«Գևորգ Պապոյանը մարդկանց ականջներն է «յուղում», թող ասի՝ մեր «ախրն» ի՞նչ է լինելու, գազը թանկանալո՞ւ է, թե՞ ոչ, մարդիկ «բանկրոտ» են». Ծաղկեգործ
Զվարթնոցից ծաղկագործ Արտակ Թովմասյանը հինգշաբթի օրը Կառավարության նիստի ժամանակ կրկին լսել է Գևորգ Պապոյանին, ով թվարկում էր, թե քանի վարդ ու ելակ է արտահանվել Հայաստանից, բայց կրկին չի հասկացել՝ թե ո՞ւմ արտադրանքն է առհասարակ Հայաստանից արտահանվում, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր շրջապատում եղած որևէ ծաղկագործ ծաղիկ չի կարողանում արտահանել ԵՄ երկրներ։
«Հիմա, որ հարմար լինի, հրավիրում եմ՝ գաք, նայեք, ու բոլոր հարցերի պատասխանները կգտնեք։ Իսկ այդ Գևորգ Պապոյանը, ում ականջին հաճելի է նման բաներ լսել, պարզապես մարդկանց ականջներն է «յուղում», է, Մացակն էլ էր շատ բան ասում։ Հիմա ո՞վ է ուղարկում, որքա՞ն է ուղարկում… Ես նույնիսկ մարդ չգիտեմ, որ ասի՝ «իմ ծաղիկից թեկուզ հազար հատ արտահանվել է»։
Հավատացեք, իմ շփման շրջանակն այդ բնագավառում շատ մեծ է։ Ով ջերմոցով է զբաղվում այս տարիների ընթացքում, իրար հետ շփվել ենք, կապը պահում ենք։ Դրանք ուղղակի բառեր են։ Գևորգ Պապոյանն այնպես վստահ է խոսում, թե իբր մեծ նորություն են անում, բայց իրենց այդ հոլանդական ֆիրմա-ջերմոցները հասկացանք։ Ինչո՞ւ մի օր չեն նշանակում, որ մենք էլ գանք իր հետ հանդիպման, ասենք, որ մենք էլ ենք ջերմոցատերեր, մեր «ախրն» ի՞նչ է լինելու, գազը թանկանալո՞ւ է, թե՞ ոչ։ Շատ մարդիկ արդեն «բանկրոտ» են, այդ թվում՝ նաև ես»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Թովմասյանը։
Նա փոխանցեց, որ մինչև այժմ չի հաջողվել հանդիպում ունենալ Գևորգ Պապոյանի հետ, ավելին՝ նույնիսկ Ջրային տնտեսության ղեկավարության հետ չի եղել, քանի որ եկամուտ չունեն ջերմոցները, գումարները չեն կարողանում տալ։ Արդեն հարց են բարձրացրել, որ եթե գումարները չվճարեն, ջուրը չեն տա։
«Այո, պարտքեր ունենք։ Ջրի գումարները մայիս ամսից չենք վճարել։ Երեք օրը մեկ ջրում ենք, բողոքելու տեղ չունենք ջրամատակարարումից, բայց ասում են՝ մենք ի՞նչ անենք։ Ասում եմ՝ դիմեք կառավարությանը, ասեք, որ այս ջերմոցատերերը ջրում են, բայց գումար չեն տալիս՝ որոշում կայացրեք՝ ջուր տա՞նք, թե՞ կտրենք, որոշում կայացրեք, մենք էլ իմանանք՝ ինչ անենք։ Եթե այսպես շարունակվեց, հոկտեմբերից արդեն գազի խնդիր ենք ունենալու։
Նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար՝ 4 ամիս պետք է ինտենսիվ գազ վառենք ջերմոցներում՝ առանց խնայելու, որի գումարն արդեն չկա, որ փետրվարից սկսած՝ Վալենտինի օրվանից սկսած ծաղիկը հանի շուկա, քանի որ այդ ժամանակ է պահանջարկը։ Գևորգ Պապոյանը դե թող մի հատ էլ հեռուստատեսությամբ ասի՝ գազը թանկանալո՞ւ է, թե՞ ոչ։
Այս տարի, եթե չտաքացնենք, ամենամեծ խնդիրն այն է, որ ամբողջ ներդրումն իզուր է անցնում։ Ուղիղ մեկ տարի առաջ 12 միլիոն պարտքի տակ եմ մտել, ծաղիկը դրել, ընդամենը 6 ամիս վաճառել ենք, մնացածը՝ թափել։ Եթե մի ձմեռ ջերմոցը չտաքացնեմ, ցուրտը կտանի, արմատը կչորանա»,- հավելեց ծաղկեգործը։
Արտակ Թովմասյանի խոսքով՝ բոլորի մոտ է վատ վիճակ։ Մարդիկ հարմարվել են. նախկինում 6000 դրամով վաճառվող ծաղկեփնջերը հիմա տալիս են 1000-2000 դրամով։ Բայց կան ծաղկատեսակներ՝ աստրոմերիա, լիզիանտուս, քրիզանթեմ, որոնք եթե չտաքացնեն, ուղղակի կփչանան և չեն վերարտադրվի։ Բոլորն էլ գիտակցում են, որ շատ ծանր ձմեռ են ունենալու։
Ինչ վերաբերում է հետագա գործունեությանը, ծաղկեգործն ասաց՝ որդիս նոր է զորակոչվել բանակ, սեպտեմբերին երդման արարողությունն է, երբ այն ավարտվի, մեկնելու է Ռուսաստան, որտեղ նախկինում ապրանք էր ուղարկում։ «Այնտեղ կաճեցնեմ ու տեղում կսպասարկեմ պատվիրատուներիս։ Ես 90-ականներին գումարս Ռուսաստանում էի վաստակել, բերել այստեղ ներդրել։ Հիմա նորից պետք է զրոյից սկսել։
Օդի մեջ խոսում են, թե իբր ելակ են տարել Ռումինիա, Եվրոպա են արտահանում։ Ո՞ւմ ապրանքն է գնում Եվրոպա, ցույց տվեք գոնե մեկին։ Դա գաղտնիք չէ, չէ՞։ Ուղղակի բառեր են ասում, որ ժողովրդին ցույց տան, թե աշխատում են։ Գնացեք ծաղկի շուկա և տեսեք՝ ինչ է կատարվում։ Ծաղիկն արտադրողից կոպեկներով վերցնում են, իսկ խանութներում 5-10 անգամ թանկ վաճառում են գնորդի վրա։
Մի բան էլ ասեմ՝ պետք է հասարակ գյուղացու աշխատանքը ցույց տալ, ոչ թե պետական դրամաշնորհներով, ծանոթ-բարեկամի սարքած ջերմոցները։ Օրինակ՝ լոլիկը մթերում են 30 դրամով։ Մի բեռնատար՝ 6 տոննա ապրանքն արժե 180 հազար դրամ։ Դա հավաքելու և գործարան հասցնելու համար բանվորներին ու վարորդին վճարելուց հետո, տանջված ֆերմերն իր 100-120 օրվա աշխատանքի դիմաց ստանում է ընդամենը 80 հազար դրամ մաքուր շահույթ։
Նույնը դեղձն է։ Մարզպետը ոսկե սարեր է խոստանում, բայց դեղձը հիմա կոպեկներով հանձնում են պահածոների գործարաններին։ Ժողովուրդն ուրախանում է, թե մթերքն էժան է, բայց չեն հասկանում, որ իմ պես ֆերմերները մյուս տարի պարզապես այլևս դա չեն աճեցնի, որովհետև ոչ ոք չի ուզում ընկնել պարտքերի տակ»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

