29.800 քառակուսի կմ Հայաստանի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր  Դավիթ Դանիելյանը նշել է՝ վերջին օրերի ռազմական գործողությունները սկսվելուն պես եղել է Սյունիքում՝ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն ուղղությամբ՝ շեշտելով, որ զինվորները, բնակիչները, երկրապահները կատաղի մարտեր են տալիս ՀՀ սուվերենությունը պաշտպանելու համար: Միաժամանակ, իշխանական պատգամավորը հայտնել է, որ, ցավոք, ունենք մարդկային և դիրքային կորուստներ:

Այնուհետ նա դիմել է  Նիկոլ Փաշինյանին, որ նա որպես վարչապետ՝  հայտարարի՝ ինչ ծավալի էլ լինեն ռազմական գործողությունները և ինչ ուղղությամբ էլ գնան, կպնդենք ՀՀ սուվերենությունը, և որ որևիցե պարագայում որևիցե զիջման չենք գնա Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն այս հարցադրմանն արձագանքեց հռետորական հարցով՝ «էս ի՞նչ ենք քննարկում ընդհանրապես»:

«Էդ որտեղ են էդ մտքերը ծագում, ես ուզում եմ իմանալ: Էդ մտքերը կարող են ծագել կամ թշնամու գլխում, կամ՝ թշնամական քարոզչության ազդեցության տակ գտնվող մարդկանց: Ես շարունակաբար կրկնում եմ՝ ՀՀ սուվերեն  տարածքը կարմիր գիծ է մեզ համար: Այսինքն, ինչ ենք քննարկում ընդհանրապես, մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հա՞րցը: ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող:  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, անհրաժեշտության դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը,- նշել է նաև և հավելել,- ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս