«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ պետք է հեղափոխություն լինի. Նա փորձելու է Պուտինին «առևտուր» առաջարկել». Գագիկ Համբարյան
«Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող հարձակումներն ու հալածանքները, պայմանավորված են արտաքին քաղաքականությամբ։ Երկիրը, ութ տարի է՝ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց մենք տեսնում ենք միայն հիստերիկ, հախուռն քայլեր, որոնք վնասում են բացառապես մեր երկրին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների, հատկապես՝ ձերբակալությունների, ինչպես նաև՝ երկրի վարած արտաքին քաղաքականության մասին։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները ձգտում են դեպի Արևմուտք, նույնիսկ խորհրդարանի մակարդակով օրենք ընդունվեց ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, այստեղ հարց է առաջանում՝ ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրի իշխանությունն առաջինն ի՞նչ պետք է անի։ Այն պետք է իր արտաքին առևտրի մեծ մասն ուղղորդի դեպի այն երկրները, ուր ձգտում է, և փորձի ապահովել ներդրումներ այդ երկրներից։ Սակայն նման բան տեղի չի ունենում։
«Բայց մենք ի՞նչ ենք տեսնում, եթե 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 15,5 տոկոսն էր բաժին հասնում ՌԴ-ին, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է մինչև 41 տոկոսից ավելիի, իսկ 2025 թվականին արձանագրվել է 36,5 տոկոսի սահմաններում։ Հիմա հարց իշխանություններին՝ եթե մենք ձգտում ենք դեպի Արևմուտք, ինչո՞ւ ենք ավելի մեծ կախվածության մեջ ընկել Ռուսաստանից, և սա՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։
Կրկնում եմ՝ Նիկոլն է ձգտում Հայաստանը տանել դեպի Արևմուտք, բայց մենք, չգիտես ինչու, արտաքին առևտրի առումով երեք անգամ ավելի ենք կախվածությունն ավելացրել ՌԴ-ից։ Մենք այստեղ շատ տարօրինակ գործընթաց ենք տեսնում։ Ավելին՝ ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքականությամբ կամ լկտի ու ցինիկ է, կամ գեղցի ճարպիկ։
Զարմանում եմ՝ որքա՞ն կարող ես ցինիկ լինել, որ ՌԴ-ին ասես, թե ձեռնտու է այս պահին իր հետ տնտեսապես համագործակցելը, բայց երկարատև ապագայում ցանկություն ունես անդամակցելու նրան թշնամի համարվող ԵՄ-ին»,- հավելեց Գագիկ Համբարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն այդպես էլ չի դառնալու ԵՄ անդամ՝ որպես օրինակ բերելով Վրաստանը։ Հարևան Վրաստանն իր հնարավորություններով ավելի անկախ է, քան Հայաստանը, քանի որ ելք ունի դեպի ծով, սակայն ԵՄ-ն իր կամքի մեջ չընդունեց նրան։ Հետևաբար՝ ըստ նրա՝ Հայաստանը, Վրաստանի օրինակից սովորելու և հասկանալու փոխարեն, որ մշտապես ժպտացող բարեկիրթ եվրոպացին «խաբում» է այն երկրներին, որոնց ներքաշում է իր «խաղերի» մեջ, խնդիրներից հետ կանգնելու փոխարեն՝ դրանք էլ ավելի է խորացնում։
Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների ու առաջնորդների կալանավորումներն անմիջական կապ ունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ։
«Եթե նայում ենք ժամանակագրությանը, ապա ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ՝ իբրև թե ՌԴ-ի օգտին է լրտեսել։ Նրան կալանավորեց, որից հետո կալանավորեց նաև Արեգնազ Մանուկյանին։
Այդ ամենից հետո նա հանդիպեց Միշուստինի հետ, սակայն հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու փորձերը ձախողվեցին, քանի որ ՌԴ-ն պատժամիջոցներ կիրառեց նաև հայկական կաթնամթերքի ու ձկնամթերքի ներկրման համար։ Դրանից հետո հարձակում տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Հիմա՝ սեպտեմբերին, Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ էլ կալանավորում է առավել ռուսամետ գործիչների։ Այս ամբողջ տրամաբանության մեջ էլ տեղի ունեցավ հարձակումը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի վրա։
Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղբանտարկյալներին դարձնել առուծախի առարկա հայ-ռուսական հարաբերություններում։ Նա փորձելու է Պուտինին «առևտուր» առաջարկել՝ ասելով, թե կարող է բարեգութ գտնվել և, օրինակ, ռուսամետ քաղաքական գործիչներին տնային կալանք տալ, բայց ՌԴ-ն էլ պետք է փոխի իր քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած համաձայնության գնալը միշտ ի վնաս համաձայնվողի է»,– շեշտեց Գագիկ Համբարյանը։
Շարունակելով միտքը՝ քաղաքագետը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի «կարմիր գծեր», մտնում է բոլորի ընտանիքներ, և այստեղ գործում է բումերանգի օրենքը՝ եթե մտնում ես մեկի ընտանիք, պետք է սպասես, որ այդ մեկն էլ մտնելու է քո ընտանիք։
«Այստեղ ամենացավալին այն է, որ այս խայտառակության մեջ ներքաշվում է նաև իրավապահ համակարգը։ Ինձ համար ուղղակի խայտառակություն էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ Գագիկ Ծառուկյանի դստերը վերաբերող։
Ցավալի է, որ իրավաբանները հնազանդ ծառայում են Նիկոլի նման մարդուն։ Այս ամենը կարող է ավարտվել միայն մեկ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։ Ինչպես նա էր ասում՝ պետք է հեղափոխություն լինի։ Հույս ունեմ՝ բոլոր այն անձինք, ովքեր իրենց հոգու խորքում երազում են, թե Նիկոլն իրենց չի մոտենալու, վերջապես կսթափվեն ու կհասկանան, որ նա բոլորի տներն է մտնելու։
Ես շատ ուրախ կլինեմ, եթե նույն ջանասիրությամբ Նիկոլ Փաշինյանը հետ բերի Երևանի կենտրոնում՝ Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքը, որը ժամանակին ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող և աշխարհի ամենաթանկ տուրիստ Վահագն Խաչատուրյանը, որպես Երևանի քաղաքապետ, վաճառել է Խաչատուր Սուքիասյանին»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

