Անկախ բոլոր դժվարություններից՝ ՀՀԿ-ն ազգային Հայաստանի ջատագով կուսակցություն է. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով։
«ՀՀԿ-ն այսօր նույն այն գծի մեջ է, որը պատգամել է Աշոտ Նավասարդյանը. թե՛ այն ժամանակ էինք մենք պայքար մղում անկախության համար, թե՛ այսօր է գնում պայքար անկախության համար, բայց այսօր կա մեկ տարբերություն,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մանրամասնելով,- Եթե 1990-ականներին հիմնական սպառնալիքը թուրքերն ու ադրբեջանցիներն էին, ապա այսօր մենք ունենք երկու սպառնալիք՝ առաջինը, իհարկե, թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը, երկրորդ՝ Հայաստանի թրքահպատակ ռեժիմը, որը կեղծ թեզեր շրջանառելով և «անկախության ու ինքնիշխանության» թեզերի տակ՝ Հայաստանը տանում է դեպի թուրքական վիլայեթացում։
Սա ավելի վտանգավոր է. կեղծ քրիստոնյաները, կեղծ մարգարեները, կեղծ ազգայնականները շատ ավելի վտանգավոր են իրական թշնամիներից»:
Հանրապետական գործիչը ցավով արձանագրեց՝ բարդ ժամանակաշրջան է, և Հայաստանի Հանրապետության բովանդակային գոյությունն իրական սպառնալիքի տակ է, սակայն, միևնույն ժամանակ՝ հիշեցրեց Աշոտ Նավասարդյանի գլխավոր պատգամը՝ «նույնիսկ ամենաբարդ, ամենաողբերգական շրջանում անկախ ազգային պետության գաղափարից, պայքարից չհրաժարվել»:
«Երրորդ Հանրապետությունը, որի հիմնադիրներից է նաև Աշոտ Նավասարդյանը, Հանրապետականը, այլևս գոյություն չունի, որովհետև Երրորդ Հանրապետության հիմքն Արցախյան շարժումն էր, հայկական Արցախն էր, իսկ այսօրվա կառավարիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն տարիուկես է՝ հրապարակային հրաժարվել են Արցախից, Արցախը հաջողությամբ ճանաչել են Ադրբեջանի մաս, հիմա էլ բյուջե են քննարկում, որտեղ Արցախի մասին ոչ մի տող չկա»,- ասաց Շարմազանովը։
Հանրապետական գործիչն իր խոսքն ամփոփեց Աշոտ Նավասարդյանի այն համոզումով, որ՝ «անկախ բոլոր դժվարություններից՝ ՀՀԿ-ն ազգային Հայաստանի ջատագով կուսակցություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում