Իր ճղճղան ձայնով ելույթներով և եկեղեցու դեմ հարձակմամբ Նիկոլը քողարկում է նոր դավաճանությունը․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Փաշինյանը դրսի տերերի ուղղորդմամբ պատվեր է կատարում։ Այս պահին այդ պատվերը Տիգրանաշենի և Տավուշի մարզից ևս երկու գյուղերի հանձնումն է, ինչի ֆոնին նա պետք է տարբեր բեմականացումներով հասարակությանը կերակրի։ Նա շոու է կազմակերպում թե՛ ընդդիմադիր տարբեր առաջնորդների ապօրինի ձերբակալումներով, թե՛ տարբեր սեփականատերերի ունեզրկելով, թե՛ եկեղեցու դեմ հալածանքներով, որպեսզի քողարկի այն գործընթացը, որը կատարում է Ալիևի պատվերով։ Հայկական գյուղերի հանձնումը նա քողարկում է ամբիոնից ճղճղան ձայնով ելույթներով, վիրավորական և պիղծ արտահայտություններով, սրիկայական պահվածքով։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ ոչ թե գործակալ, այլ ուղղակի գործիք են Ալիևի, Էրդողանի և Փաշազադեի համար, նրանք օգտագործվում են։ Նրանց վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում կորցրինք Արցախի Հանրապետության պետականությունը, իսկ Արցախի վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները, ցավոք, այսօր ոչնչացվում են, ինչպես ժամանակին՝ 90-ականներին, ոչնչացվեցին Նախիջևանում եղած սրբավայրերը, խաչքարերը, եկեղեցիները, վանքերը։ Այժմ Նախիջևանում ոչինչ չի պահպանվել, ընդամենը մզկիթի վերածված մեկ եկեղեցի կա։ Նույնն արվում է Արցախի Հանրապետության տարածքում»,- ասաց հոգևորականը։

«Վերջերս քանդվեց Ստեփանակերտի Մայր տաճարը, ավելի վաղ՝ Հադրութի, Ջրականի եկեղեցիները, Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին, տասնյակ գերեզմաններ են ավերվել, և այս ամենի մասին իշխանությունները վախենում են որևէ կերպ բարձրաձայնելուց։ 2018 թ․-ին հեղափոխության եկան «դուխով» գլխարկներով, բայց երբ դրանք հանում ես գլխներից, տակը «դուխով» անձնավորության չես տեսնում։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Վեհափառ Հայրապետին անվանել «Կտրիճ Ներսիսյան»։ Ամեն անգամ իր այդ խոսքը լսելիս մտածում ես՝ երանի մի փոքր կտրիճ լինեիր Ալիևին, Էրդողանին, Փաշազադեին պատասխանելիս, երբ քեզ «հարբեցող ծաղրածու» են անվանում կամ տարբեր վիրավորական արտահայտություններ անում»,- նշեց Տեր հայրը։

Քահանայի կարծիքով՝ իշխանությունն ասում է, թե կապիտուլյանտ լինելը վատ բան չէ, նորմալ է, դրանից պետք չէ վատ զգալ․

«Փաշինյանն անգամ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։ Բայց այս նույն տրամաբանությամբ նա ինքն է մարդկանց վիրավորում, խոսում է քաղաքական հակառակորդներին «կզացնելու» մասին, երբ ինքն Ալիևի և Էրդողանի առջև կռացած վիճակում է։ Լավ կլինի, որ նա իր համարձակությունը ցույց տա արտաքին քաղաքականության մեջ՝ հայրենիքի անվտանգության հարցերով զբաղվելիս։ Կապիտուլյանտ լինելուց բացի՝ նա նաև հակասահմանադրական անձնավորություն է և Սահմանադրության տարբեր կետեր խախտելով՝ փորձում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, որի իրավունքն օրենսդրորեն չունի»:

«Տեսնում ենք, թե ինչպիսի անօրինություններ է կատարում ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ՝ մարդկանց ունեզրկելով։ Դրանք ապագայում ներդրումների համար խոչընդոտ կլինեն։ Նա տնտեսությանը մեծ վնաս է տալիս՝ իշխանազավթումից հետո Ալավերդու պղնձի գործարանի կանգնեցումից սկսած՝ մինչև վերջին շրջանի տարբեր ունեզրկումները»,- ասաց Տեր Վրթանեսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31