Իշխանություններն ակտիվ լծվել են հայ-թուրքական սահմանի բացմանը
Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ հարկ չհամարելով անգամ Հայաստանի ավիացիոն իշխանություններին տեղեկացնել դրա մասին: Սա, սակայն, Հայաստանի իշխանություններին չշեղեց հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու ակտիվ քայլերից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ երկու ամիս առաջ պատվիրակել էր «Կամուրջշին» ՍՊԸ-ին իրականացնել Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները:
Հրատապ բաց մրցույթ ընթացակարգով կնքված պայմանագրի գինը 335 միլիոն 800 հազար դրամ էր:
Օրերս էլ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էին տեղեկացրել, որ Թուրքիայի սահման տանող Արմավիրի Լուսագյուղի մոտ նաև նոր կամուրջ կկառուցվի:
Իսկ մինչ կամուրջները պատրաստ կլինեն, մայիսի 25-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Ի դեպ, կառավարության թույլտվությամբ պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձ ընթացակարգով, գինը կազմել է շուրջ 28 միլիոն 291 հազար դրամ:
Տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախագծով նախատեսվում է կառուցել մեկ հարկանի սպասարկման սրահ, ավտոմեքենաների ձևակերպման և հերթափոխի հանգստի երկուական տաղավար, մեկ հարկանի մանրամասն զննման մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ և ներտարածքային ճանապարհներ, հսկիչ անցագրային կետեր և այլն:
Նշենք, որ կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված էր համապատասխան հարցը, որում նշվում էր նաև՝ ընդհանուր առմամբ ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը ամբողջությամբ գնահատվում է շուրջ 733 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել էր՝ «հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա»։
«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,- տեղեկացրել էր Ռուբեն Ռուբինյանը:
Այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է՝ մասնակցելու վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը: