Ստոմատոլոգները սա թաքցնում են. Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ դնելուց առաջ

Լնդային հիվանդությունն առաջանում է, երբ ատամները շրջապատող և պահող հյուսվածքը՝ լինդը, բորբոքվում է: Պատճառների մասին զրուցել ենք ստոմատոլոգ, հանրային առողջության մասնագետ Մարինե Մկրտչյանի հետ։

Ինչի՞ հետևանքով է զարգանում լնդերի բորբոքումը։

– Շատ կարևոր հարց է, որովհետև բուժառուները հաճախ տեղյակ չեն լինում, որ ունեն լնդաբորբ։ Աշխարհում մոտավորապես 1 միլիարդ մարդ տառապում է լնդաբորբով։

Կարդացեք նաև

Շատերը մտածում են, որ լինդն ատամները շրջապատող փափուկ հյուսվածքն է, այնինչ լինդ մենք անվանում ենք և՛ փափուկ, և՛ կարծր հյուսվածքները, այսինքն, ատամը շրջապատող ոսկորն էլ է լնդի մաս և բորբոքային պրոցեսը կարող է ընդգրկել կամ միայն փափուկ հյուսվածքները կամ խորանալ ու ընդգրկել ոսկրային հյուսվածքը։ Այս դեպքում ունենում ենք ավելի ծանր լնդաբորբ։

Սուր պրոցեսների ժամանակ մարդիկ հաճախ ունենում են գանգատներ՝ օրինակ, արյունահոսության, այտուց, բերանից գարշահոտություն։ Բուժառուի համար պետք է որոշիչ լինի սա․ լինդը պետք է լինի ոչ այտուցված, բաց վարդագույն, չարյունահոսող։

– Լնդաբորբն ինչի՞ հետանքով է զարգանում։

– Կարող է լինել բակտերիալ և վիրուսային ծագման։ Հիվանդությունն ունի նաև ժառանգական նախատրամադրվածություն։ Բավականին հաճախ ծնողներից փոխանցվում է երեխաներին։

Լնդաբորբի համար ռիսկի գործոն են ծխելը, սթրեսը, շաքարային դիաբետը։ Շատ կարևոր ռիսկի գործոն է վատ հիգիենան։ Բոլորը կարծում են, թե ատամները պատշաճ մաքրել են, շատ լավ խոզանակներ են գնում, բայց այդ ամենը բավարար չէ առողջ լինդ ունենալու համար։ Շատ կարևոր է և՛ մասնագիտական հսկողությունը, և՛ հիգիենայի միջոցների ճիշտ ընտրությունը, կիրառությունը։ Հստակ տեխնիկա կա, որը կարողանում է ազատել մեր ատամներն ատամնափառից, սննդի մնացորդներից։ Հենց այս փառն է, որ հաճախ առաջացնում է լնդաբորբ, և մինչև փառից չազատվենք՝ չենք կարողանա ազատվել լնդաբորբից։

– Այսինքն, ատամի խոզանակը, ատամնաթելը գործի կեսն են կատարում։

– Մենք տարբերում ենք հիմնական հիգիենայի միջոցներ, որոնցից են ատամի խոզանակը, ատամի մածուկը։ Տարբերում ենք նաև օժանդակ միջոցներ, որոնցից են ատամնաթելը, իռիգատորը, միջատամնային փոքրիկ խոզանակները։

Սովորաբար շտապելով ենք մաքրում ատամները, հեռախոսով խոսելով, բայց օրվա մեջ պետք է ժամանակ հատկացնենք դրան։

Եթե լնդերն առողջ չեն, օրինակ, վինիրներ տեղադրվո՞ւմ են, թե՞ ոչ։

– Եթե չունենք առողջ լինդ՝ ոչ մի ստոմատոլոգիական միջամտություն չի արվում։ Ատամի հեռացումն անգամ մի գործողություն է, որը պետք է անենք լինդը հանգստացնելուց, առողջացնելուց հետո, էլ ուր մնաց՝ էստեթիկ ստոմատոլոգիայի դեպքում չարվի։ Եթե չունենանք վարդագույն և առողջ լինդ, ոչ մի արած էսթետիկ աշխատանք արժեք չունի։ Էսթետիկ ստոմատոլոգիայի հիմքում առողջ լինդը, ատամներն են։ Էսթետիկան վերջին կարևոր շտրիխն է։

– Ո՞ր դեպքում են տեղադրվում վինիրներ։

– Վինիրների ցուցումները բազմաթիվ են։ Հաճախ մարդիկ ի ծնե ունենում են մանր, իրարից հեռու տեղադրված առողջ ատամներ, բայց կա էսթետիկ խնդիր։ Վինիրներով բուժմամբ նրանց կյանքի որակը փոխվում է։

Հիմա շատացել են դեպքերը, երբ մարդկանց մոտ ախտաբանական մաշվածություն է առաջանում։ Բոլորիս մոտ տարիների ընթացքում ատամները որոշակիորեն մաշվում են, բայց կա ախտաբանական մաշվածություն հասկացություն, երբ ատամները մաշվում են մի քիչ ավելի շատ, քան բնությունը նախատեսել է, ու սա տեղի է ունենում տարբեր ֆունկցիաների շեղման հետևանքով։

Շատերը գիշերներն ատամները կրճտացնում են, կամ սթրեսից ատամները սեղմած են պահում, կամ կան ատամների ոչ կարիեսային ախտահարումներ, թթվային էրոզիաներ, ատամների կարծր հյուսվածքները վնասվում են, կոտրտվում, մաշվում, և սրանք ոչ միայն էսթետիկ խնդիրներ են առաջացնում, այլև ֆունկցիոնալ, որովհետև երբ մեր ատամների երկարությունը փոխվում է, մեր կծվածքը, ստորին ծնոտի դիրքը փոխվում է, և այս դեպքում վինիրները ցուցված են ոչ միայն էսթետիկայի, այլև կորսված կարծր հյուսվածքների վերականգնման նպատակով։

Վինիրները հեղափոխություն են ստոմատոլոգիայում, որովհետև գիտությունը մեզ տվել է ատամի կարծր հյուսվածքը վերականգնելու, արհեստական էմալ ստեղծելու հնարավորություն։ Այն քիմիական եղանակով կպնում է ատամին։ Վինիրը շատ լավ էսթետիկ լուծումներ է ապահովում, բայց այնքա՜ն հարց է լուծվում։

Վինիր տեղադրելիս ատամի արտաքին շերտը մաքրո՞ւմ են։

– Եթե վինիրով փորձում ենք ատամի կորսված ծավալը վերականգնել, այդ դեպքում արդեն մաշված ատամի վրա ծավալ պետք է ավելացնենք, հետևաբար՝ ատամը գրեթե չի հղկվում։ Այստեղ մի գաղտնիք կա․ ատամը պետք է մինիմալ հղկվի, որպեսզի մնանք ատամի էմալի սահմաններում։ Այսինքն, էմալի միայն արտաքին շերտը պետք է հղկվի, որովհետև վինիրը քիմիական կապով կպնում է մեր ատամին, և եթե հղկելուց այդ ամբողջ էմալը հղկենք և հեռացնենք, այլևս վինիրը որակյալ չենք կարող ատամին կպցնել, որովհետև որակյալ կապն առաջանում է վինիրի և էմալի շերտի միջև։

Կան մարդիկ, ովքեր վինիրներ տեղադրում են, քանի որ ատամի շարքը ճիշտ դասավորված չէ, և որպեսզի գերհղկում չլինի՝ ատամները նախապես հղկում ենք։

Փաստորեն, միայն գեղեցիկ ժպիտ ապահովելու համար չեն վինիրները, ինչպես կարծում են մարդիկ։

– Այո։ Մի այլ կարծրատիպ էլ կա, որ վինիրներն արհեստական տեսք ունեն։ Կարելի է պատրաստել արհեստական և բնական վինիրներ։ Այստեղ բժշկի և տեխնիկի հմտությունն է կարևոր։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց վինիրները երևան, որոշներն էլ ցանկանում են, որ չզգացվի բժշկի միջամտությունը։ Փորձում ենք վերականգնել նույն թափանցիկությունը, փայլը, ինչ բնությունն է ստեղծել։

Վինիրը քանի՞ տարի կարող է ծառայել։

– Հարցին մի քիչ դժվար է պատասխանել, քանի որ շուկայում վինիրները հայտնվել են մոտավորապես 15 տարի առաջ։ Տեսել եմ 15 տարի առաջ տեղադրված վինիրներ, և միջինացված ասում ենք, որ վինիրների կյանքը 10-15 տարի է։ Վինիրը չի փչանում, գուցե ծայրից մի փոքր մաշվի, կոտրտված հատվածներ ունենա, բայց այդ քիմիական կապը, որով վինիրը կպնում է բնական ատամին, դա տարիների ընթացքում թուլանում է և 10-15 տարի հետո հուսալի չէ մեզ համար, և խորհուրդ ենք տալիս թարմացնել։

Եթե վինիրն անում ենք առողջ ատամի վրա, նյարդը հանված չէ, ունի առողջ ատամի շերտ, վինիրը կարող է շատ երկար ծառայել։ Բայց, եթե տեղադրում ենք քայքայված, մի քանի անգամ կոտրված ատամին, այստեղ խնդիր է, թե ինչքան կարող է ապրել վինիրի տակ գտնվող ատամը։

Այսինքն, ատամը երբ փչանում է ՝ վինիրի հետ միասին փոխում են։

– Վինիրն ատամը պաշտպանում է, չի թողնում, որ փչանա։ Տարիներ անց գուցե եզրերին կարիես առաջանա, բայց որակյալ աշխատանք կատարելուց հետո գուցե չառաջանա, իսկ առաջանալու դեպքում բուժվում է՝ առանց վինիրը հանելու։

Մարդը կարո՞ղ է ընտրել, թե ո՞ր հատվածում և քանի՞ վինիր է ուզում։

Իհարկե, կարող է ուզել, բայց մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե քանի վինիրով կարելի է վերականգնել ժպիտը։ Մակետ ենք պատրաստում ու փորձում հասկանալ՝ ենթադրենք՝ 2 կամ 12 վինիր եթե տեղադրենք, բավարարված կլինե՞նք այդ արդյունքով, թե՞ ոչ։

– Տարիքային սահմանափակում կա՞։

– Կարծում եմ՝ ոչ։ Առաջ ավելի շատ երիտասարդներն էին դիմում, հիմա 60 անց կանայք ու տղամարդիկ են դիմում գեղեցիկ ատամնաշարի համար, և մեծ հաճույքով իրագործում ենք։ Միակ բանը որ պետք է՝ առողջ էմալն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31