Ադրբեջանի վախերը. Փաշինյանը պիտի գնա սահմանադրական փոփոխությունների, որ Ադրբեջանը ստանա «երկաթբետոնե» փաստաթուղթ

Հոկտեմբերի 30-ին ԱԺ հանձնաժողովներում ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծի   քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձել է ապացուցել Ադրբեջանի՝ իր ճանաչած տարածքային ամբողջականության 86.600 քկմ-ի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության 28.900 քկմ-ի ճշգրտությունը:

«Ի դեպ, ուզում եմ ասել, որ մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի, այսպես ասած, ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա և թիրախ է դառնում, որովհետև շատերն ասում են, թե՝ դա ի՞նչ թիվ է՝ 29.800 քառակուսի կիլոմետր: Այսինքն՝ կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ էլ է աշխատում: Ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անենք, որպեսզի թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում, և հիմնական գաղափարը եղել է՝ հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այդպես շարունակ:

Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներ. այնտեղ գրված է՝ Հայաստանի Հանրապետություն- 29.800, Ադրբեջանական Հանրապետություն- 86.600: Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977թ. հրատարակություններում, նաև հետագա, ես վստահ էլ չեմ՝ հաջորդ հրատարակությունները երբ են եղել, և այդպես շարունակ»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել է, թե դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման, ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը:

Կարդացեք նաև

«Պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում, այս գործընթացով նույնպես բավականին արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի ձեռքի տակ եղած քարտեզներն իրար չե՞ն հակասում: Իսկ գուցե հայկական կողմն ընդունել է այն քարտեզները, որոնք որոշակի առումով ձեռնտո՞ւ են ադրբեջանական կողմին, որովհետև 2021 թվականի մայիսին, երբ Ադրբեջանի զինվորականները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, այդ ժամանակ ադրբեջանական քարտեզը տարբերվում էր հայկական և ռուսական արխիվներում եղած քարտեզներից: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի խաղի կանոնները:

1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրի դերին դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում, ապա այս մասին մասնագետները բազմիցս խոսել են: Մասնավորապես, 2022 թվականին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր.

«Ասում են՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է Ալմա Աթայի հռչակագիրը, որով անդամ պետությունները ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ եկեք ստորագրենք, գինը թող Արցախը լինի, բայց մենք արդեն երաշխավորված ենք մեր, ինչպես Նիկոլն էր ասում՝ 29.800 քառակուսի կիլոմետրով: Սա են փորձում մատուցել, ուստի եկեք հասկանանք, թե իրականում ինչ էր այդ հռչակագիրը:

Առաջինը, իհարկե, դա կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է: Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ»:

Այնուհետև Շավարշ Քոչարյանը շարունակել էր. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ստորագրել է, բայց չեն վավերացրել: Այսինքն՝ ինքը՝ Ադրբեջանը, Մութալիբովի ստորագրությունը համարել է առոչինչ: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ: Դա մի ֆանտաստիկ արագությամբ իրադարձություն էր: 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիևը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունենում իրենց Գերագույն Խորհրդի նիստը, որը վավերացնում է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենն ԱՊՀ կանոնադրությունը: Եվ այդ նույն օրը ԱՊՀ ղեկավարների խորհուրդն ընդունում է Ադրբեջանի անդամակցության մասին որոշում: Սա շատ էական է հասկանալը: Ո՞ր սահմաններով է Ադրբեջանն անդամակցել ԱՊՀ-ին. այն սահմաններով, որով 1993 թվականին է եղել: Այսինքն՝ այն սահմաններով, որոնք գրեթե կային մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը»:

Կարո՞ղ ենք ասել, որ սա իմանալով է, որ այս տարվա հունիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ասել էր, թե սահման ասվածն իր մեջ 2 կոմպոնենտ է պարունակում, և միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, «երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- շեշտել էր ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը և ոչ թե՝ այս կամ այն սահմանները:

«Եվ Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- հավելել էր Զուլֆուգարովը:

Իսկ մոտ 10 օր առաջ էլ մեկ այլ հարցազրույցում ադրբեջանցի դիվանագետը նշել էր, որ, օրինակ, եթե սահմանագծման գործընթացը տեղի ունենա 1975 թվականի քարտեզի հիման վրա, միևնույն է՝ սահմանները վերջնականորեն հաստատվելու են դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի ավարտին:

Վերադառնալով Ալմա Աթայի հռչակագրին Արցախի մասով և Շավարշ Քոչարյանի պարզաբանմանը, հավելենք, որ ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ հռչակագրից դուրս հայտարարություն է կատարել: Մասնավորապես, նույն Զուլֆուգարովն արդեն երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է հետևյալը.

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):

168.amգրել էր, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության «ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված էին 42.000 քկմ տարածքի վրա», հետո այս տարածքը փոքրացավ և դարձավ 29.800 քկմ:

2019 թվականի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել էր N զորամաս, որտեղ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում նա իր ելույթում մասնավորապես նշել էր.

«Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա:
Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում:

Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»:

Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրենց ցանկությունների տարածքային նոր նշաձող, կարմիր գիծ սահմանեց՝ ասելով.

«ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»:

Այսինքն, Ադրբեջանը լավ հասկանալով Նիկոլ Փաշինյանի թույլ տված խախտումները, որոնք իշխանափոխությունից հետո կարող են առաջ քաշվել, այդ թվում՝ միջազգային հարթակում, փորձում է իրեն ապահովագրել, ինչո՞ւ չէ՝ հասնել ՀՀ սահմանադրության, Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունների, որտեղ տեղ չկա Արցախի համար, որպեսզի, ինչպես մի առիթով Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր ասել՝  ունենան դարերի համար «երկաթբետոնե» փաստաթուղթ՝ ի դեմս խաղաղության պայմանագրի:

«Փաստաթուղթը պետք է լինի «երկաթբետոնե», դարերի համար, որը չի թողնի պոտենցիալ «խոց» Ադրբեջանի «մարմնում»»,- ընդգծել էր Մամեդյարովը՝ ակնարկելով, որ աստիճանաբար պետք է գործընթացի վրա ավելացնել ճնշումը:

Հիմա մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր, հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը», տեղավորվում է ադրբեջանական օրենսդրական փոփոխություններ կատարելու ակնարկ-պահանջի տրամաբանության մեջ:
«Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար»,- ասել էր Փաշինյանը:

Այնուհետև նա մանիպուլյացիոն ձևակերպումներով շարունակել է իր միտքը:

«Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով ու ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել՝ որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ»: Կրկնեմ, ձեր թույլտվությամբ, ևս մեկ անգամ՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ»: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե՝ գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող, պայմանականորեն ասած՝ լարումը, հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հարկադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի, և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է ու պետությունն ու նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան: Սա հասունացման ճանապարհ է, և այդ ճանապարհն ենք անցնում բոլորով՝ կառավարություն, խորհրդարան, փորձագիտական հանրություն և ընդհանրապես՝ հանրություն ու ժողովուրդ»:
Պարբերաբար Փաշինյանի կողմից ակտիվացող այս դիսկուրսը բավականին վտանգավոր է: Մյուս կողմից, այն, ինչ Փաշինյանի թիմը համարեց հայրենիք, կորցրեցինք, այսինքն՝ դրանք հենց իրենք չնույնացրեցին պետության հետ, կամ, մեղմ ասած, անազնիվ գտնվեցին:

Օրինակ, 2019-ից սկսած Փաշինյանի թիմակիցները սկսեցին «Աղդամն իմ հայրենիքն է» ֆլեշմոբը: Իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքում, հայտարարել էր.

«Քանի դեռ պաշտոնական Բաքուն, Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

Այդ տարածքները գրավել ենք, որ ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը

Ի տարբերություն Փաշինյանի, 2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ որո՞նք են Արցախի իրական սահմանները, հայտարարել էր.

«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:

Հետաքրքիր է՝ այստեղ երկու կարևոր միտք կա՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»: Այսինքն, հայրենիքին ու նաև պետությանը հենց Նիկոլ Փաշինյանն է վերացական մոտեցել, իսկ Սերժ Սարգսյանն ընդունել է՝ հայրենիքը պետություն համարել և պետությունը՝ հայրենիք, և հասկացել, որ երկուսն էլ սկսվում է սահմանից, ու պետության անվտանգությունն ապահովվում է սահմանին, և եթե դրա համար պետք է տարածքներ վերցնել, ուրեմն ՝պիտի վերցնել, եթե դիրքային բարելավում է պետք, ուրեմն՝ պիտի գնալ դրան:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի օրոք, ինչպես արդեն վերևում նշեցինք, ունեցել ենք տարածքային կորուստներ ոչ միայն 2020 թվականի պատերազմի արդյունքում, այլև դրանից հետո, և նոր կորուստները դեռ առջևում են: Եվ ոչինչ, որ Ադրբեջանն այս պահին ասում է, թե «Զանգեզուրն» իրենց համար կորցրել է իր գրավչությունը: Մի կողմից՝ սրանով Ադրբեջանը փորձում է թուլացնել հայկական կողմի զգոնությունը, որովհետև «Զանգեզուրի միջանցք» նախագիծը թուրք-ադրբեջանական տանդեմի համար շարունակելու է մնալ առնվազն քաղաքական նախագիծ, մյուս կողմից՝ ինչպես Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարում նշել էր միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը, «Շուշիի հռչակագրում գրված է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ պետք է կապ ունենան Բաքու-Նախիջևան-Կարս երկաթուղով։ Նախիջևանն ու Ադրբեջանն են դառնալու խաչմերուկ, ոչ թե Հայաստանը։ Հայաստանը պատրաստ է ներկայանալ Թուրքիայի ազդեցության գոտու մաս»:

Անհրաժեշտության դեպքում պետք է 2 միջանցք լինի

Այս համատեքստում հոդվածն ավարտենք մի քանի հիշեցումներով:

Առաջին, 2020 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին՝ նշել էր.

«Հայաստանը, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետխմբ) բռնազավթված է, և Մինսկի եռյակը, արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու»: Սա գուցե լեզվի սայթաքում էր, գուցե տողատակ ուներ:

Երկրորդ, 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ժողովրդին իր ուղերձում ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին անդրադառնալով՝ նշել էր.

«Ինչ է սա նշանակում: Այն, որ պետք է լինի երկու միջանցք: Այո, անհրաժեշտության դեպքում պետք է 2 միջանցք լինի: Դա մեր պատմական ձեռքբերումն է: Մենք Նախիջևանը դուրս կբերենք շրջափակումից, միաժամանակ կբացենք տրանսպորտային նոր արտերիա՝ մագիստրալ, որից բոլոր երկրները կշահեն»:

Հավելենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Տեսանյութեր

Լրահոս