Մակերեսային պետության վերջին հանգրվանը
Աղետները, որոնք Արցախի համար ավարտվեցին ողբերգությամբ և նույնպիսի սպառնալիքներ են ներկայացնում Հայաստանի համար, ի թիվս բազմաթիվ պատճառների, պայմանավորված են նաև մեր ընդհանրական մակերեսայնությամբ։ Մակերեսային են մեր քաղաքական միտքը, քաղաքական ուժերն ու գործիչները, քաղաքական օրակարգերը, դիսկուրսներն ու բանավեճերը, մակերեսային են իշխանություններն ու ընդդիմությունները․․․ Այդ և բազմաթիվ չթվարկված սուբստանցիաների հանրագումարում մենք ունենք մակերեսային պետություն։ Այն դեպքում, երբ աշխարհում կենսունակ ու մրցունակ են միայն խորքային պետություն ունեցող երկրները։
Բազմաթիվ սահմանումների ընդհանրացմամբ, խորքային պետությունը ֆորմալ ու հատկապես ոչ ֆորմալ համակարգերի ամբողջությունն է, որոնք կազմում են տվյալ երկրի ողնաշարը, առանցքը՝ անկախ այդ պահին գործող իշխանությունից կամ ընդդիմությունից, քաղաքական դաշտի կառուցվածքից ու քաղաքական հոսանքների հարաբերակցությունից։
Խորքային պետությունն ընդգրկում է երկրի բոլոր ոլորտների վերնախավերին՝ սկսած զինվորականությունից ու դիվանագետներից, մինչև հոգևոր դասի ներկայացուցիչներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, և այդպես շարունակ։ Խորքային պետության համատեքստում կարևոր է ոչ թե տարբեր ոլորտներում էլիտաների անվանական գոյությունը, այլ նրանց գործառութային ներկայությունը երկրի կյանքում ու ազդեցությունը կայացվող կարևոր որոշումների վրա։ Հենց խորքային պետության հարթությունում են մշակվում, ձևավորվում երկրների ռազմավարական զարգացման հեռանկարները, տեսլականը, ծրագրերն ու կարմիր գծերը, որոնք գործնական մակարդակում արտահայտվում են ամենատարբեր ոլորտների քաղաքականությունների վրա՝ սկսած դիվանագիտությունից՝ մինչև մշակութային քաղաքականություն։
Հայաստանում նոմինալ իմաստով էլիտաներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց այդ էլիտաներից որևէ մեկը որևէ ազդեցություն չունի պետության կողմից իրականացվող քաղաքականության գոնե հիմնարար, ուղենիշային բաղադրիչների վրա։ Օրինակ, Հայկական բանակում կան տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, բայց նրանք վստահաբար նվազագույն ազդեցությունն ունեն պետության ռազմաքաղաքական որոշումների վրա։
Հայ Առաքելական եկեղեցին, հոգևոր դասն ամբողջովին մեկուսացված է պետական կյանքից (տվյալ դեպքում խոսքը պետության ու եկեղեցու ֆորմալ տարանջատման մասին չէ), դիվանագիտական հարուստ փորձ ունեցող տասնյակ մասնագետներ որևէ կապ չունեն մշակվող ու վարվող արտաքին քաղաքականության հետ, նախկին բարձրաստիճան ղեկավարները (նախագահներ, վարչապետներ, խորհրդարանի խոսնակներ, նախարարներ) լավագույն դեպքում մեկուսացված են հանրային, քաղաքական կյանքից, իսկ ավելի հաճախ՝ ենթարկվում են պետականորեն խրախուսվող հակաքարոզչությանը, նույնը մտավորականների դասի դեպքում է՝ նրանց մի մասը կամ ծառայեցվում է որպես իշխանական շոուների դեկորացիա, կամ, եթե ունի հանրային ինքնուրույնություն ու ակտիվություն, թիրախավորվում է իշխանական քարոզչության կողմից։
Այս իրավիճակը գործնական հարթությունում, իհարկե, պայմանավորված է առավելապես իշխանության որակով/դրա բացակայությամբ, գործող իշխանության հետապնդած ճղճիմ նպատակներով, բայց ունի նաև հիմնարար պատճառներ, որոնք ընդհանուր առմամբ հանգում են մեր հավաքական մակերեսայնությանը։
Խորքային պետությունների աշխարհում մակերեսային պետությամբ հանդես գալու ամենահավանական հանգրվանը պետության կորուստն է, որին սրընթաց քայլերով մոտենում է Հայաստանը։ Մակերեսային երկրից խորքային պետություն դառնալու այլընտրանքը մենք ձախողում ենք, այդ թվում ու առաջին հերթին, մակերեսային մտածողության, աշխարհայացքի, գաղափարախոսության/դրա բացակայության պատճառով։
Հարություն Ավետիսյան