Դարի կեղծիքը՝ Հայաստանում

Հայաստանում ժողովրդավարության դեմ իրականացվող իշխանության արշավը բնորոշ է ամենաավտորիտար ռեժիմներին։ Արտաքին թշնամու դեմ նվաստացուցիչ կերպով պարտված իշխանությունը, ըստ ամենայնի, իրեն հաղթանակած ու ամրացած է զգում ներքին կյանքում այնքան ու այնպես, որ այլևս ամենալկտի կերպով խլում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրված ղեկավարից, ինչպես տեղի ունեցավ նախօրեին Ալավերդիում։

Մամուլի ազատության ու լրատվամիջոցների դեմ իշխանության պայքարը կրում է շատ ավելի խորքային ու հետևողական բնույթ, ինչի վկայությունն է առաջիկայում խորհրդային «գլավլիտի» ոգով՝ մամուլի վերահսկման մարմին ստեղծելու օրենսդրական նախաձեռնությունը։

Անցած մի քանի ամիսներին իշխանություններն իրավապահ և դատական համակարգերի միջոցով ազատությունից զրկել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք իրենց քննադատությունը հնչեցնում էին առավելապես մամուլի միջոցներով։ Նրանց խնդիրը լուծված համարելով, ահա, իշխանությունը հիմա ցանկանում է լռեցնել կամ առնվազն սահմանափակել նաև նրանց հարթակ տրամադրող մամուլի միջոցների գործունեությունը։

Այդ ինքնավստահությունն իշխանությանը տվել է մեկ այլ համակարգի ապականման գրեթե հաջողված փորձը․դատական իշխանությունը մեծ մասամբ ենթարկվել է «վնգստացման», և այլևս նրա միջոցով կարելի է ազատությունից զրկել ցանկացած մեկին՝ չմտածելով դրա օրինականության մասին։ Ակտիվ քաղաքացիներին ֆիզիկական և խոսքի ազատությունից զրկելով՝ իշխանությունը կոպտորեն սահմանափակում է նաև մարդկանց հավաքների ազատությունը․ երկու շաբաթից ավելի է՝ մի քանի տասնյակ երիտասարդների հարյուրավոր ոստիկանների միջոցով թույլ չեն տալիս ընդամենը մեկ խորհրդանշական վրան տեղադրել Երևանում։

Կարդացեք նաև

Այս բոլոր, առաջին հայացքից՝ իրարից անջատ գործողությունները մեկ  տրամաբանական շղթայի մաս են կազմում, որի գլխավոր նպատակն իրական ժողովրդավարության ոչնչացումն է։ ՏԻՄ-երի իշխանությունը խլելով՝ իշխանությունը բացառում է տեղերում ոչ յուրայինների ազդեցությունը, մամուլը լռեցնելով՝ ոչնչացնում է հանրային վերահսկողության վերջին նշույլները, իսկ դատարանների բերանը փակում է, որպեսզի դատական համակարգով որևէ մեկը չկարողանա վիճարկել իր հակաօրինական որոշումները։

Բոլոր այս քայլերը պատճառահետևանքային կապ ունեն, և դրանց խորքային նպատակը հանրային ինքնակազմակերպման, հասարակական մոբիլիզացիայի հնարավորությունը զրոյի հասցնելն է։ Հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմությունը գործառութային առումով հաջողության չի հասնում, հանրությունը կարող է փորձել գտնել ինքնակազմակերպման արտաքաղաքական միջոցներ, ինչի դեմ էլ իրականում պայքարում է իշխանությունը։

Ճակատագրի հեգնանքով կամ ողբերգականությամբ դա արվում է «ժողովրդավարության բաստիոնի» մասին առասպելն աշխարհով մեկ թմբկահարելով։

Իրականում, սակայն, «ժողովրդավարությունը» պիտակ է, որով Նիկոլ Փաշինյանն աշխարհին վաճառում է իր ավտորիտարիզմը։ Գնորդները, իհարկե, շատ լավ գիտեն, որ իրենց վաճառվողը կարող է հավակնել դարի կեղծիքի, բայց այն գնում են ժողովրդավարական ժպիտով, որովհետև նրանք, ինչպես և վաճառողը, թքած ունեն Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի վրա։ «Հայկական ժողովրդավարության» գնորդներին հետաքրքրում է այն աշխարհաքաղաքական ապրանքը, որը նրանց մատուցվում է այդ կեղծ պիտակի ներքո։ Դրա համար նրանք հաճույքով նպաստում են Հայաստանում ավտորիտարիզմի կայացմանը՝ իրենց անհրաժեշտը ստանալու, իսկ եթե պետք  լինի՝ դրանից հետո հերթական անգամ «ժողովրդավարական ճանապարհով» նոր իշխանություն ձևավորելու նպատակով։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս