Արտաքին քաղաքական վեկտորը ցանկություններով, պատրանքներով չեն փոխում. Սուրեն Սուրենյանց
Հակառակ Հայաստանի և Ռուսաստանի առաջին խոսափողների մակարդակով հնչեցվող վստահեցումներին, թե երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, հանրությունն ականատեսն է այլ իրականության. ռուսական հեռուստաալիքները հանկարծ հայտնաբերում են, որ Նիկոլ Փաշինյանը «հակահերոս է», իսկ Նիկոլ Փաշինյանը բոլոր առիթներով՝ հարցազրույց, ելույթ ու նիստ, խոսում է ռուսական ձախողումների մասին: Վերջինը The Wall Street Journal-ին տված հարցազրույցն էր:
Ու մինչ իշխանության տարբեր գործիչներ, մերձիշխանական տարբեր սազանդարներ նշում են, թե օրակարգում չկա ՀՀ արտաքին վեկտորի փոփոխության հեռանկարը, տարբեր վերլուծաբաններ վստահեցնում են՝ վեկտորի փոփոխության գործընթացն արդեն մեկնարկել է:
«Նիկոլ Փաշինյանն արտաքին վեկտորի փոփոխության ուղղությամբ քայլեր սկսել է անել 2022 թվականի ապրիլից,- 168.am–ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մանրամասնելով,- Ուկրաինական պատերազմում ռուսական անհաջողություններից հետո, երբ ռուսական բանակը նահանջեց Խարկովի և Կիևի մատույցներից, նա եզրակացրեց, որ այդ պատերազմում ՌԴ-ն ֆիասկո է ապրում, որոշեց արտաքին քաղաքական կուրսի վերանայում անել:
Դրանից հետո ծնվեց իր հայտնի ելույթը՝ Ղարաբաղի նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, որը, իր վերջո, հանգեցրեց Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընդունմանը, և որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչն էլ բերեց Արցախի ողբերգական կորստին»:
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը նաև նշում է, որ ՌԴ ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց չի քննարկվում, Սուրեն Սուրենյանցն արձագանքեց, որ նմանատիպ տասնյակ հակասական հայտարարություններ են արվել:
«Երկու շաբաթ առաջ Պետրոս Ղազարյանի մոտ ասում էր՝ վեկտոր չենք փոխում, դրանից մի քանի օր հետո գնաց Ստրասբուրգ, և ամբողջ ելույթը վեկտորի փոփոխության հիմնավորման մասին էր,- հիշեցրեց քաղաքագետը և հավելեց,- Այստեղ խնդիրն այն չէ՝ Փաշինյանը ռուսներից օբյեկտի՞վ է դժգոհ, թե՞ ոչ, որովհետև շատերս ենք ռուսական քաղաքականությունից շատ դժգոհ և բազմաթիվ հարցեր ունենք Մոսկվային: Ամբողջ խնդիրն այն է, որ արտաքին քաղաքական վեկտորը ցանկություններով, պատրանքներով չեն փոխում. դրա համար պետք են ռեալ իրողություններ՝ օրինակ, պետք է անվտանգային այլընտրանքային առաջարկ ստանաս Արևմուտքից, ինչը չենք ստացել: Ռազմատեխնիկական մեկ-երկու պատմությունն այլընտրանքային առաջարկություն չէ, այլ հատվածային համագործակցություն։
Երկրորդը՝ պետք է վստահ լինես, որ եթե արտաքին քաղաքական վեկտոր ես փոխում, քո ազգային օրակարգը պատրաստ են սպասարկել Արևմուտքի ինչ-որ մայրաքաղաքներ։ Այդ հավաստիացումն էլ մենք չենք տեսել, և ընդհակառակը՝ բրյուսելյան հարթակում արձանագրվել է հայկական դիվանագիտության ամենախայտառակ ձախողումը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն այդպես էլ չճանաչելու փաստով։
Երրորդը, դու պետք է վստահ լինես, որ վեկտոր փոխելու պարագայում ունենալու ես արտաքին աջակցություն, որը թույլ կտա դիմակայել ռուսական ուժեղ ճնշմանը. այս հավաստիացումն էլ մենք չունենք»:
Ըստ նրա՝ անհասկանալի է հայկական կողմի նվիրվածությունը բրյուսելյան հարթակին, երբ Բրյուսելն անգամ չի ցանկանում Ալիևին հանդիպման տանել, և կամ գուցե ռեսուրսները չեն բավարարում, քանի որ Արևմուտքը թաթախված է երկու պատերազմի մեջ:
«Սա անհեռանկար մի քաղաքականություն է, որը հաշվի չի նստում ռեալ իրողությունների հետ: Ես կողմ եմ ՀՀ անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիային, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, բայց դա չպետք է արվի հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ դնելու գնով, որովհետև այդ պարագայում մենք կարող ենք կրկնել նույն այն տխուր սցենարը, ինչ տեղի ունեցավ 1920 թվականին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հետ, երբ մենք դարձյալ տրված էինք Արևմտյան պատրանքներին, ինչի հետևանքով տարածքային մեծ կորուստներով կորցրեցինք Առաջին Հանրապետությունը»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը: