկակի ստանդարտներ կիրառվում: Արևմտյան քաղաքականությունն իսկապե՞ս ուղղորդվում է դեմոկրատիայով, մարդու իրավունքներով, միջազգային նորմերով:
– Դուք ենթադրում եք, որ կան այդպիսի ստանդարտներ: Դեմոկրատիայի և մարդու իրավունքների գաղափարն օգտագործվում է որպես զենք այն երկրների դեմ, որոնք չեն հետևում ԱՄՆ-ի քաղաքականությանը կամ չեն համագործակցում Միացյալ Նահանգների հետ: Այս սկզբունքները կիրառվում են որպես պատրվակ կամ արդարացում՝ այդ երկրներին պատժելու և մեկուսացնելու համար: Իսկ այնպիսի երկրների գործողություններ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը, անտեսվում են, քանի որ նրանք պարում են Արևմուտքի դուդուկի տակ: Այսինքն՝ սա շատ ցինիկ խաղ է: Այն ավանդական ամերիկյան արժեքները, որոնք այս երկիրը դարձրեցին հզոր, ուղղակի խաղաքարտ են դարձել գերտերությունների այս ցինիկ պոկերի խաղի մեջ: Եվ ես այլևս ոչ մի մխիթարություն չեմ տեսնում, երբ ԱՄՆ-ը խոսում է դեմոկրատիայի և մարդու իրավունքների մասին, որովհետև այդ սկզբունքները ոչ մի նշանակություն այլևս չունեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում իրավունքներն են խախտվում, ոչ թե՝ իրավունքները խախտվո՞ւմ են, թե՞ ոչ:
– Դուք նշեցիք ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու արևմտյան արժեքները: Ինչպե՞ս կարելի է դրա մասին խոսել, երբ մենք մեր աչքերի առաջ տեսանք՝ ինչպես 120 000 մարդ տեղահանվեց, չնայած դրանից առաջ եղել էին խոստումներ, որ դա չի հանդուրժվի Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի կողմից: Դուք հիշում եք, որ հայտարարություն էր եղել Պետդեպի ներկայացուցչի կողմից, որն ասաց՝ մենք չենք հանդուրժի էթնիկ զտում Ղարաբաղում, բայց նրանք շատ լավ էլ դա հանդուրժեցին: Մի ուրիշ հայտարարություն էլ արվել էր Եվրոպառլամենտի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքքալիստերի կողմից, որն ասաց՝ լուրջ հետևանքներ կլինեն, եթե լինի էթնիկ զտում: Եվ որևէ լուրջ հետևանք չկա:
Ի դեպ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համարյա բառացիորեն նույն անկողնու մեջ մտավ Ալիևի հետ՝ ասելով, որ՝ մեզ պետք են ձեր նավթը և գազը, և այդ դեպքում դեմոկրատիան որևէ դեր չխաղաց: Այսինքն՝ դեմոկրատիան ո՞ր սկզբունքներով է ուղղորդում ԱՄՆ և արևմտյան արտաքին քաղաքականությունն այս տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ որևէ ջանք չի գործադրվում դեմոկրատիան Թուրքիայում, Ադրբեջանում կամ Սաուդիան Արաբիայում տարածելու կամ այդ երկրներին մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի համար քննադատելու համար, կամ Թուրքիային՝ Սիրիա կամ Հյուսիսային Իրաք ներխուժելու կամ հայերի ցեղասպանությունը ժխտելու, կամ Ադրբեջանին օգնելու համար, որ նա 2-րդ անգամ ցեղասպանություն իրականացնի: Մենք տեսնում ենք էթնիկ զտում Գազայում, տեսնում ենք, որ այնտեղ 30 000 քաղաքացիական անձ է սպանվել, որը շատ երկրների կողմից պաշտոնապես ընդունվել է՝ որպես ցեղասպանություն: Եվ ԱՄՆ-ը դեռ անվերապահորեն սատարում է Իսրայելին: Հարցն այն է, թե ի՞նչ սկզբունքներով է ուղղորդվում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, որովհետև շատ խառնաշփոթ իրավիճակ է, և դա լավ տպավորություն չի թողնում:
– Ես կպատասխանեի հետևյալ ձևով. Մարդու իրավունքների և դեմոկրատիայի հարցերն ավարտվում են, երբ ավարտվում են ԱՄՆ սահմանները: Եվ անգամ այդ դեպքում այդ սկզբունքներն այնքան կարևոր չեն, որքան անցյալում: Եվ երբ այդ սկզբունքները տարածվում են ԱՄՆ սահմաններից դուրս, սա, ուղղակիորեն և դժբախտաբար, դարձել է առևտրի առարկա՝ պատժելու և մեկուսացնելու համար այն երկրներին, որոնք չեն ենթարկվում ԱՄՆ-ին, և անտեսելու այն դեպքերը, երբ դեմոկրատիան և մարդու իրավունքները խախտվում են այն երկրների կողմից, որոնք համարվում են ԱՄՆ դաշնակիցներ: Սա է իրականությունը:
Սրանք ուղղակի դատարկ բառեր են, երբ ԱՄՆ-ը փորձում է բարոյական առավելություն ապահովել իր համար այլ երկրների հանդեպ, երբ, ինչպես դուք ասացիք, ԱՄՆ-ը անտեսում է ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումները, բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակում է իր՝ չեզոք լինելու արհեստական մարտավարությունը, երբ կա ագրեսոր, ու կա զոհ: Եվ ես չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է որևէ մեկը հույս դնի այս դատարկ խոստումների վրա: Երբ դուք բիզնես կամ երկիր եք ղեկավարում, երկու բան պետք է ունենաք՝ կամք և կարողություն, տաղանդ, որ հաղթեք կամ հաջողության հասնեք: Հայաստանում այսօր կա մի կառավարություն, որը չունի ո՛չ կամք, ո՛չ էլ տաղանդ, որպեսզի Հայաստանը դուրս հանի այն ճահճից, որում Հայաաստանը գտնվում է այսօր: Դա չի նշանակում, որ Հայաստանում չկա կամք ու տաղանդ. երբ այս իշխանությունը փոխվի, այս իրավիճակը նույնպես փոխվելու է: Բայց քանի դեռ դուք ունեք ղեկավարի դերում հանդես եկող այս անձին, ես շատ հոռետես եմ Հայաստանի ապագայի վերաբերյալ, հատկապես, երբ ինչպես դուք ասացիք, մի քանի անգամ վստահել են արևմտյան դատարկ խոստումներին, և դա շատ վտանգավոր է եղել և լինելու է ապագայում:
– Վիգե՛ն, շատ շնորհակալ ենք, որ դուք ժամանակ գտաք մեզ հետ խոսելու համար: Մենք կարծում ենք, որ ձեր մտքերը՝ որպես մի մարդ, ով ներսից է ճանաչում Վաշինգտոնը, մեծ արժեք կունենան Հայաստանի հասարակության համար: Շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք մեզ համար: Մեզ շատ հաճելի էր:
Պատրաստեց՝ Գոհար Սավզյանը