Լավատեսություն՝ առանց հաշվարկների՞. հայ-թուրքական անցակետից իշխանական սպասումների ու իրատեսական ռիսկերի հատման կետում

Հայ-թուրքական երկխոսության գործընթացի փակուղային վիճակը չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետությանը՝ ակնկալել Թուրքիայի հետ բաց ուղի. օրերս նախ ԱԳՆ-ն, ապա ՊԵԿ-ն ազդարարեցին՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման:

Երբ օրվա իշխանությունները մեկնարկում էին երկխոսության գործընթացները, հապճեպ վերանորոգում Մարգարա անցակետը, վստահեցնում էին՝ արդյունքը լինելու է տնտեսական բարձր աճը:

Էկոնոմիկայի նախարարը, ՊԵԿ նախագահն աքսիոմատիկ ճշմարտություն էին հանրայնացրել՝ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը:

Լավը լավ է, բայց միայն այդքանը. էկոնոմիկայի նախարարը ցայսօր չի ներկայացրել կոնկրետ հաշվարկներ տնտեսական «այդ հզոր ազդեցության» էֆեկտների մասին, չի խոսել ռիսկերից:

Կարդացեք նաև

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանն այս իրողությունների պայմաններում տարակուսելի է համարում հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ հնարավոր բացման դեպքում՝ կանխատեսում լրջագույն խնդիրներ Հայաստանի Հանրապետության տնտեսության ու անվտանգության համար՚:

«Այստեղ ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հետևողական խնդիրը. նրանք փոքր չափաբաժիններով են պահանջներ ներկայացնում Հայաստանին, իսկ ՀՀ իշխաննություները դրանք շարունակաբար ընդունում են: Օրինակ, Ալիևն օրերս հայտարարեց, որ օկուպացրած տարածքներից չի նահանջելու, պահանջում է «անկալվներ», «միջանցք»: Սրանք բոլորը նախապայմաններ են, ու սրանից ելնելով՝ խորը կասկածներ ունեմ, որ Արդբեջանն ու Թուրքիան տրամադրված են սահմաններ բացել,- պարզաբանեց տնտեսագետը, ապա գալով հարցի զուտ տնտեսական կողմին՝ նկատեց,- Վերջին տվյալներով՝ 2023 թվականին Թուրքիայից ներմուծումն էականորեն ավելացել է, բայց կրճատումը նվազել է: Այսինքն՝ որևէ բան չենք կարողանում արտահանել»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը խոսեց Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվարկների բացակայության մասին, որի մասին, ի դեպ, նշել են՝ լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան։ 

«Այդ հաշվարկների բացակայությամբ դեռևս շարունակել խոսել սահմանների բացման տնտեսական էֆեկտների մասին՝ իրենց պոպուլիզմի ու կիսատ-պռատության շարունակությունն է»,- նշեց նա, ապա ՊԵԿ նախագահին հակադարձեց, որ բաց սահմանի մասին աքսիոման իրականում թեորեմա է, որն ապացուցման կարիք ունի, իսկ իշխանությունները չեն ապացուցում դա:

168.am-ի դիտարկմանը, թե ռիսկերի մասին գնահատականներում կարմիր թելի պես անցնում է հնարավոր տնտեսական էքսպանսիայի մասին արձանագրումը, իսկ ո՞ր երաշխիքների դեպքում է հնարավոր, որ բաց սահմանը դրական էֆեկտներ կունենա, Նաիրի Սարգսյանն արձագանքեց՝ Հայաստանի համար այս իրավիճակում որևէ դրական էֆեկտ պետք չէ ակնկալել: Նա հորդորում է իշխանություններին՝ նշել մեկ ապրանքի անուն, որը պատրաստվում են արտահանել Թուրքիա ու ստանալ օգուտներ:

«Գյուղատնտեսական, տեքստիլ արտադրանքը մտնելու է ՀՀ շուկա, և արդեն իսկ փակ սահմանների պարագայում նույնպես մտնում է, ու փակ սահմանների պարագայում արդեն իսկ մրցակցային ու էժան գին են վճարում հայ սպառողները: Սահմանների բացման պարագայում դրանք առավել գնիջեցում կունենան,- հիմնական ռիսկերին անդրադառնալով՝ հավելեց մասնագետը, ապա շեշտեց,- Թուրքիան և Ադրբեջանն ունեն տարածաշրջանային նկրտումներ, միջազգային դիրքավորման բարձր նշաձող, որին ամեն գնով պետք է հասնեն: Այդ հեռանկարի ճանապարհային քարտեզում մտնում է ՀՀ տնտեսության կախումն իրենցից: Հետևաբար, Թուրքիան տանում է ծրագրավորված պետական քաղաքականություն և սուբսիդավորում է իրականացնում արտահանման և հատկապես դեպի ՀՀ արտահանման համար, որպեսզի իրենց ցանկացած արտադրանք ՀՀ-ում լինի առավել մրցունակ, քան հայկականը:

Դրա հետևանքը լինելու է հայկական գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության սնանկացումն ու փակումը, աշխատատեղերի կրճատումն ու դրանից բխող արտագաղթի տեմպերի աճը: Զուգահեռաբար, ականատեսը կլինենք այլազգիների՝ էժան աշխատուժի ՀՀ ներհոսքի:

Պետք չէ ամեն ինչ պատերազմով վերցնել. նրանք կարող են երկիրը հասցնել կոլապսային վիճակի և փաստացի գրավել այն, ու այդ չհաշվարկված բացումը հանգեցնելու է դրան»:

Տնտեսագետն այս հեռանկարի պարագայում կանխատեսում է Հայաստանի՝ սպառող և սպառում կազմակերպող պետություն դառնալը միայն:

Տեսանյութեր

Լրահոս