Իրանի դեմ նոր դաշինքը կարող է առաջինը հարվածել Իսրայելին. Ալեքսանդր Նեուկրոպնի
Ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ Մերձավոր Արևելքից եկած լուրը, որն, առաջին հայացքից, ուղղակիորեն կապված չէր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետ: Խոսքը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ռազմական դաշինքի ստեղծման մասին է։
Այդպիսին ի սկզբանե դիրքավորվում է որպես ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան անալոգ՝ կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածով։ Հարցն այն է, թե իրականում ում դեմ կարող է ուղղված լինել այդ դաշինքի գործունեությունը։ Եվ այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։
Դաշինք՝ ԱՄՆ-ի մատուցմամբ
Արդեն իսկ ինքնին չափազանց հատկանշական է նորաստեղծ կազմակերպության կազմը. Պակիստանը միակ մուսուլմանական միջուկային տերությունն է, Թուրքիան օժտված է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ հզոր բանակով, ինչպես նաև վերահսկում է Բոսֆորն ու Դարդանելը: Սաուդյան Արաբիան ամենահարուստ երկիրն է, որն, ի հավելումն դրան, ունի հատուկ կարգավիճակ իսլամական աշխարհում, քանի որ նրա տարածքում (Մեքքայում) են գտնվում նրա գլխավոր սրբավայրերը:
Ավելին՝ Անկարայում հայտարարեցին, որ համաձայնագրին հեռանկարում կարող է միանալ նաև Եգիպտոսը՝ բնակչության թվով ամենախոշոր արաբական պետությունը: Ինչո՞ւ նրանց հանկարծ պետք եղավ միավորվել և «կոլեկտիվ պաշտպանվել»։
Եվ ուղղակի ումի՞ց, ըստ էության։ Արևմտյան լրատվամիջոցներում հիմնականում այս որոշումը մեկնաբանում են որպես ցուցանիշ այն բանի, որ ԱՄՆ դաշնակիցները, համոզվելով Իրանի հետ վերջին պատերազմի ընթացքում ամերիկյան անվտանգության երաշխիքների անհուսալիության մեջ, այժմ պատրաստվում են պաշտպանել իրենք իրենց:
Սակայն սա թվում է մակերեսային և բավականին նեղ մեկնաբանություն, որը հաշվի չի առնում առանց այդ էլ բարդ Մերձավոր Արևելքի իրական դասավորությունների հսկայական քանակությամբ նրբերանգներ:
Եվ այստեղ արժե սկսել այն բանից, որ Սաուդյան Արաբիան միանշանակ չէր գնա նման քայլի՝ առանց այն Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու։ Այո, և Թուրքիան, իր ողջ ցուցադրական «կամակորությամբ», նույնպես նման բանի չէր հանդգնի։
Ինքնին նման դաշինքի ստեղծումը հնարավոր դարձավ միայն մերձավորարևելյան աշխարհաքաղաքականության արմատական փոփոխությունների՝ նախկինում երկու մրցակից սուննի երկրների՝ Սաուդյան Արաբիայի՝ Եգիպտոսի և Քաթարի՝ Թուրքիայի համագործակցության հաշտեցման շնորհիվ։ Իսկ այդ փոփոխությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգների անմիջական ազդեցության ներքո, որոնք ցանկանում են նորաստեղծ դաշինքն օգտագործել իրենց գլխավոր նպատակին՝ Իրանին ջախջախելուն հասնելու համար։
Ընդ որում՝ ուրիշի ձեռքերով, քանի որ Թեհրանի դեմ լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնելու սեփական ուժերը ամերիկացիները պարզապես չունեն։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի «խորամանկ ծրագիրն» այն է, որ Թուրքիայի և արաբական երկրների ուժերն ուղղեն Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների ոչնչացմանը։
Առաջին հերթին՝ հուսիներին Եմենում, սաուդցիների ձեռքով։ Լիբանանում «Հըզբոլլահը» պատրաստվում են «զրոյացնել» լիբանանյան կառավարության և, հնարավոր է, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի ձեռքերով: Նման տարբերակի մասին արդեն բազմիցս ակնարկել է Թրամփը, թեև Դամասկոսը դեռ հերքում է նման մտադրությունները։ Իրաքում շիական աշխարհազորը պլանավորում են չեզոքացնել Բաղդադի ամերիկամետ կառավարության ուժերով։
Վերջին խնդիրն ԱՄՆ-ի համար բոլոր երեքից ամենակարևորն է, քանի որ Իրաքում Թեհրանի դաշնակից ուժերի լիկվիդացումն ավտոմատ կերպով այս երկիրը վերածում է հիանալի պլացդարմի Իրան ներխուժելու համար։
Ակներև է՝ այս ծրագիրն արդեն սկսել է մասամբ իրականացվել՝ սաուդցիները հարձակվել են հուսիների վրա՝ պատասխան հարվածներ հասցնելով։ Ամերիկացիները ճնշում են գործադրում Բեյրութի վրա՝ պահանջելով զինաթափել «Հըզբոլլահը», իսկ Իրաքի կառավարությունը պահանջել է մինչև սեպտեմբերի 30-ը զինաթափել ամբողջ շիա աշխարհազորայիններին կամ ինտեգրել նրանց պաշտոնական կառույցներին։
Այսինքն՝ ամեն ինչ, կարծես թե, ընթանում է աստղազարդ «հեգեմոնների» մտահղացմամբ։ Սակայն… նրանց մտահղացումներն ամբողջությամբ կյանքի կոչելու վերաբերյալ շատ մեծ կասկածներ կան։ Եվ դրանք բխում են, առաջին հերթին, գլխավոր պահի վերաբերյալ անորոշությունից.
Որքանո՞վ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի (հեռանկարում՝ Եգիպտոսի) և այլոց նորաստեղծ դաշինքը պատրաստ գործել Վաշինգտոնի նախանշած ծրագրով։ Արդյո՞ք թվարկված պետությունները, գիտակցելով իրենց իրական ուժը Մերձավոր Արևելքում, չեն նախընտրի դուրս գալ ԱՄՆ-ի խնամքից և սկսել սեփական խաղը, որն ամենևին էլ պարտադիր չէ, որ համընկնի անդրօվկիանոսյան «գործընկերների» շահերի և իղձերի հետ։
Ի դեպ, նախ և առաջ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հռչակված ռազմական դաշինքը պետք է ապացուցի, որ այն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, և դրա անդամներն ունակ են միմյանց օգնության հասնել։ Արդեն համաձայնագրի ստորագրումից հետո հուսիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային։ Սակայն ոչ Թուրքիան, ոչ Պակիստանը չեն հայտարարել, որ մտադիր են օգնության ուղարկել իրենց բանակները։
Իրանի դեմ ամերիկացիների համար կռվող հիմարներ չկան
Եվ ահա այստեղ մոտենում ենք «մերձավորարևելյան ՆԱՏՕ-ին» վերաբերող ամենանուրբ պահերին։ Հայտնի է՝ Պարսից ծոցի երկրների (նույն Սաուդյան Արաբիայի) պաշտպանական համաձայնագրերը Պակիստանի հետ գոյություն են ունեցել նաև ավելի վաղ։ Սակայն դա ոչ մի կերպ չի հանգեցրել Իսլամաբադի ռազմական միջամտությանը, երբ Իրանը հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրներին։
Պակիստանը, չնայած միջուկային տերություն է, բայց հեռու է Մերձավոր Արևելքից և շատ բարդ միջավայրում: Նրա չորս հարևաններից երեքը՝ Աֆղանստանը, Իրանը և Չինաստանը, հակաամերիկյան են տրամադրված։ Ընդ որում, Իսլամաբադի կախվածությունը ՉԺՀ-ից շատ առումներով շատ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ից։ Իսկ չորրորդ հարևանը Հնդկաստանն է, ընդհանրապես Պակիստանի համար թիվ մեկ թշնամին, որի առկայությունն ինքնին կաշկանդում է երկրի ցանկացած ռազմական ակտիվություն իր սահմաններից հեռու։
Փաստ չէ, որ կհաջողվի լուծել նաև Իրանին մեկուսացնելու խնդիրները՝ ջախջախելով նրա դաշնակիցներին Լիբանանում, Եմենում և Իրաքում։ Այժմ այս գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, և այնքան էլ պարզ չէ, թե արդյունքում ով է մեծ կորուստներ կրում։ Եվ վերջապես, Իրանը դժվար թե լուռ հետևի նոր ռազմական բլոկի ձևավորման և ամրապնդման գործընթացին, եթե այդ դաշինքի կողմից իր շահերի համար վտանգ զգա: Համենայնդեպս, ներկայումս Թեհրանից դրա ստեղծման վերաբերյալ մեկնաբանությունները հիմնականում բացասական են։
Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Իբրահիմ Ռեզային հայտարարել է, որ «սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ թղթային համաձայնագիրը նրանց անվտանգություն չի ապահովի, ինչպես ԱՄՆ-ի բազմամյա միակողմանի աջակցությունը նրանց անվտանգություն չի բերել»:
Նա Էր Ռիադին կոչ է արել «ուղղել իր քաղաքականությունը», որպեսզի «ստիպված չլինի անվտանգություն խնդրել ուրիշներից»: Ակնարկն ավելի քան թափանցիկ է, իսկ Թեհրանն արդեն ավելի քան մեկ անգամ ապացուցել է, որ իր խոսքը գործին չի հակասում։
Բացի այդ, Իրաքում շիաամետ «Ալ Ֆաթհ» դաշինքի առաջնորդներից Ալի Ալ Ֆաթլավին հայտարարել է, որ նոր միությունը «դատապարտված է կործանման»: Թուրքիայում, ճիշտ է, փորձել են նվազեցնել լարվածությունը։ Երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ պաշտպանական դաշնագիրն ուղղված չէ Իրանի դեմ:
Նման հայտարարություններին, հասկանալի է, պետք է վերաբերվել թերահավատությամբ՝ նույնիսկ առանց Վաշինգտոնի դիրքորոշումը հաշվի առնելու, նոր դաշինքի անդամների համար Իրանը լրջագույն տարածաշրջանային մրցակից է, և նրանցից ոչ մեկը չի ցանկանում նրա հետագա ուժեղացումը, մասնավորապես՝ Թեհրանում Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանման միջոցով։
Բացի այդ, սաուդցիներն ուղղակի կոնֆլիկտ ունեն հուսիների հետ, իսկ Թուրքիան դեմ չէ ընդլայնել իր ազդեցությունը ոչ միայն Սիրիայի, այլև Լիբանանի վրա, ինչին խոչընդոտում է իրանցիների դաշնակից «Հըզբոլլահը»։ Առնվազն տարածաշրջանային մակարդակի հավակնությունները «սուննի ՆԱՏՕ»-ի մասնակիցների մոտ բավական են։
Այլ բան է, որ ռազմական ճանապարհով իրենց հավակնությունները բավարարելու իրական հնարավորությունները նրանց մոտ խիստ սահմանափակված են՝ ինչպես Իրանի և նրա դաշնակիցների պոտենցիալ ուժեղ դիմադրությամբ, այնպես էլ՝ սեփական ներքին խնդիրներով, ինչպես նաև պատերազմից հսկայական ծախսեր կրելու անպատրաստությամբ։
Այսպես, սաուդցիները դժվար թե պատրաստ լինեն վտանգել իրենց ողջ նավթային ճյուղը։ Իսկ տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Թուրքիան հազիվ թե պատրաստ է կտրուկ ավելացնել ծախսերը լայնածավալ պատերազմներ վարելու համար։ Էրդողանի ոճն այլ է՝ թիկունքից հարվածելը, տակից ստորություն անելը, ցանկալի է «պրոքսի» ձեռքերով ու միաժամանակ փորձել բոլոր աթոռներին միանգամից նստել։
Հենց այդպես էլ նա գործեց Սիրիայում և Լիբիայում։ Եվ առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ «սուլթանը» պատրաստ է լայնածավալ պատերազմի մեջ մտնել Իրանի հետ։ Նման անխոհեմ քայլը կպահանջի առնվազն լայն մոբիլիզացիա և, բացի այդ, կվտանգի երկրի ողջ ենթակառուցվածքը։ Այն, որ իրանական հրթիռները հասնում են Թուրքիա, գործնականում ապացուցված է։ Կրկին՝ Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերություններն արմատապես փչացնելն Էրդողանին ձեռնտու չէ։
Մի խոսքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը, ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, մնում է չափազանց խճճված։ Այնպես որ, ամենևին էլ փաստ չէ, որ նորաստեղծ «պաշտպանական դաշնագիրն» ընդհանրապես գործնականում կաշխատի։ Իսկ եթե աշխատի, ապա Իրանի դեմ կգործի Վաշինգտոնի մտահղացմամբ, այլ ոչ թե կսկսի, ասենք, հաշվեհարդար տեսնել Իսրայելի հետ։
Իսրայելը լարվել է և ոչ զուր
Թել Ավիվում չթաքցրած տագնապով են հետևում Վաշինգտոնի հավանությամբ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի՝ Թուրքիայի ու Քաթարի հետ դաշինքի ստեղծմանը: Էրդողանի հետ Իսրայելի հարաբերություններն առավելագույնս թշնամական են: Իսկ Քաթարին իսրայելցիները մեղադրում են աշխարհում հակաիսրայելական արշավ կազմակերպելու մեջ:
Ինչ-որ առումով նոր սուննիական դաշինքը հրեական պետության համար, թերևս, նույնիսկ ավելի վտանգավոր կլինի, քան իրանական «դիմադրության առանցքը»: Վերջինիս հետ դիմակայությունում Իսրայելը միշտ կարող է հույս դնել ԱՄՆ-ի, և ընդհանրապես՝ Արևմուտքի աջակցության վրա: Իսկ ահա «սուննիական ՆԱՏՕ-ի» հետ հակամարտությունում արևմտյան դաշնակիցների դիրքորոշումներն այդքան էլ միանշանակ չեն լինի:
Այդ պատճառով չի կարելի բացառել այս դաշինքի վերջնական ձևավորումը տորպեդահարելու փորձերն Իսրայելի և Վաշինգտոնում նրա լոբբիի ուժերով, ինչպես նաև հենց թուրքերին թշնամի ուժերի (օրինակ՝ քրդերի) ակտիվացումը:
Անշուշտ, շատ բան կորոշեն առաջիկա ամիսների իրադարձությունները՝ արդյո՞ք կկատարվի Եմենում, Լիբանանում և Իրաքում Իրանի դաշնակիցների ոչնչացման խնդիրը։ Եթե կատարվի, ապա ԱՄՆ աջակցությամբ Թեհրանի վրա տարբեր եղանակներով ճնշում գործադրելու ուղղությամբ «սուննիական ՆԱՏՕ-ի» շրջադարձի հավանականությունը կմեծանա։
Իսկ եթե տվյալ խնդիրը չլուծեն (ամենայն հավանականությամբ), ապա, համապատասխանաբար, Իրանի հետ պատերազմի մեջ նոր դաշինքի մտնելու հեռանկարներն էլ, առանց այդ էլ նվազագույն թվացող, զրոյի կհասցվեն։ Փոխարենը՝ կմեծանան շանսերը, որ Թեհրանն ու սուննի դաշինքը միմյանց հետ կպայմանավորվեն Մերձավոր Արևելքում խաղի կանոնների շուրջ՝ դրանցից բացառելով ամերիկացիներին։ Եվ ահա սա իրադարձությունների հետագա զարգացման ամենահավանական սցենարն է։
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

